Արձագանքելով «Առավոտի» երեկվա համարում հրապարակված «Բենզալցակայանն անվտա՞նգ վայրում է» հոդվածին, որտեղ անդրադարձել էինք Կիլիկիայի 1-ին փողոցում, բնակելի թաղամասին մոտ գործող «Max oil» բենզալցակայանին, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի պետ Նորիկ Մնոյանը պարզաբանեց, որ տարածք այցելելուց եւ նշյալ ընկերության փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո պարզել են, որ «Կիլիկիայի 1-ին փողոցում գործող բենզալցակայանը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին՝ 1956 թվականին: Այն ժամանակ բենզալցակայանին հատկացվել է 1, 5 հեկտար տարածք, որը հետագայում սեփականաշնորհվել է, վերջերս էլ՝ վերանորոգվել: Բենզալցակայանը համապատասխանում է քաղաքաշինության նորմատիվներին եւ որեւէ խախտում չկա»: Ըստ Ն. Մնոյանի, խնդիրն այն է, որ բենզալցակայանը կառուցվել է շատ ավելի շուտ, քան հարակից տներն ու դպրոցը. «Այդ տարածքում կառուցված տներն են եղել ապօրինի, որոնք հետագայում օրինականացվել են: Այնպես որ, խնդիրն այդ տներն են, ոչ թե բենզալցակայանը»: Նշենք, որ ընկերությունը փաստաթղթերը տրամադրել է նաեւ մեր օրաթերթին: