Կոչ են անում հայամետ կոնգրեսականները
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը վերահաստատել են Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու իրենց կոչը:
Դատապարտելով հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, հատկապես հունիսի 18-ի եւ օգոստոսի 31-ի միջադեպերը, որոնց հետեւանքով մարդիկ զոհվեցին, հայամետ կոնգրեսականները, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Բարաք Օբամայի վարչակազմին կրկին կոչ են արել սահմանափակել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: «Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այս սադրանքները շարունակվեն, եւ ես խստագույնս դատապարտում եմ դրանք: Ես վաղուց եմ հանդես գալիս Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու օգտին, եւ նրանց վերջին գործողությունները միայն գալիս են հաստատելու, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ մեր ռեսուրսներն օգտագործվեն տարածաշրջանում անկայունություն սադրելու համար»,- հինգշաբթի օրը տարածած իր հայտարարության մեջ նշել է Ֆրենկ Փալոնը:
Մարկ Քըրքն էլ շեշտել է, թե «տարածաշրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվությունը չպետք է աննկատ մնա միջազգային հանրության եւ ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշողների կողմից: Քանի որ Բաքուն սրում է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, ես վճռականորեն կոչ եմ անում պետքարտուղար Հիլարի Քլինթոնին սատարել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավելյալ սահմանափակումներին»:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն իր հերթին ասել է, թե Օբամայի վարչակազմի կողմից Ադրբեջանի հարձակումները եւ ԼՂ դեմ պատերազմի սպառնալիքները հստակորեն չդատապարտելը միայն խրախուսում են Ալիեւի վարչակազմին՝ խախտելու հրադադարի ռեժիմը եւ վիժեցնելու խաղաղ բանակցությունները: «Ակնկալում ենք, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն խիստ հայտարարություն կանեն Ադրբեջանի կողմից հրադադարի վերջին խախտման դեմ եւ անհապաղ ջանքեր կգործադրեն, որպեսզի Միացյալ Նահանգների հատկացրած ռազմական օգնությունը չօգտագործվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- հայտարարել է Ա. Համբարյանը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առիթով նաեւ շնորհավորական նամակ են հղել չճանաչված հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: «Վերջին 19 տարիներին Արցախն ապացուցեց, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին եւ հուսալի գործընկեր է միջազգային հանրության համար»,- ասված է նամակում: