«Ինկասատորների գործով» միայն կանայք են
Նախորդ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, լսվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը: Նա կալանավորվել է այս տարվա մայիսին: Աղմկահարույց այս գործով կալանավորվել էր նաեւ նույն հիմնարկի գանձապահ-հաշվապահ Աղուն Խաչատրյանը, ստորագրություն էր տվել քաղաքից չբացակայելու համար նաեւ գլխավոր հաշվապահ, մեղադրյալ Անահիտ Գրիգորյանը:
Նշենք, որ քաղցկեղով տառապող 54-ամյա Սաթենիկ Սարգսյանի պաշտպանությունն ի սկզբանե ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Բալաբանյանը:
Երեկ նա «Առավոտին» տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի համար երրորդ անգամ հանդես է եկել միջնորդությամբ, որպեսզի ընտրվի նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը, սակայն դատարանը մերժել է այն:
Ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել Ռ. Բալաբանյանը դատարանին հարցին փաստաբանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալը Հատուկ քննչական ծառայության կանչով, որի վարույթում է գտնվել այս գործը, ներկայացել է եւ տվել ցուցմունք: Նա չի խուսափել նախաքննության մարմնից, ներկայացրել է փաստերը, տվել է իրական ցուցմունք: Մինչդեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը առաջարկվող 500 000 դրամ գրավը չընտրեց նրա նկատմամբ, պատճառաբանելով, թե իմ պաշտպանյալը կթաքնվի քննությունից եւ կխոչընդոտի քննությանը: Այդ ամենը չի համապատասխանում Սաթենիկ Սարգսյանի թե առողջական, թե հոգեկան ներկա վիճակին»:
Դատարանում Ռ. Բալաբանյանը նշել էր, որ Սաթենիկը Անահիտ Գրիգորյանի պահանջով եւ հանձնարարականով 44 կտրոններով կանխիկացրել է 257 մլն 613 000 դրամ գումար: Աղուն Խաչատրյանը 133 անգամ կանխիկացրել է 328 մլն 380 000 դրամ: Նախաքննության մարմինն ասում է, որ այս երեք կանայք կանխիկացրել են 1 մլրդ դրամ գումար: Սակայն դատարանում խոսվել է 920 մլն դրամի մասին: Պաշտպան Ռ. Բալաբանյանը բողոքում է, որ իր պաշտպանյալ Սաթենիկ Սարգսյանը, որն ավելի քիչ անգամ է կանխիկացրել գումարը, եւ այն իր վերադասի ցուցումով փոխանցել «Արուսյակ» կոոպերատիվի հաշվին, կալանավորված է:
Դատարանում մեկ անգամ եւս շեշտվել է, որ Անահիտ Գրիգորյանը գործել է ազատ, քանի որ նրա ամուսինը գլխավոր դատախազության աշխատակից Արմեն Գրիգորյանն է:
«Մեզ այսօր հուզում է այն փաստը, որ միեւնույն կարգավիճակում գտնվող եւ ավելի հաճախակի դրամ կանխիկացնող անձնավորությունների նկատմամբ ցուցաբերվել է մեծահոգություն, իսկ Սաթենիկի նկատմամբ՝ ոչ: Սաթենիկը քաղցկեղի համար վիրահատվել է, ընդունել է ճառագայթային բուժում, ունի ընտանիք, մշտական բնակության վայր»,- ասում է Ռ. Բալաբանյանը: Նա հղում է անում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, որի համաձայն, կալանքի ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս, դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալի՝ գրավով ազատելու այլընտրանքային հնարավորությունները: Ղեկավարվելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով, Եվրոպական դատարանն ընդունել է, որ գրավի կիրառումը չի կարող կախվածության մեջ դրվել կատարված հանցագործության ծանրության աստիճանից: Եվրոպական դատարանի այդ դիրքորոշման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 2008թ. հոկտեմբերի 31-ին կայացրել է նախադեպային որոշում:
Այս գործով ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ «Հայինկասացիայի» ղեկավարության նկատմամբ որեւէ իրավական մոտեցում չի ցուցաբերվել, այն դեպքում, երբ ղեկավարների հիմնական պարտականությունն էր կանխել ինկասացվող գումարների փոշիացումը:
Ռ. Բալաբանյանն ասաց, որ բողոքարկելու է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, պահանջելով, որ Սաթենիկ Սարգսյանի նկատմամբ կիրառվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, եւ Եվրոպական կոնվեցիայով նախատեսված հումանիտար այլընտրանքային խափանման միջոցը: