Օրերս «Առավոտին» էին դիմել Արմենակյան 34 հասցեի բնակիչները, որոնք ահազանգում են իրենց մոտ իրականացվող անօրինական շինարարության մասին: Նրանց տեղեկություններով, այս շինարարությունը նախաձեռնել է «Ավետիս ստուդիա» ընկերության տնօրեն Լեւոն Բարդակչյանը, որը շինարարական աշխատանքներն իրականացնում է գիշերվա ժամերին, որպեսզի ոչ ոք չնկատի: Բնակիչները տեղյակ չեն, թե ինչ է այդ տեղում կառուցվելու, սակայն անհանգստացած են, որ ամեն օր արթնանում եւ տեսնում են, որ շինությունը գնալով բարձրանում է. «Մեր անդորրն էլ է խախտվում գիշերվա աղմուկից»: Արմենակյան 34 շենքի բնակիչները բազմիցս են դիմել Երեւանի քաղաքապետարան իրենց բողոքներով, սակայն ոչինչ չի փոխվել. «Պարոն «ամենազորը», արհամարհելով ՀՀ օրենքները, շարունակում է իր ապօրինի գործունեությունը»:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք տեղյակ են եղել այդ շինարարությունից եւ իրենց տեսուչներն այցելելով տվյալ հասցե, շինարարությունը կասեցրել են. «Շինարարությունն իսկապես անօրինական էր եւ չկար դրա համար թույլտվություն, դրա համար էլ նա 200 հազար դրամ տուգանք պետք է վճարի: Բացի այդ, պարոն Բարդակչյանը պարզաբանումներ է տվել քաղաքապետին, որի ժամանակ ընդունել է իր մեղքը»: