Արկադի Կարապետյանը (Ագո) դուրս է եկել իր ստեղծած կազմակերպությունից
2009-ի դեկտեմբերի վերջին ՀՀ պետռեգիստրում արդեն գրանցվեց եւ պաշտոնապես սկսեց գործունեություն ծավալել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարում էր ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Նորաստեղծ կազմակերպությունը ակտիվ գործունեություն ծավալեց հատկապես 2010-ի գարնան վերջին եւ ամռան սկզբին՝ բողոքի ակցիաներ եղան նաեւ ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Կազմակերպության անդամների հիմնական պահանջն աշխարհազոր ստեղծելն էր, որտեղ սկզբնական շրջանում պետք է ընդգրկվեին ռազմական գործին գործնականում ծանոթ մարդիկ՝ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, եւ որը Հայաստանի համար նախատեսում է լրացուցիչ պաշտպանական համակարգ: Դա՝ մնացյալ առաջարկների եւ հիմնավորումների հետ, նախագահի աշխատակազմի աշխատակիցների միջոցով փոխանցվեց նախագահ Սերժ Սարգսյանին: Խոստացվեց, որ նախագահը կընդունի կազմակերպության անդամներին, բայց մինչ օրս արձագանք չկա: Սակայն բոլորի համար անսպասելի պարոն Կարապետյանը դեռ հուլիսի 3-ին կազմակերպության անդամներին հայտարարում է, որ իր առաքելությունը համարում է ավարտված եւ դադարեցնում է իր գործունեությունը իր իսկ ղեկավարած կազմակերպությունում: Նրա, այսպես կոչված՝ հրաժարականին հաջորդած շրջանում սկսեցին լուրեր պտտվել, թե կազմակերպությունը հերթական «իշխանական պրոյեկտն էր», որ այն ֆինանսավորվել է իշխանությունների կողմից եւ նման այլ բաներ: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում պարոն Կարապետյանը հերքեց բոլոր այդ լուրերը, հայտարարեց, որ կազմակերպությունը գոյատեւել է բացառապես անդամավճարներով, եւ թերեւս ֆինանսների սակավությունն էր նաեւ պատճառը, որ ավելին անել չեն կարողացել: Իսկ թե ինչո՞ւ լքեց իր իսկ ստեղծած կազմակերպությունը՝ «Առավոտի» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ գաղափարը շատերին համախմբեց՝ ընդդիմության, իշխանության ներկայացուցիչներին կամ համակրողներին, բայց դա կազմակերպության լուծելիք հարց չէ, դա պետության լուծելու խնդիրն է: Երբ խնդիրը հասցրեցինք նախագահին՝ այդ կազմակերպության մեջ իմ առաքելությունն ավարտվեց, քանի որ ես ավելի ընդդիմադիր եմ, քան կարելի է լինել նման կառույցում: Ես չեմ ընդունում այս իշխանության թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, հետեւաբար աշխարհազոր ստեղծելու հարցում իշխանությունների հետ լեզու գտնելն ինձ համար հեշտ չի լինի: Ուստի այլ տարբերակ չէր մնում: Գաղափարը տվեցինք, մարդիկ կան, լավ տղաներ կան, որ ունակ են գործ անելու, հիմքը կա, որի վրա կարելի է ինչ-որ բան անել՝ թե հետո ինչ եւ ինչպես անեն՝ որոշողն իրենք են: Եթե իշխանությունների խնդիրն այն էր, որ մարդ չկա, հիմա՝ կա: Թե ինչպե՞ս տեղայնացնել այդ գաղափարը՝ առաջարկներն էլ կան: Բայց ես կիսատ-պռատ բան անել չեմ կարող եւ չեմ ուզում: Չեմ ուզում նաեւ մասնակցել այդ գաղափարը փչացնելուն»:
Արդյոք իշխանության ներկայացուցիչների կողմից փորձեր եղե՞լ են պարոն Կարապետյանին ինչ-ինչ «խաղերում» ներքաշելու՝ մեր զրուցակիցը չմանրացավ. «Չգիտեմ՝ ով ինչ է մտածել, ինչի համար է եկել-գնացել, բայց մեր խոսակցությունն այդտեղից չի սկսվել: Ինչեւէ, գաղափարը տրվել է՝ թող աշխատեն»: Նա մտավախություններ չունի, որ իրենից հետո մինչ այժմ կատարված աշխատանքը ջուրը կլցվի, եւ, ընդհանրապես, իրեն միակն ու անկրկնելին չի համարում. «Գաղափարի իրականացնողը պետությունն է: Եթե չեն ուզում անել, ես լինեմ-չլինեմ՝ չեն անելու: Իսկ կազմակերպությունում հասուն, ճանապարհ անցած մարդիկ, լավ տղաներ են՝ իրենք թող որոշեն ինչ անել»: Իսկ իր ընդդիմադիր գործունեությունը նախկին հրամանատարը շարունակելու է մեկ այլ՝ դարձյալ ազատամարտի վետերանների «Մարտական եղբայրություն» կազմակերպությունում, որտեղ՝ «քիչ ենք, բայց միեւնույն կերպ ենք մտածում»:
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հարցը: Ի՞նչ միտում է տեսնում սրանում նախկին հրամանատարը, քանի որ «Ժառանգության» ներկայացրած այս օրինագիծը վաղուց է սպասում իր ճակատագրին, արդյոք սա ճի՞շտ պահն է, որ ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: «Ես Ղարաբաղը համարում եմ Հայաստանի մի մասը: Մեր ազգի ամենամեծ սխալներից մեկը հենց դա է, որ Ղարաբաղն անկախ պետություն է: Մեզ խաբել են եւ այդ գաղափարը մտցրել մեր մեջ: Ով է խաբել, ով խաբվել՝ չեմ ուզում երկարացնել, բայց մենք պայքարը սկսել ենք ոչ թե Ղարաբաղի անկախության, այլ միացման համար: Այսօր էլ ես այդ դիրքերում եմ, ու ինչքան շուտ միանանք, այնքան շուտ մեր խնդիրները կավարտվեն: Ուղեղներ են վարժեցնում, խաղեր են խաղում՝ երկու պետություն, չգիտեմ ինչ. անհեթեթ բաներ են: Դա մեզ գցել են, որ պարտվենք»: