Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու մարզիչները՝ հանդիպումից առաջ

Սեպտեմբեր 03,2010 00:00

Մինասյանը մարտավարությունից նախընտրում է չխոսել, Տրապատոնին ներկայացնում է մեկնարկային կազմը:

\"\" \"\"

Այսօր երեկոյան Հանրապետական մարզադաշտում ԵՎՐՈ-2012 ընտրական փուլը կմեկնարկի Հայաստանի ազգային հավաքականի համար: Առաջին խաղում մեր տղաների մրցակիցը իռլանդացիներն են: Խաղի նախօրեին լրագրողների հետ հանդիպեցին երկու թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանն ու Ջիովանի Տրապատոնին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն իր խոսքում նշեց, որ գոհ է նախապատրաստական փուլից, սակայն թիմում կադրային խնդիրներ կան, մասնավորապես՝ ձախ եզրի, քանի որ Աղվան Մկրտչյանը վնասվածք ունի։ Իռլանդացիների հետ խաղին չի մասնակցի նաեւ Գեւորգ Ղազարյանը, փոխարենը՝ Դավիթ Մանոյանն արդեն պատրաստ է դաշտ դուրս գալ: Կադրային հարցերի ենթատեքստում Մինասյանն անդրադարձավ նաեւ Դենիս Թումասյանի խնդրին՝ նշելով, որ այժմ չէր ցանկանա խոսել նրա մասին. «Այսօր չէի ցանկանա խոսել Թումասյանի մասին, թեեւ նա հավաքականի թեկնածու է: Ես ունեմ երեք կենտրոնական պաշտպան, ովքեր ինձ բավարարում են»:

Ի դեպ, լրագրողների այն դիտարկմանը, թե Ալեքսանդր Թադեւոսյանը կարող էր լրացնել բացը ձախ եզրում, Վարդան Մինասյանը նշեց, որ այժմ փորձարկումների ժամանակը չէ: Մարզիչը շեշտեց, որ իր գլխավոր խնդիրը թիմը կայացնելն է: «Իմ առաջին խնդիրն է՝ ունենալ մրցունակ ու մարտունակ հավաքական: Ոչ մի հավաքական չպիտի մտածի, թե Հայաստանի հետ հեշտ է լինելու: Ու դրա համար պետք է առաջին հերթին հավաքականից լավ խաղ ակնկալել»: Միեւնույն ժամանակ՝ որպես լավ արդյունք, թիմի գլխավոր մարզիչը ակնկալում է ոչ-ոքին: «Իռլանդիայի ընտրանին բարձրակարգ, բրիտանական ոճի թիմ է: Ընդհանրապես, իռլանդացիները պայքարող ժողովուրդ են: Իսկ երիտասարդական հավաքականը ես երբեք չեմ համեմատի ազգային թիմի հետ, քանի որ ազգայինի կազմում ներկայացված են անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները»:

Անդրադառնալով մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերին՝ Մինասյանը շեշտեց գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնիի գործոնը. «Տրապատոնին, անշուշտ, բարձրակարգ մասնագետ է: Սակայն նրա գալով շատ բան չի փոխվել. մնացել է նույն՝ ագրեսիվ բրիտանական ոճի ֆուտբոլը, որին նոր որակներ են ավելացել: Ես երկու խաղի տեսագրություն եմ դիտել իռլանդացիների մասնակցությամբ՝ նույն ուժեղ հավաքականն է։ Մեզ պետք է արագ ու ագրեսիվ ֆուտբոլ խաղալ եւ ոչ մի վայրկյան հակառակորդին չտալ, քանի որ նա այն կօգտագործի»,- ասաց Մինասյանը:

Գլխավոր մարզիչը նախընտրեց չխոսել մեր թիմի մարտավարության մասին, մինչդեռ ժամեր անց կայացած մյուս ասուլիսի ընթացքում Իռլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին հանդիպումից 24 ժամ առաջ արդեն հրապարակեց իր թիմի մեկնարկային կազմը:

Ու չնայած այս մարտավարական «գաղտնիքի» նախօրոք բացահայտմանը, Տրապատոնին փաստեց, որ շատ դժվար հանդիպում է սպասվում. «Սա առաջին խաղն է ընտրական փուլում, եւ բնական է, որ դժվարին հանդիպում է սպասվում: Դրա համար երկու պատճառ կա. նախ՝ հոգեբանական տեսանկյունից, ապա՝ հանդիպման արդյունքի կարեւորության»: Տրապատոնին նկատեց նաեւ, որ անկախ իր թիմի ցուցադրած խաղի որակից՝ իր համար արդյունքն է կարեւոր: Ինչ վերաբերում է մեր ազգային թիմի ցուցադրած ֆուտբոլին, ապա իտալացի մասնագետը նշեց, որ մի շարք հանդիպումներ է տեսել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ. «Նախորդ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը լավ արդյունք ցուցադրեց։ Լավ թիմ է, տեխնիկապես լավ է գործում, բավական ագրեսիվ է։ Առանձնանում է N9 մարզաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստը, որի ազգանունը ինձ դժվար է արտասանել: Նա տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է»,- ասաց Տրապատոնին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել