Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂԵԳԻՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆՎԱՃԵԼ

Սեպտեմբեր 03,2010 00:00

\"\"Մրցաշրջան 2010-ում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտել էր մասնակցությունը պաշտոնական պատասխանատու մրցումներին, սակայն անակնկալ մի նոր ներկայացուցչական մրցաշար է ստեղծվել, ինչը մարզիչներին հարկադրել է լուրջ փոփոխություններ կատարել հետագա մարզումային ծրագրերում:

Դրանց եւ մինչեւ 2012 թվականի օլիմպիական խաղեր մեր ընտրանու ընդհանուր ծրագրերի մասին հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը խոսեց «Առավոտին» տված հարցազրույցում:

– Պարոն Մեհրաբյան, այդ ի՞նչ նոր մրցաշար է:

– «Եվրոպայի գավաթը», որին մասնակցելու են միայն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրները: Այն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը՝ Խարկովում:

– Մեր տղաներից ովքե՞ր են մասնակցելու:

– Հովհաննես Դանիելյանը՝ 48 կգ քաշային կարգ, Հրաչյա Ջավախյանը՝ 60 կգ, Անդրանիկ Հակոբյանը՝ 75 կգ, եւ Արթուր Խաչատրյանը՝ 81 կգ:

– Ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում կատարել հավաքականի աշխատանքներում:

– Նրանք ազգային հավաքականի հիմնական անդամներ են, իսկ հավաքականի համար մշակված է հավաքների եւ մարզումների անցկացման մանրակրկիտ պլան, որը, պարզ է, պիտի փոփոխվի, քանի որ մենք ոչ մի մրցման, այն էլ այնպիսի, որտեղ հանդես են գալու աշխարհի ու Եվրոպայի ուժեղագույնները, պարզապես ներկա գտնվելու համար չենք մեկնում: Դրա համար անհրաժեշտ է վերականգնողական տասնօրյա լրացուցիչ հավաք կազմակերպել, ինչը չէինք նախատեսել տարեկան մեր ծրագրում, որից հետո կգա առաջին ֆիզիկական պատրաստության հավաքի ժամանակը: Իսկ դրանք բավականին մեծ ծախսեր են:

– Ի՞նչ եք մտադիր անել:

– Մոտ օրերս պիտի ճշտվի, թե մեր ֆեդերացիայի նախագահը ե՞րբ է գալու Երեւան, որպեսզի միասին ճշտենք մեր անելիքները: Եթե պարոն Արման Մուրադյանն ուշանալու է, հարկադրված հանդիպում եմ խնդրելու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից: Նա խոստացել է, որ բռնցքամարտի ազգային հավաքականը ոչ մի խնդիր չի ունենալու: Եվ քանի որ պարոն Ծառուկյանի խոսքը միշտ գործ է, համոզված եմ, որ լուծում անպայման կգտնվի: Ի դեպ, մեզ հետ համատեղ հավաքներ անցկացնելու ցանկություն հայտնել է Մարոկկոյի հավաքականը, որը նախնական տվյալներով, կարող է ժամանել հոկտեմբերի 7-ին: Եթե գան, ապա մեր հավաքականի, հատկապես Եվրոպայի գավաթի մասնակից չորս բռնցքամարտիկների համար դա լավ նախապատրաստություն կլինի:

– Այս տարի այլ մրցումներ չունե՞ք:

– Պաշտոնական՝ ոչ, մի քանի միջազգային՝ այո: Եթե հիշում եք, մենք Ֆրանսիայի ընտրանու հետ այստեղ համատեղ մարզումներ էինք կազմակերպել եւ ընկերական հանդիպում անցկացրել: Դա նույնպես մրցակցական փորձի կուտակման լավ հնարավորություն էր: Այդ ժամանակ ես մեր թիմը համալրել էի երկրորդ համարներով ու երիտասարդներով, որոնք իրենց վատ չդրսեւորեցին: Հավանական է, որ հիմա էլ մենք մեկնենք Ֆրանսիա, որտեղ միջազգային մրցաշար է կազմակերպվելու: Կազմակերպիչները հրավիրում են մեզ, բելառուսներին, ուկրաինացիներին, ԱՄՆ-ին եւ Կուբային:

– 2011 թվականի աշխարհի առաջնությունը Բաքվում է նշանակվել: Մասնակցելո՞ւ ենք:

– Անպայման: Համենայնդեպս, արդեն նախապատրաստվում ենք: Բաքվում, մեդալներից բացի, օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու, որոնց արժանանալը մեզ համար շատ դժվար է լինելու: Դեռ մեկ տարի կա, ու առաջին հայացքից դա բավականին երկար ժամանակ է: Բայց ճիշտ կլինի ասել, որ ժամանակ արդեն շատ քիչ է մնում: Դրա համար հենց այսօրվանից հարկավոր է բռնցքամարտիկների համար լավագույն պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք մարզվելուց բացի, այլ բաների մասին չմտածեն: Իհարկե, եթե ուզում ենք մեդալ եւ ուղեգրեր նվաճել: Մեր բախտից, աշխարհի առաջնությունից հետո կայանալիք վարկանիշային մրցաշարն էլ Թուրքիայում է անցկացվելու:

– Բաքվում մեդալների հույս ունե՞ք:

– Եթե չունենայի, այս հարցազրույցը չէի տա: Ես մի քանի վարկանիշի ակնկալիք ունեմ:

– Հատկապես ո՞ւմ հետ եք հույսեր կապում:

– Չնայած ազգային հավաքականը հիմնականում համալրված է երիտասարդ տարիքի բռնցքամարտիկներով, բոլորն էլ թրծված են միջազգային ռինգերում ու լուրջ հակառակորդ են ցանկացած մրցակցի համար: Հովհաննես Դանիելյան, Ազատ Հովհաննիսյան, Հրայր Ջավախյան, Էդուարդ Համբարձումյան, Անդրանիկ Հակոբյան, Արթուր Խաչատրյան, Ցոլակ Անանիկյան: Նրանցից յուրաքանչյուրն էլ ի վիճակի է պատվանդան բարձրանալ: Ճիշտ է, Բաքվում դա անել բոլորին չի հաջողվի, սակայն ես, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, մի քանի ուղեգրի հույս ունեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել