Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ինձ զբոսաշրջիկ չեմ զգում»

Սեպտեմբեր 03,2010 00:00

Ասում է ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերը

\"\"Հոկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերի հայաստանյան առաջին մենահամերգը: Համերգի նախապատրաստական աշխատանքների համար երաժիշտը ժամանել է Երեւան: Սա նրա 9-րդ այցելությունն է մեր երկիր: «Առավոտի» հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ երաժիշտն ասաց, որ բացի համերգին նախապատրաստվելուց, կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղում, որովհետեւ այդ երկրի մասին շատ լսել, բայց երբեք չի տեսել: Անկեղծանում է՝ շատ բան չգիտի Արցախի մասին, բայց տեղյակ է «պատերազմի ու տարածքների հետ կապված վիճաբանությանը»: Հոկտեմբերին կայանալիք համերգին անակնկալներ ունի, որոնք դեռեւս չի պատրաստվում բացահայտել, կկատարի դուետ Լեյլա Սարիբեկյանի հետ: Դ. Դեքերը տեղեկացրեց, որ մինչ մենահամերգը կներկայացնի նաեւ իր՝ «Հայ՝ ընտրությամբ» կոչվող նոր ձայնասկավառակը, որում 13 հայկական երգ է ընդգրկված՝ «Դլե յաման», «Արաքս», «Սերս վանքում Տաթեւի», «Ախր ես ինչպես» եւ այլն:

Մեր զրուցակիցը հպարտությամբ նշում է, որ ձայնասկավառակն առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ օտարազգի երգիչը ներկայանում է բացառապես հայերեն կատարումներով. «Ձայնասկավառակում ընդգրկել եմ երգեր, որոնք արտացոլում են հայկական ոգին եւ, ըստ իս, կարեւոր են հայերի համար, ուզում եմ այս սկավառակով ձեր մշակույթը ցույց տալ ու բարձրացնել»:

Մինչ քաղաքական շրջանակներում լայնորեն քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունները, ամերիկացի երգիչն արդեն 9 տարի իր ստեղծագործություններով բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին: Թե ինչն իրեն կապեց հայերի ու Հայաստանի հետ, երգիչն ասում է. «Վերջին 2 տարիներին շատ բան, այդ թվում՝ հումանիտար ծրագրեր ենք իրականացրել Հայաստանում, հայ ազգին շատ եմ սիրում եւ ուզում եմ ցույց տալ, թե ով է հայը: Գիտեմ, որ դուք ձեր կյանքի ընթացքում դժվար ճանապարհների միջով եք անցել»:

Դ. Դեքերին Հայաստանում ճանաչում են «Ադանա» երգով, որը նա թարգմանել է աշխարհի շուրջ 20 լեզուներով: Ստեղծագործությունը կատարվել է անգամ թուրք երգչի կողմից: «Ադանան» կարեւոր դեր խաղաց, շատ օտարերկրացիների տեղեկացրեց, թե ինչ է կատարվել հայերի հետ ժամանակին: Ամերիկայում մարդիկ համարյա ոչինչ չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, բնիկ ամերիկացիները չգիտեն նույնիսկ, թե ինչ է ցեղասպանությունը: Եթե ես ինչ-որ ելույթ ունենայի ցեղասպանության մասին, 5 րոպե հետո ոչ ոք չէր հիշելու իմ ասածը: Եթե ես երգում եմ ցեղասպանության մասին, 100-ավոր տարիներ անց էլ են խոսել այդ մասին»,- նշում է երաժիշտը: Ինչ վերաբերում է Երեւանում կայանալիք մենահամերգին, երգիչը կարծում է, որ այդ կերպ կճանաչվի հայ երգն ու մշակույթը: Դեքերն ասում է, որ Հայաստանում իրեն ոչ թե օտարերկրացի զբոսաշրջիկ է զգում, այլ՝ հոգով ու սրտով հայ: Երգիչն այժմ որոշ չափով տիրապետում է նաեւ հայերենին, չնայած խոստովանում է, որ սովորելը դժվար էր: Ասում է՝ շատ է հավանում հատկապես հայկական խորովածը: Իր այցելությունների ընթացքում Հայաստանում փոփոխություններ առանձնապես չի նկատել: «Հայերի մոտ նկատել եմ տխրություն եւ նպատակներիցս մեկը մարդկանց միջից այդ թախիծը հանելն է»,- նշում է արվեստագետը:

Հ. Գ. Երեկ Դ. Դեքերը երգահան Արա Գեւորգյանի հետ մասնակցեց Արցախի «Կարոտ» փառատոնին, ինչի մասին տեղեկատվություն է տարածել facebook-ի իր էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել