«Երեւանում Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումն ուղղված է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը»,- «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ կարգուկանոն, հենց այդպես է հարկավոր դիտարկել ռազմաբազայի մասին համաձայնագրի երկարաձգման մասին պայմանագիրը»,- ասել է Մեդվեդեւը՝ ընդգծելով, որ հայկական կողմի հետ տվյալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում համաձայնագրի ոչ մի սկզբունքային պայման. «Այն միայն մեկ բան է նշանակում. բազայի ժամկետը կերկարացվի մի քանի տարով»։ Նա նաեւ հայտարարել է, որ կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետացմանը. «Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտականությունները ե՛ւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ե՛ւ որպես հարեւան»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը՝ շրջանցելով արցախյան հակամարտության կարգավորման եւ ռուս-հայկական ռազմական համագործակցության խնդիրների հետ կապված սուր հարցերը: