Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը գործընթաց է սկսում

Սեպտեմբեր 04,2010 00:00

\"\"ՀԱԿ-ը մտադիր է հետեւողական քայլերով վերանվաճել Ազատության հրապարակը, իսկ մինչ այդ՝ քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով իշխանություններին ժամանակ է տվել հրապարակն ընդդիմությանը վերադարձնել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների պահանջների շրջանակում:

Նախօրեին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում քննարկվել էին Երեւանի քաղաքապետարանի կողմից սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքն Ազատության հրապարակում արգելելու որոշումն ու դրանից բխող Կոնգրեսի քայլերը: Բայց քննարկման արդյունքում կայացված որոշումը հրապարակվեց միայն երեկ՝ հայտարարության տեսքով, որով հռչակվում է ընդդիմության կողմից Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացի մեկնարկի մասին: Կարճ հիշեցնենք, որ քաղաքապետարանի կողմից հանրահավաքը մերժելու, ընդդիմության դիտարկմամբ՝ ապօրինի որոշման մեջ եղած պատճառաբանությունն այն էր, թե նույն օրն ու նույն ժամին հրապարակում մեկ այլ միջոցառում է անցկացվելու: Սա այն դեպքում, երբ հանրահավաքի հայտը ներկայացնելու պահին, հիշեցնենք, քաղաքապետարանում՝ հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների, կամ կազմակերպությունների կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել: Քաղաքապետարանում դա բացատրել էին նրանով, թե այդ «մեկ այլ միջոցառումը» կազմակերպել է քաղաքապետարանը, ուստի անիմաստ կլիներ, որ քաղաքապետարանն ինքն իրեն իրազեկեր իր նախաձեռնած միջոցառման մասին:
Անդրադառնալով այս անհեթեթ պարզաբանմանը՝ Կոնգրեսը երեկ հայտարարել է, թե «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13.1.2 կետի համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելումը տվյալ տեղում այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում: «Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն՝ պիտի օրենքով սահմանված կարգով իրազեկեր այդ միջոցառման մասին, ինչը չի արել: Այսպիսով, արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ, որը երեկ լրագրողներին ներկայացրեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Կոնգրեսը համարում է, որ խնդիրը միայն իրավական չէ, եւ արձանագրում է. «Հանրահայտ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ նրա վճիռը հաստատող դատարաններն ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: Գործող բռնապետական ռեժիմն անզորությունից եւ սարսափից է, որ դիմում է մանր աֆերիստի մեքենայությունների, ամենաճղճիմ քայլերի. քանդել եւ երկու տարի շարունակ քանդած վիճակում պահել հրապարակը, իսկ բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, Ազատության հրապարակը լցնել զանազան կարուսելներով, ըստ էության, թաքնվել մանուկների կենդանի վահանի հետեւում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանը անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում՝ Ազատության հրապարակում»:
ՀԱԿ-ը համարում է, որ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափած իշխանությունները խախտելով Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան՝ «դրանով նաեւ ընդունում են, որ չեն տիրապետում իրավիճակին, եւ հակառակ իրենց հենց պնդումների՝ ներքաղաքական ճգնաժամը համարում են չհաղթահարված»: Ուստի Կոնգրեսը հայտարարում է, որ իրեն այլ բան չի մնում, քան՝ «սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»: Դրա ընթացքում նաեւ քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով ընդդիմությունը, իր ձեւակերպմամբ՝ «իշխանություններին հնարավորություն է տվել բանական ժամկետներում» հարցը կարգավորել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների պահանջների շրջանակում: Իսկ մինչ այդ Կոնգրեսը որոշում է կայացրել նախ՝ սեպտեմբերի 17-ի հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մոտ, երկրորդ՝ ամենօրյա ռեժիմով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկման հայտեր ներկայացնել Երեւանի քաղաքապետարան, երրորդ՝ արգելման ապօրինի որոշումները վիճարկել բոլոր դատական ատյաններում՝ ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարանում։ Լ. Զուրաբյանի ներկայացմամբ, «բանական ժամկետներում Ազատության հրապարակում ազատ հանրահավաքներ անցկացնելու ժողովրդի սահմանադրական իրավունքը չհարգելու դեպքում միացյալ ընդդիմությունն իրեն իրավունք կվերապահի հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում՝ անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունեն իշխանությունները»:
ՀԱԿ ներկայացուցիչ Լ. Զուրաբյանը երեկ նաեւ փոխանցել է, թե Կոնգրեսի գալիք հանրահավաքների անցկացման տեղի ու ժամի մասին կհայտարարվի սեպտեմբերի 17-ի հանրահավաքում, որտեղ, ի դեպ, ելույթ կունենա նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս ելույթում, Լ. Զուրաբյանի մատուցմամբ, արծարծվելու են ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներին առնչվող հարցեր, եւ շատ լուրջ ու նոր շեշտադրումներ են լինելու: «Կարծում եմ, նրա ելույթից հետո մեր պայքարը նույնպես նոր ընթացք կստանա»,- հույս է հայտնել Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել