Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եկել եմ ո՛չ ամառվա համար»

Սեպտեմբեր 03,2010 00:00

Երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի եւ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրողների «Ֆրիդրիխ Բոդեքեր» միության նախագահ Յուրգեն Յանկովսկու հանդիպումը: Ստորագրվեց համաձայնագիր, որ միտված է մշակութային կապերի հաստատմանը: Ըստ Լ. Անանյանի, վերջին տարիներին ՀԳՄ մշակած քաղաքականության արդյունքում կփորձեն միջազգայնացնել հայ գրականությունը, ստեղծել կապեր եվրոպական երկրների հետ: «Վերջին երկու տարիներին շատ աշխույժ գրական համագործակցության մեջ ենք մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ռումինիայի, ինչպես նաեւ Իրանի Հանրապետության հետ»,- ասում Լ. Անանյանը եւ ներկայացնում Գերմանիայից ժամանած գործընկերոջը:

Լ. Անանյանի փոխանցմամբ, Յանկովսկին արդի նշանավոր գրողներից է, արձակագիր, բանաստեղծ, բազմաթիվ գրքերի հեղինակ: Նա առաջին անգամ է Երեւանում: Այցի նպատակը փոխծանոթությունն է, նրա ստեղծագործություններից մի քանիսը արդեն տպագրվել է «Արտասահմանյան գրականություն» հանդեսում: ՀԳՄ նախագահն ասում է, որ Եվրոպայում տարածված են գրական ընթերցումները: Եվ այդ ավանդույթը Հայաստանում էլ պետք է կարողանանք արմատավորել:

Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կկայանա Յուրգեն Յանկովսկու հետ հանդիպում, գրողը կայցելի տեսարժան վայրեր, մշակութային օջախներ:

Հայ գործընկերներին ողջունելուց եւ համաձայնագիրը ստորագրելուց հետո պարոն Յանկովսկին ասաց. «Ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ: Գերմանիայում շատ ցուրտ է, իսկ Հայաստանում՝ իսկական ամառ: Երեւանում ես ինձ լավ եմ զգում: Հասցրել եմ լինել Մատենադարանում եւ ծանոթանալ հին ձեռագրերի հետ: Այստեղ եմ ոչ թե գեղեցիկ ամառվա համար, այլ այն նպատակով, որ միմյանց ավելի լավ ճանաչենք, հայ գրողներին թարգմանենք գերմաներեն, գերմանացիներին՝ հայերեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել