Մոսկվայի ներքին գործերի քաղաքային վարչության մամուլի խոսնակ Վիկտոր Բիրյուկովը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի լրագրողներին ցուցադրել է իր վիրակապված միջնամատը, որից մաքրվել է «բանտային» դաջվածքը: Պաշտոնյայի միջնամատի վրա եղած մատանու տեսքով ու դրա կենտրոնում մի կետիկով դաջվածքը մեծ աղմուկ էր բարձրացրել հատկապես սոցիալական բլոգներում: Ինտերնետ հասարակայնությունը ստիպել էր Բիրյուկովին մաքրել այն:
Այն, որ իրավապահ մարմնի մամուլի ծառայության ղեկավարն այցելել է մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկն ու մաքրել տվել «պատանեկան չարաճճիության» հետքը, դեռ երկու օր առաջ պատմել էին նրա ընկերները: Բայց լրագրողներին միայն նոր է հաջողվել անձամբ դրանում համոզվել: Ի պատասխան հարցին, թե արդյոք ցավո՞տ է եղել դաջվածքը մաքրելու պրոցեսը, Բիրյուկովը հպարտորեն լռել է:
Հիշեցնենք, որ դաջվածքն առաջին անգամ նկատել էին հենց բլոգերները, երբ drugoi ծածկանունով հանդես եկող բլոգերներից մեկն իր էջում տեղադրել էր Խիմկինսկի անտառի պաշտպանության համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ արված Բիրյուկովի լուսանկարը: Իսկ լուսանկարում հստակ երեւացել էր Բիրյուկովի «մատանի» դաջվածքը:
Բլոգերները անմիջապես սկսել էին դրա ծագման շուրջ ենթադրություններ անել: Ոմանք պնդել էին, թե նման դաջվածքները սովորաբար անում են ՌԴ քրեական օրենսգրքի «Ուրիշի ունեցվածքը գաղտնի խլելը» հոդվածով դատապարտված «քրեականները»: Այլք կարծիք էին հայտնել, թե դա «գողերի շրջանում բարձր դիրք» ունենալու վկայություն է:
Արդյունքում բլոգերներից մեկն անձամբ էր դիմել Բիրյուկովին, եւ վերջինս պարզաբանել էր, որ դաջվածքն արել է երիտասարդ ժամանակ՝ տեխնիկումում սովորելու ընթացքում: «Մեկը խաչ էր անում, իսկ ես՝ «մատանի», որովհետեւ նկարել ավելի լավ գիտեի»,- հայտարարել էր Բիրյուկովը՝ խոստանալով մաքրել դաջվածքն ու նույնիսկ ցանցում տեղադրել դաջվածքից մաքրված իր միջնամատը, երբ վերքերն ապաքինվեն:
Իսկ ամենաշատն այս պատմության մեջ իրեն՝ Բիրյուկովին, իր ասելով, զարմացրել էր ոչ թե այն, որ իր դաջվածքն ընդհանրապես նկատել էին, այլ այն մարդիկ, ովքեր դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն էին դրսեւորել: «Այդ դեպքը վկայում է, որ հասարակության ներսում մարազմն արմատավորվում է»,- հայտարարել է Բիրյուկովը: