Ըստ գյուղապետի, այս տարի գյուղում չի լինի ոչ մի տեսակի միրգ
Գյուղի միակ վարսավիրանոցն է, կանանցն էլ՝ այլեւս չի գործում: «Ամբողջ օրը նստած ճանճ եմ քշում, 3 ամիսը մեկ գան, թե չգան՝ մազ կտրելու»,- ասաց վարսավիրը:
Մրգաշատում արտագաղթը մեծ է, գյուղում տունը վաճառելու հայտարարություններ
շատերն են փակցրել:
Գյուղի ամենաշքեղ շենքը՝ նախկին հանրախանութը աղանդավորներին է պատկանում:
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքը շուրջ 6350 բնակիչ ունի: Գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, քիչ չափով՝ նաեւ անասնապահությամբ: Տարին մրգաշատցիների համար նպաստավոր չի եղել: 44-ամյա Արամ Աբրահամյանը գյուղի ամենաշատ հող ունեցողներից է, 4 հա հող է մշակում, ասում է՝ 4 մլն դրամ է ծախսել, բայց հույս չունի, որ գոնե հողի վրա ծախսածի կեսը կստանա. «Ահավոր վատ տարի է: 1 հա ձմերուկ ու սեխ էի դրել, բայց մայիս ամսվա անձրեւների պատճառով լրիվ հեչ եղավ: Հետո էլ մկները նենց օյին դրեցին դաշտերում, ու պետությունը սկի տեղյակ չեղավ»: Նա պատմեց, որ 24 տոկոս տոկոսադրույքով վարկ է վերցրել ու հիմա չգիտի՝ ո՞նց է փակելու, նախորդ վարկը վերցրել է 1 դոլարը 300 դրամ հաշվարկով, վճարել է 390-ով. «Մտածում եմ, որտեղի՞ց պիտի տոկոսով փող գտնեմ, որ այս տարվա պարտքերը փակեմ»: Պարզվեց՝ Մրգաշատում վարկը մարել չկարողանալու պատճառով մարդիկ նույնիսկ մահացել են: «Մեր դպրոցի մանկավարժներից մի հողագործ մարդ կար՝ Մեսրոպյան Կամոն, եկել էին տան դիմաց կանգնել, որ տան եղածը տանեին, ինֆարկտ ստացավ»,- ասաց Ա. Աբրահամյանը: Ինչ վերաբերում է ապրանքի իրացմանը, նա նշեց. «Շան մսի գնով ապրանք են ընդունում: Մեր դեպուտատ Պետրոսյան Ալիկի գործարանը 30 դրամով է պոմիդոր ընդունում, երբ շուկայում 80-100 դրամ է: Խաղողն էլ շուտով արհեստական մի պրոբլեմ կսարքեն, թե չենք կարա ընդունենք, գյուղացին էլ ստիպված՝ չփչանալու համար կտանի էժան գներով կհանձնի: Մենակ հողի, ջրի հարկերը կբարձրացնեն: Դե, խեղճ գյուղացի, արի 10 հազարով պարարտանյութը առ, մկների դեմ պայքարի, վերջում էլ դատարկ նստի: Մեր գյուղացիներից մեկը, որ հիմա Բելգիայում է, զարմանում է, որ ասում եմ՝ Հայաստանի վիճակը ահավոր վատ է, ասում է՝ ամսագրերով, հեռուստացույցով տեսնում է, որ Հայաստանի ամենաթանկանոց մեքենաներից Բելգիայում մեկ-երկու հատ կտեսնի, բայց Հայաստանում լիքն է: Ամբողջ աշխարհին մենակ Երեւան են ցույց տալիս, թող բերեն գյուղերը ցույց տան: Մեր թանկարժեք պրեզիդենտը մտածում է՝ Երեւանը զարգացնելով, ամբողջ Հայաստանն է զարգացրել: Բայց Հայաստանը ագրարային երկիր է, գյուղացուն պետք է ուշադրություն դարձնի»:
Մրգաշատցիների ասելով, այս տարի խաղողի բերքն առատ է եւ որակով չէ: Շատերը դժգոհում էին, որ իրենց վիճակն այնքան վատ է, որ առանց հացի են ճաշ ուտում: Գյուղում շատերը խմելու ջուրը գնում են շրջիկ մեքենաներից (մեկ դույլ ջուրը Մրգաշատում արժե 100 դրամ), քանի որ արտեզյան ջուրը նստվածք է տալիս:
