Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՐԻ՞Ք Է ԴԱՐՁԵԼ

Սեպտեմբեր 04,2010 00:00

\"\"Շուկաներում ոսկու ու ադամանդի անվան տակ բիժուտերիա են վաճառում

Արդեն մեկ տարի է՝ հանրապետության ոսկու շուկաները վերահսկողի երես չեն տեսել: Դրա պատճառը վարչապետ Տիգրան Սարգսյանի այն որոշումն է, որով արգելվում է 70 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցողների մոտ համապատասխան մարմինների կողմից ստուգումներ իրականացնել: Հիմա ֆինանսների նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչությունն այլեւս չի կարողանում ոսկու շուկաներ մտնել, ինչի հետեւանքով այստեղ ոսկեգործների մեքենայությունները շատացել են: Ուստի փոքր բիզնեսի զարգացմանը խթանելու գործադիրի նախաձեռնությունը բոլորովին հակառակ ազդեցությունն է ունեցել այս շուկաների վրա. ոսկեգործները վերահսկողի աչքից հեռու՝ իրենց խարդախություններն արդեն հեշտությամբ են կարողանում անել: Ստուգումների բացակայության հետեւանքով, ոսկու առքուվաճառքով զբաղվող բիզնեսմենները միամիտ ու սուր աչք չունեցող քաղաքացիներին արդեն քանի անգամ է խաբում են՝ ոսկու ու թանկարժեք քարերի անվան տակ հասարակ մետաղ ու անարժեք քարեր վաճառելով: Այսպիսի ապրանք գնողներից է «Առավոտին» դիմած Հասմիկ Մկրտչյանը: Նրա խոսքերով. «Ոսկու շուկաներում շունը տիրոջը չի ճանաչում: Ոսկու տեղը էլ պղինձ, էլ երկաթ, էլ ինչ ասես, որ չեն հրամցնում հաճախորդին: 2 օր առաջ ոսկու շուկայից 30 հազար դրամ արժողության ոսկե ականջօղեր եմ գնել, նայում եմ, ախր զգում եմ, որ ինչ-որ ոսկու նման չէ, վաճառողն էլ հանգստացնում է, թե քուր ջան, էսքան տարի էստեղ ոսկու գործ ենք անում, հո չենք խաբելու, ընտիր ոսկի է, տար: Մի քիչ կասկածանքով գնեցի, բայց չդիմացա՝ տարա ստուգելու, էս խեղճ ստուգողը զարմացավ՝ էս ինչ ոսկի, ստից բիժուտերիա է, տար ու ասա՝ Գոհար տոտան ասում ա վերցրու, տեղը ոսկի տուր»: Կինը «ոսկին» տարել է վաճառողին վերադարձնելու, վերջինս հրաժարվել է հետ վերցնել. «Հենց սկսեցի ձայնս բարձրացնել, փողերը հանեց՝ իմ գումարը վերադարձնելու, վերջում էլ հավելեց, թե Գոհար տոտան հացը ցամաք է ուտելու»: Պարզվում է, Հ. Մկրտչյանն առաջին անգամը չէ, որ ոսկու շուկայում հանդիպում է նման խաբեությունների. «Ավելի շատ են սկսել առանց «պրոբի» ոսկի վաճառել, որը վերցնում ես՝ «պրոբ» չունի, մի քիչ էլ էժանացնում են՝ հաճախորդին գրավում ու իրենց զիբիլները ոսկու տեղ սաղացնում: Մի անգամ էլ է իմ գնած ոսկին կեղծ եղել, գնելիս գլխի չէի ընկել, ամիսներ օգտագործելուց հետո գույնը խամրեց, սեւին տվեց, տարա ստուգել տվեցի, ասացին՝ շա՜տ չնչին է ոսկու պարունակությունը»:
Արմեն Սիմոնյանին էլ են ոսկի վաճառողները փորձել խաբել: Նրա ներկայացմամբ, մի քանի օր առաջ նա այցելել է ոսկու շուկա. «Առանց «պրոբի» ոսկի էր, բավականին ծանրակշիռ, վաճառողն էլ հավաստիացնում էր, որ տեղական բարձրորակ ոսկի է, հավատացինք, գնեցինք, բայց, բարեբախտաբար, դուրս գալուց առաջ որոշեցինք մեր հանգստության համար ստուգել: Ի՞նչ ոսկի, հասարակ մետաղ էր, ոսկուն շատ նման, իսկապես բախտներս բերեց, որ ստուգեցինք, հարցն էլ այն էր, բավականին էլ թանկ էր վաճառել, դեռ այլ տեղերում նույն զարդից ավելի էժան հանդիպեցինք, հենց մեզ տեսավ, մի խառնվել խառնվեց, գույն տվեց, գույն առավ, բայց երկար չսպասեցրեց, փողը հաշվեց ու վերադարձրեց՝ խորհուրդ տալով՝ ոսկուս անուն մի դրեք, չեք ուզում՝ միանգամից էդպես էլ ասեք»:
Իսկ Վոլոդյա Թամրազյանը Մոսկվայից երազանքներով հայրենիք է եկել եւ որոշել իր հարսնացուի հետ վերջապես ամուսնանալ: Միասին գնում են շուկայից իրենց ճաշակով ադամանդե մատանի գնում, ավելի ուշ տանը պարզում, որ մատանու շողշողուն քարն ամենեւին էլ ադամանդ չէր:
Ինչպես տեղեկացանք ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մետաղափորձական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել միայն 70 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների շրջանում, որի արդյունքում արձանագրվել է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք, որոնց վրա առկա չեն եղել լիցենզավորված հարգորոշող եւ հարգադրոշմող կազմակերպության տարբերանիշը եւ հարգադրոշմը: Խախտումները բավականին շատ են եղել, եւ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվել է 45 հազար դրամի չափով տուգանք: Այնինչ, անցյալ տարի դրանք անհամեմատ քիչ էին: Նախորդ տարվա առաջին 7 ամիսներին տեսչությունը ստուգումներ էր իրականացրել 65 տնտեսվարող սուբյեկտներում, որոնցից 39-ում հայտնաբերել էր առանց հարգադրոշմի վաճառվող ոսկե իրեր: Կիրառել է տուգանքներ, որի արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 3 միլիոն 783 հազար 200 դրամի չափով գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել