Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԻՑՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐԸ»՝ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «ԿԱԼԱՉ»

Սեպտեմբեր 04,2010 00:00

Երեկ «Առավոտի» հետ զրույցում գործարար Ալբերտ Երիցյանը հաստատեց տարածված այն տեղեկությունները, որ իրեն պատկանող հացի գործարանը վաճառել է. «Այո, դա ճիշտ է, ես որոշակի դժվարություններ ունեի վարկի մարման հետ կապված, դրա համար էլ նման խնդիր առաջացավ: Բանկը որոշեց այն վաճառել իմ վարկի մարման դիմաց: Ես 2 բանկում էլ վարկ ունեմ «Բիբլոս» եւ «Պրոմեթեյ», դրանք նորմալ կփակեմ: Մնացել է 3 միլիոնի կարգի գումար, գրաֆիկով մարելով գնում եմ: Ինչ կա դրա մեջ, ես գործարար եմ եւ այդ վարկերը վերցրել եմ նաեւ աշխատատեղեր բացելու նպատակով»: Նշենք, որ այդ տարածված տեղեկությունների համաձայն, Ա. Երիցյանին պատկանող հացի գործարանը վաճառվել է Սիլվա Համբարձումյանին՝ մոտ $12 հազարով: Բացի այդ, նոր սեփականատերը այդ գործարանի անունը փոխել է՝ այսուհետեւ «Երիցյան եւ որդիներ» ապրանքանիշով հացերը լինելու են «Կալաչ» անունով:
Մեր այն հարցին, թե չի՞ պատրաստվում վաճառել նաեւ իր խանութները՝ «Երիցյան եւ որդիներ» սուպերմարկետները, պարոն Երիցյանը պատասխանեց. «Դա միակ բանն է, որ չեմ վաճառելու: Դա իմ սեփականությունն է: Ես զրոյից եմ սկսել, սովոր եմ դժվարությունների: Մեքենա- բան ունեմ, դրանք կվաճառեմ, եթե անհրաժեշտություն առաջանա, բայց խանութը չեմ վաճառի»: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչի՞ց սկսվեցին գործարարի դժվարությունները եւ ինչպե՞ս եղավ, որ նա թաղվեց պարտքերի մեջ, որին Ա. Երիցյանը պատասխանեց. «Ես էլ չգիտեմ: Չեմ հասկանում, թե ինչու ինձ հետ նման կերպ վարվեցին: Ինձ համար սա մեծ դպրոց էր, էս տարիքիս: Սակայն այն, որ ես փողոցով քայլում եմ ու իմ համայնքի բնակիչներն ինձ հարգանքով ու ջերմ բարեւում են, դա ինձ համար աշխարհ արժե»:
Հիշեցնենք, որ, չճշտված տեղեկությունների համաձայն, Ալբերտ Երիցյանի բոլոր անհաջողությունները սկսվել են 2009 թվականի մայիսից, երբ ՊԵԿ-ում նրա որդին մեղադրվեց ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ կատարած մահափորձի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել