Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԵՍՏ ՄՇԱԿԸ

Սեպտեմբեր 03,2010 00:00

\"\"ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը  40 տարի բեմում է

Ցանկացած թատրոն կենսունակ է ոչ միայն առաջին մեծության աստղերով, այլեւ նրանցով, ում նվիրումն անսահման է: Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը անմնացորդ ու համեստաբար 40 տարի ծառայում է օպերային արվեստին: Ազգային օպերային թատրոնում նա բեմ է բարձրացել ե՛ւ համաշխարհային, ե՛ւ հայկական օպերային գրականության շուրջ 20 նշանավոր դերերգերով, այդ թվում՝ Բիզեի «Կարմենում»՝ Էսկամիլիո, Դոնիցետիի «Պողիկտոսում»՝ Սեվերո, Ռոսինիի «Ամուսնական մուրհակում»՝ Տոբիաս Միլլ, Վերդիի «Տրուբադուրում»՝ Կոմս Դի Լունա, «Աիդայում»՝ Ամոնասրո, Սպենդիարյանի «Ալմաստում»՝ Իշխան Թաթուլ, Չուխաջյանի «Արշակ Երկրորդում»՝ Արշակ Երկրորդ, Տիգրանյանի «Անուշում»՝ Մոսի եւ այլն: Օպերային բարիտոնի կարիերայի սկիզբը այդքան էլ հարթ չի եղել: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով իր բեմական գործունեության այդ շրջանին, Կ. Սիմոնյանն ասաց. «Օպերային թատրոնի այն տարիների տնօրեն Սիլվա Մեքինյանը պատճառաբանելով, որ մեներգչի հաստիք չունի, ինձ առաջարկեց մնալ որպես ստաժոր՝ առանց աշխատավարձի, ես էլ, ընտանիքիս շահերից ելնելով, բնականաբար, չէի կարող համաձայնել: Տասը տարի աշխատեցի մեր կոնսերվատորիայի Սարյանի անվան ստուդիայում որպես մեներգիչ, 12 տարի էլ՝ Էմմա Ծատուրյանի ղեկավարած Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբում, դարձյալ որպես մեներգիչ: Եվ միայն 1985թ., երբ Օպերային թատրոնի տնօրեն նշանակվեց Հովհաննես Չեքիջյանը եւ գլխավոր ռեժիսոր՝ Տիգրան Լեւոնյանը, մասնակցեցի մրցույթի, եւ մինչ օրս թատրոնում եմ»: Այսօր էլ երգիչը ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիայի կողմից իրականացվող Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում պատրաստում է կերտել վրացի իշխանի կերպարը: Ընդ որում, այդ դերերգով Կ. Սիմոնյանը 1969թ. հանդես է եկել բեմադրող դիրիժոր Արամ Քաթանյանի եւ մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանի բեմադրությունում: Երգիչը բեմ է բարձրացել հայկական օպերային արվեստի այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Գոհար Գասպարյանը, Գոհար Գալաչյանը, Արշավիր Կարապետյանը, Միհրան Երկաթը, Նար Հովհաննիսյանը, Հասմիկ Պապյանը, Գեղամ Գրիգորյանը, Ելենա Օբրազցովան, Մարիա Բիեշուն, Ալեքսանդր Խոմերիկին, դիրիժորներ Օհան Դուրյանը, Հակոբ Ոսկանյանը, Յուրի Դավթյանը եւ այլք: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, եվրոպական երկրներում եւ այլն: Նրա առինքնող արտաքինը եւ արտիստիկ պահվածքը ունկնդրին տանում են թատրոնի այն ժամանակները, երբ նշված հատկանիշները հաջողության գրավականներից էին: Արտիստին նկատել եւ հրավիրել են նկարահանվել ֆիլմերում («Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին» եւ այլն) անվանի ռեժիսորներ Դմիտրի Կեսայանը, Արման Մանարյանը եւ այլք: Կինոարվեստում էլ Կ. Սիմոնյանն ունեցել է մեծանուն խաղընկերներ՝ հանձին Վարդուհի Վարդերեսյանի, Ավետ Ավետիսյանի, Կարեն Ջանիբեկյանի… Հավատարիմ մնալով իր մասնագիտությանը, երգիչը հավատարիմ է եղել նաեւ արվեստակից բարեկամներին: Հիշենք, թե ինչպիսի խիզախությամբ ժամանակին նա բողոքի ձայն բարձրացրեց նախկին նախարարներից մեկի դեմ, երբ վերջինս հանիրավի պաշտոնանկ էր արել Տիգրան Լեւոնյանին:

Կ. Սիմոնյանը 1990թ. Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ է, պատրաստել է շուրջ 40 երգիչ, որոնց մի մասը արտերկրում է, իսկ չորսը՝ Դավիթ Բաբայանցը, Տիգրան Կոնինյանը, Արտակ Մելքոնյանը եւ Գարիկ Պետրոսյանը Ազգային օպերային թատրոնի առաջատար մեներգիչներ են: Թատրոնում սիրով են խոսում երգչի մասին, շեշտելով նաեւ նրա մարդկային որակները: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Կ. Սարաջյանն էլ մեզ հայտնեց, որ ժամանակին ինքը Էկվադորի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ռեյնալդո Կանյիսարես Պեսանտեսի կողմից շնորհակալագիր է ստացել այն բանի համար, որ Կ. Սիմոնյանը 2002-05թթ. աշխատելով Էկվադորի կոնսերվատորիայում, հիմնադրել է օպերային երգի դպրոց, իսկ նրա սաներից ոմանք էլ դարձել են միջազգային մրցույթների առաջին էկվադորցի հաղթողներ: Երգիչը 2004 եւ 2005թթ. արժանացել է Էկվադորի մշակույթի եւ կրթության նախարարությունների հատուկ մրցանակների ու դիպլոմների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել