Լրահոս
Օրվա լրահոսը

46. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Սեպտեմբեր 03,2010 00:00

\"\"
«Էլեկտրաշարժիչ» գործարանի մսաղացը:

Դուրս եկա «Ռոսսիյա» շուկայից, անցա փողոցն ու տուֆակերտ շենքի մուտքի մոտ փնտրեցի «Էլեկտրաշարժիչ» գործարանի ցուցանակը։ Դռնապանը հայտնեց, որ գործարանը վաղուց չի աշխատում, իսկ տարածք մտնելու համար ղեկավարները պետք է թույլ տան։ Վերջապես հայտնվեց մեկն ու առաջարկեց առավոտյան գալ, գործադիր տնօրենին հանդիպել, ու միմիայն նրա թույլտվությամբ կարող եմ զրուցել մարդկանց հետ, շրջել արտադրամասերում։

Քայլում էի դեպի երեւանյան հայտնի «Ֆայլաբազարը», որտեղ կարելի է ցանկացած գործի համար բանվորներ վարձել։ Սակայն հիշեցի, որ իմ նախորդ ռեպորտաժներից մեկում տպագրված սխալ տեղեկության պատճառով պատերազմի վետերանի հարազատները ինձնից պահանջել էին թերթում հրապարակավ ներողություն խնդրել թույլ տված սխալի համար։ «Կրիվո» փողոցից իմ զրուցակիցը հայտնել էր, որ նույն փողոցի հնաբնակներից մեկը չի կարող ինձ հետ զրուցել, քանի որ հիվանդ է, միայնակ է ապրում։ Սակայն վետերանի հարազատները թերթի խմբագրությանը բողոքել են, ու միանգամայն ճիշտ է վարվել թերթը, որ տպագրել է Երկրորդ համաշխարհայինի մասնակցի հարազատների տեղեկությունն այն մասին, որ նա գտնվում է իրենց ամենօրյա խնամքի տակ, իսկ գրվածը չի համապատասխանում իրականությանը։ Սակայն դա ամենեւին չի բավարարել հարազատներին, ու պահանջել են, որ ռեպորտաժների շարքի հեղինակը հրապարակավ ներողություն խնդրի պատերազմի վետերանից։ Պատրաստվում էի դա անել, երբ մտածեցի, որ իմ հայրը չի վերադարձել պատերազմից։ Ինձ ու մորս քսան տարի խաբել են, թե նա անհետ կորածների թվում է ու կվերադառնա։ Այդ ստի համար ինձնից ոչ ոք ներողություն չի խնդրել։ Միլիոնավոր զինվորներ չվերադարձան պատերազմից։ Այժմ էլ հազարավոր պատանիների աչքը ճամփին է, ու սպասում են իրենց հայրերի վերադարձին։ Հիշում եմ, Ստեփանակերտում ամենուր հենակներով մարդիկ էին։

Ու բոլորի համար պատասխանատվությունը ծանրացավ իմ ներսում, որոշեցի առաջին հերթին ներողություն խնդրել պատերազմներից չվերադարձած բոլոր զինվորների, վիրավորների համար։ Ներողություն եմ խնդրում Արցախ-Ադրբեջան պատերազմի մասնակից այն վետերաններից, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հոգալ սեփական ընտանիքի ապրուստը։

Իսկ ինչ վերաբերում է «Կրիվո» փողոցի «վերջին մոհիկանի» տված սխալ տեղեկությանը, ապա խնդրում եմ իմ ռեպորտաժների հետագա հերոսներից, զրուցակիցներից, որ հնարավորին չափ խուսափեն չափազանցություններից, պատմել միայն ճշմարտությունը, քանի որ այն շատ ավելի թանկ արժե։

Այս մտորումներով հայտնվեցի երեւանյան «Ֆայլաբազարում»։ Շուրջ երկու հարյուր հոգի՝ քսաներկուսից մինչեւ յոթանասուն տարեկան, փողոցի այս հատվածում սպասում են գործատուների հայտնվելուն։

– Առավոտից այստեղ կանգնած՝ ոչ մի գործատու չի մոտենում։ Երկու օր է՝ դատարկաձեռն տուն եմ վերադառնում,- ասաց հիսուներկուամյա ամրակազմ Պետրոս Պետրոսյանը,- ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում, միայն մինչեւ քառասուն տարեկանն են ընդունում, իսկ մինչեւ թոշակ դեռ շատ կա։

– Ես ամեն օր Չարենցավանից եմ այստեղ հասնում, որ որպես բանվոր վարձեն, մի բան աշխատեմ, տուն տանեմ,- ասաց հաստամարմին տղամարդը՝ Բորիկ Սարգսյանը։

– Մինչ այստեղ գալը որտե՞ղ ես աշխատել,- դիմեցի ես։

– Երեսուն տարի օրգաններում եմ աշխատել։ Բայց կարիքը ստիպում է, որ բանվորություն անեմ, դե, ո՞ւր է, ուսանող աղջիկ ունեմ, վարձի հոգս կա, ուրիշ խնդիրներ կան…

– Բորիկ, բնիկ որտեղի՞ց ես։

– Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Իսկ այս ընկերը Շահումյանից է, պատերազմի վետերան։

– Ո՞ր գյուղից ես։

– Գյուլիստանից, Շահեն Մեղրյանի բարեկամն եմ։ Ինջայի պահակակետն եմ պահել երեք տարի, իսկ վիրավորվել եմ Մարտակերտի համար կռիվներում ու երրորդ կարգի հաշմանդամի վերածվել։

– Երրորդ կարգը թո՞ւյլ է տալիս որպես բանվոր վարձվել։

– Է՜, ուր է թե գործ ճարվեր։ Վարձով եմ ապրում։ Ամսական հիսուն հազար վարձավճարի, էլեկտրականության, գազի, հեռախոսի հոգսերը խեղդում են։

– Բնակարան ստանալու հնարավորություն չունե՞ս։

– Քաղաքապետարանին եմ դիմել, ինչ թուղթ ուզել են՝ տվել եմ, համբերությամբ սպասում եմ։ Կտան, թե չէ՝ անհայտ է։

– Մի բան ասեմ, լրագրող ես, չէ՞,- դիմեց «Ֆայլաբազարի» բանվորներից մեկը,- գրի, որ այստեղից պետք է օդային անցում տեղադրել, թե չէ՝ ոստիկանն անընդհատ բարձրախոսով ասում է՝ անցումով անցեք, անցումն ո՞ւր է, իսկ մարդկանց իսկական շարժն այստեղ է։

– Լսի, քո հոգսը անցումն ա՞,- դիմեց մեկ այլ բանվոր։

– Բա ի՞նչ, չե՞ս տեսնում՝ մարդիկ ինչ վտանգի միջով են անցնում։ Մեքենաները թունելով այնպիսի արագությամբ են դուրս գալիս, որ չեն էլ հասցնում արգելակել։ Քանի վթար եղավ, մարդիկ հաշմանդամ դառան, վարորդները դատարան ընկան։

– Արա, սրան քաղաքապետարան ընդունեն՝ պրծնենք։

– Անունդ ասա՝ որ քո անունից գրեմ առաջարկությունը,- դիմեցի ես։

– Տո չէ, անունս մի՛ գրի, բայց ասածս չմոռանաս։

– Խոստանում եմ,- ասացի ես,- ուրբթ օրը «Առավոտում» կկարդաս։

– Ես գազի վառարան գնելու համար եմ գալիս էստեղ,- ականջիս հազիվ լսելի ձայնով շշնջաց նիհար կազմվածքով մի երիտասարդ՝ Արամայիս Բարեղամյանը։- Եթե չհասցնեմ մինչեւ ձմեռ գնել, շատ վատ կլինի։ Երկու տղա, մի աղջիկ ունեմ։

Հաջորդ օրը կրկին «Արմենմոտոր» (նախկինում՝ «Էլեկտրաշարժիչ») գործարանի մուտքում խնդրեցի հայտնել գործադիր տնօրենին իմ այցի մասին։ Տնօրենը պատասխանեց, որ կիջնի եւ կընդունի ինձ։ Ծանր քայլվածքով, նիհար, հիվանդոտ մարդիկ էին ներս մտնում ու ձախ կողմի միջանցքով քայլում։ Ամենեւին էլ բանվորների նման չէին։

– Ովքե՞ր են այս մարդիկ,- դիմեցի դռնապանին։

– Թաղապետարանի բարեգործական ճաշարանից օգտվողներն են։

Մինչ հանդիպման գալս հետաքրքրվել եմ գործարանի գործադիր տնօրենի մասին։ Նա իր աշխատանքային կենսագրությունը սկսել է 16 տարեկանից, «Հայէլեկտրագործարանից»։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել մի շարք արտադրություններում։ Ապա անցել է կուսակցական աշխատանքի: Սակայն սերը դեպի արտադրությունը ձգել է նրան, ստիպել, որ հրաժարվի կուսշրջկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնից։ 1987թ. կոլեկտիվի ընդհանուր ժողովում ընտրվել է «Էլեկտրաշարժիչ» գործարանի տնօրեն։ Այժմ ղեկավարում է Հանրային խորհրդի արդյունաբերության ենթահանձնաժողովը։

Քիչ անց եկավ գործադիր տնօրենը՝ Կառլոս Պետրոսյանը, բարեհամբույր ու ծանրախոհ տարեց մի մարդ եւ առաջարկեց առանձնասենյակում զրուցել։

Պատմեցի երեւանյան ճամփորդությանս ու այս այցիս նպատակի մասին։

– Նկատելի է, որ այժմ չկա խորհրդային գործարանին յուրահատուկ շխկոց-թրխկոցները, աշխույժը,- ասացի ես։

– Ամեն ինչ կախված է իշխանությունների՝ խնդրի նկատմամբ մոտեցումներից,- պատասխանեց գործադիր տնօրենը,- եթե արդյունաբերությունը գերակա ճյուղ համարվի, ամեն ինչ այլ ընթացք կունենա, ու խնդիրը կլուծվի։ Առանց վարկավորման նման խնդիր անհնար է լուծել։ Մեր բանկերը իրենց գործունեությամբ նպաստում են միայն ներկրման առեւտրին։

– Էկոնոմիկայի նախարարությունը հայեցակարգ է մշակել…

– Այդ հայեցակարգով արդյունաբերությունը գերակա ճյուղ չի համարվում։ Գիտեք, նման երկիր դժվար է գտնել։

– Ձեր կողմից փորձ արվո՞ւմ է դուրս գալու ստեղծված իրավիճակից։

– Մենք պահպանել ենք ոչ միայն տեխնոլոգիաները, այլեւ ներդնում ու յուրացնում ենք նոր տեխնոլոգիաներ։ Օրինակ, յուրացրել ենք պլաստիկ նյութերի արտադրության տեխնոլոգիան։

– Այսօրվա ձեր արտադրանքով կարո՞ղ եք մրցակցել իտալական կամ գերմանական արտադրության հետ։

– Թուրքականի հետ էլ հեշտ չի մրցակցելը։ Թուրքիայում ներդրվել է Եվրոպայի, ԱՄՆ-ի տնտեսական համակարգը, որը բարենպաստ է արդյունաբերության զարգացման համար։ Մի համեմատություն անեմ, որ քո ճամփորդական ռեպորտաժների ընթերցողներին պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը։ Արդյունաբերությունը կթու կով է, որի համար գործելու, ապրելու համար պայմաններ են պետք։ Արդյունաբերության նկատմամբ ֆիսկալ, այսինքն՝ պետական հսկողական մոտեցում է անհրաժեշտ։

– Էկոնոմիկայի նախարարությունը նորանոր ծրագրեր է մշակում։

– Երկրի էկոնոմիկայի կառավարումը հերթական թուղթ կազմելը չի։ Երկրի տնտեսությունը կենդանի օրգանիզմ է։ Պետք է լավ հասկանալ այն։ Էկոնոմիկայի նախարարությունում կա Պետգույքի կառավարման վարչություն, որի գործառույթները պետք է անցնեն արդյունաբերության կառավարմանը։ Կառավարման փոքր շտկումներով կարելի է դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։

– Բայց մենք Չինաստանի, Թուրքիայի արտադրանքի սպառողների ենք վերածվել,- ասացի ես։

– Թուրք բանվորները առիթ լինելիս շնորհակալություն են հայտնում հայ սպառողներին իրենց արդյունաբերությունը փրկելու համար։ Իսկ մեր արդյունաբերությունը ասես թե դատապարտված է։ Թե ինչ են մտածում մեր ռազմավարները, չգիտեմ, բայց երկրում որպես գերակա ճյուղ չի կանչող զբոսաշրջությունը լինել։

– Այն կարող է լրացուցիչ ճյուղ լինել։

– Իհարկե, ոչ ոք դեմ չի, զբոսաշրջության զարգացումը կարող է իր հերթին նպաստել երկրի զարգացմանը։ Մենք այսբերգի վերին շերտի մասին ենք խոսում, իսկ խնդրի արմատները խորքում են։ Դուք հարցնում եք մրցունակության մասին։ Խորհրդային տարիներին մենք առավելագույնը բերում էինք ԳԴՀ արտադրության հաստոցներ, որոնք իրենց ճշտությամբ, մետաղատարողությամբ զգալի զիջում էին արեւմտյան հաստոցներին։ Իսկ նման միջոցներով չես կարող մրցակցել ոչ եվրոպական, ոչ էլ ճապոնական կամ կորեական արտադրանքի հետ։ Ասեմ, որ ԳԴՀ-ում ձգտում էին արեւմտյան գերճշգրիտ հաստոցներ ներկրել, որի օգնությամբ էլ իրենց արտադրանքով գերազանցում էին մեզ։ Դրան գումարվում է գերմանացիների ճշտապահությունը, կարգ ու կանոնը, արտադրական մշակույթը։

– Լավ, պարոն Պետրոսյան, գանք նոր ժամանակաշրջանին։

– Հեղափոխության հետ եկան արդյունաբերության դահիճները, որոնք ոչինչ չարեցին երկրի տեխնոլոգիական զարգացման համար։ Կործանվեցին մեր երկրի արդյունաբերական հնարավորությունները։ Մենք հայտնվեցինք վակուումի մեջ։

– Ես գիտեմ, որ ձեր ինժեներատեխնիկական անձնակազմը աշխատում է, նոր սարքեր, մեքենաներ նախագծում։ Ի՞նչ ունեք ցուցադրելու։

– Մեր կոնստրուկտորներն ու տեխնոլոգները ստեղծել են մեկ կիլովատ հզորության միաֆազ էլեկտրաշարժիչ, որի նմուշը ներկայացրել ենք իրանական ցուցահանդեսում։ Իրանում կա նման շարժիչի կարիքը։ Հույս ունենք լուրջ պայմանագրեր կնքել իրանցիների հետ։

– Գործարանի մուտքում մի պաստառի վրա մսաղաց էր պատկերված։

– Այո, մեր արտադրանքը չի զիջում արեւմտյան համանման մեքենաներին, սակայն խանութները, օրինակ՝ «Զիգզագը», տեղական արտադրություն ընդունելուց համառորեն հրաժարվում են։ Մենք պլաստիկ նյութերի փոխարեն չժանգոտող մետաղ ենք օգտագործում։ Դա թանկ է, բայց որակը անհամեմատ բարձր է։ Հայաստանյան շուկան պետք է ներքին փոփոխությունների ենթարկվի։

– Իսկ գնորդը գերադասում է չինական արտադրության մսաղաց գնել, որը էժան է։

– Այո, արդյունքում շատ թանկ է, քանի որ մի քանի ամսից փչանում է մեքենան, ստիպված են լինում նորը գնել։

– Առանց գովազդի անհնար կլինի հաջողության հասնել։

– Ռուսաստանը հսկայական շուկա է, սակայն գովազդի համար գումար չունենք։ Այստեղ եւս չենք կարողանում ներկայացնել։ Առեւտուր անել չգիտենք։

– Ուրեմն առեւտուր անել էլ պիտի սովորեք։

– Իհարկե, բայց դեռեւս դատական քաշքշուկների մեջ ենք, երբ բարով-խերով դուրս գանք, կփորձենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930