Գյուղի կենտրոնում գտնվող նախկին հանրախանութի շենքն այսօր առաջին հայացքից հյուրանոցի կամ օբյեկտի տեսք ունի: Սակայն, ինչպես պարզվեց, աղանդավորների հավաքատեղի էր, ցուցանակ կար՝ «Հիսուս Քրիստոսի Բեթել եկեղեցի» որը, ինչպես ասացին գյուղացիները, մրգաշատցի «Սեթոն» (նրանց հոգեւոր հովիվն է) 25 հազար դոլարով է ձեռք բերել: Այժմ շաբաթական 2 անգամ՝ հատուկ մեծահասակների եւ երեխաների համար, քարոզներ են անցկացվում, մնացած օրերին պարապում են, ունեն երգչախումբ, բեմադրություններ են անում: Մրգաշատցիների պատմելով՝ նույնիսկ նոր ծնված երեխաներն աղոթք են անում: Գյուղացիները հավաստիացրին, որ այդտեղ հաճախում է գյուղի շուրջ 80%-ը, մրգաշատցիների մի մասն էլ «Եհովա» է ու այլ հավատքների ներկայացուցիչներ, որոնք իրենց հավաքները տներում են անցկացնում: Գյուղում կա նաեւ Սբ. Աստվածածին եկեղեցին, որն այժմ վերանորոգվում է: Այցելեցինք գյուղապետարան՝ զրուցելու գյուղապետի հետ:
Գյուղապետը տեղում չէր եւ մինչ կգար՝ շփվեցի գյուղապետարանի 3 աշխատակիցների հետ, զրույցն ակամայից վեճի վերածվեց: Նրանցից մեկը՝ Ադմինա Գեւորգյանը եւս «Բեթել եկեղեցու» հետեւորդ էր, երկուսը՝ գյուղական ակումբի գեղարվեստական մասի ղեկավար Անահիտ Ասատրյանը եւ գյուղապետարանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի ղեկավար Անահիտ Հարությունյանը՝ առաքելական: Ա. Գեւորգյանը սկսեց քարոզել. «Սեթն ասում է՝ քարոզում է, որ առաքելական եկեղեցին ճշմարիտ քարոզ անի: Որ Աստվածաշունչ կարդան ու իմանան, թե ինչու մատաղ, խնկարկում չանեն»: Երկու աշխատակիցները պնդում էին՝ «Մեր առաքելական եկեղեցու մարդիկ բոլորը գրագետ մարդիկ են, նրանք չե՞ն կարդացել, որ մատաղ են ընդունում»:
Ավելի ուշ Անահիտ Ասատրյանը տեղեկացրեց, որ գյուղում ունեն պարի, նկարչական խումբ, նաեւ տիկնիկային թատրոն, գրադարան: Գյուղապետարանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի ղեկավարն էլ ասաց, որ գյուղում երկու միջնակարգ, նաեւ երաժշտական դպրոց կա, մշակույթի տուն, մանկապարտեզ՝ 130 երեխայով. «Ամեն դպրոցում մոտ 5 տարի առաջ առնվազն 2 առաջին դասարան էր լինում, այս տարի ամեն դպրոցում մեկ առաջին է բացվել՝ 32-36 աշակերտով»: ՀՀԿ անդամ գյուղապետ Գեւորգ Դանիելյանը արդեն 9 տարի ղեկավարում է համայնքը: Նրա խոսքով՝ «Ցրտահարությունը խաղողի, պտղի վրա ազդել է, ծիրան, դեղձ, ոչ մի տեսակի միրգ, պոմիդոր չկա, հացահատիկը եւս լավ չի»: Չնայած գյուղացիների դժգոհություններին, գյուղապետն ասաց, թե խմելու ջուրն ընտիր է. «Կարող եմ բերել խմեք»: Բայց թե ինչու աշխատակցին խանութ ուղարկեց շշալցված ջրի, ասաց՝ «Սառնարան չունենք, դրա համար խանութից պատվիրեցի»: Ինչ վերաբերում է ապրանքի իրացմանը, հուսով էր. «Կարգին մարզպետ ունենք, որ զբաղվում է գյուղի գործերով, ՄԱՊ-ը, պահածոների գործարանը ունենք, գեներալ Մանվել Գրիգորյանի գործարանը կա, իրացման խնդիր չի լինի»:
Գյուղապետն ասաց նաեւ, որ հաջորդ տարի հնարավորություն կլինի ավարտել Սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգումը, քահանա կունենան եւ հույս հայտնեց, որ աղանդավորներից շատերը կգան առաքելական եկեղեցի: