Հասմիկ Սարգսյանը մանկուց էր սիրում օտար լեզուներ եւ մայրենիի պես անգլերեն էր սովորում դեռեւս դպրոցում: 2007թ. նա ավարտեց Կոտայքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցը եւ ընդունվեց Երեւանի պետական լեզվաբանական համալսարան: Այստեղ երկրորդ պարտադիր օտար լեզուն ֆրանսերենն էր, իսկ երրորդ օտար լեզվի ընտրությունը թողնված էր ուսանողներին: Աղջիկը ընտրել էր իսպաներենը, սակայն հանձնաժողովը հարմար գտավ նրան ընդգրկել չինարեն ուսումնասիրող Շանսի նահանգի Թայ-Յուան քաղաքի «Շանսի» համալսարանի Երեւանի մասնաճյուղում: Այս տարվա ապրիլին համալսարանում անցկացվեց չինարենի մրցույթ՝ գրավոր եւ բանավոր: Մասնակիցները շատ էին, սակայն 5 հոգի մրցույթից հաղթող դուրս եկան: Նրանց աշխատանքներն ուղարկվեցին Չինաստան, որտեղ ընտրեցին 3 հոգու, այդ թվում՝ Հասմիկին:
«Ինչու եմ սովորում չինարեն» ստեղծագործական շարադրության մեջ նա գրել էր, որ հավանաբար ամենամեծ դերը պատկանում է այդ լեզվի իր առաջին դասախոսին՝ Ցաո Լաոշին, ում նա հատուկ շնորհակալություն էր հայտնել:
Օրերս աղջիկները ստացան իրենց հավաստագրերը, որը նրանց իրավունք է տալիս 1 տարի սովորելու Չինաստանի Կոնֆուցիոսի անվան ինստիտուտում: Բացի ճանապարհի ծախսերից, ուսման հետ կապված մյուս բոլոր ֆինանսական վճարումները կատարում է չինական կողմը: Համոզված ենք, որ օրեցօր սերտաճող հայ-չինական համագործակցության շրջանակներում այժմ առավել քան կարեւորվում է աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկրի լեզուն, եւ մեզ մնում է հաջողություններ մաղթել մեր ապագա թարգմանիչներին: