Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՀԱՎԱՔՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Սեպտեմբեր 03,2010 00:00

«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից Ջերմուկում վերջին հավաքն է անցկացնում՝ նախապատրաստվելով Խանտի-Մանսիյսկում կայանալիք մարզաձեւի 39-րդ համաշխարհային օլիմպիադային: Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ ավելի քան երկու շաբաթ պարապմունքներ կանցկացնեն հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը: Բացակայում է միայն մեր ընտրանու առաջատարը՝ Լեւոն Արոնյանը: Նա այսօրվանից Շանհայում Վլադիմիր Կրամնիկի, Ալեքսեյ Շիրովի եւ Վան Հաոյի հետ երկու շրջանով պայքարի մեջ է մտնելու «Մեծ սաղավարտ» մրցաշարի առաջին փուլում, որը փաստացիորեն կիսաեզրափակիչ փուլն է: Հիշեցնենք, որ Շանհայում երկու հաղթողներն անցնում են եզրափակիչ եւ հոկտեմբերի 9-15-ը Բիլբաոյում ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ միասին կվիճարկեն պատվավոր մրցանակը:

Տղաների հետ Ջերմուկում է նաեւ մեր Հայաստանի աղջիկների հավաքականը: Գլխավոր մարզիչ Աշոտ Անաստասյանը հավաքի հրավիրել է մեր լավագույն աղջիկներին՝ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Նելլի Աղինյանին եւ Անահիտ Խառատյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել