Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ՊԱՂԵՍՏԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱ՞Ն

Սեպտեմբեր 03,2010 00:00

\"\"Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդներ Բինիամին Նեթանյահուն եւ Մահմուդ Աբբասը առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Սպիտակ տանը գործնական ճաշի սեղանի շուրջ: BBC-ի փոխանցմամբ, ճաշին մասնակցել են նաեւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ու Հորդանանի թագավոր Աբդալլը:

Արդեն հինգշաբթի օրը Նեթանյահուն եւ Աբբասը կնստեն ոչ թե ճաշի, այլ բանակցությունների սեղանի շուրջ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընկերակցությամբ: Մինչեւ գործնական ճաշը, Մերձավոր Արեւելքի չորս երկրների առաջնորդները, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահը հանդես են եկել մերձավորարեւելյան խաղաղ կարգավորման շուրջ կարճ ելույթով: Մասնավորապես Բարաք Օբաման հայտարարել է, թե երեքշաբթի օրը սկսվող բանակցությունները պրոցեսի բոլոր մասնակիցների ընդհանուր խնդիրն է. դա անկախ պաղեստինյան ինքնավար պետության ձեւավորումն է, որը խաղաղ կգոյակցի հարեւան Իսրայել պետության հետ: «Կբավարարի՞ մեզ խիզախությունը եւ իմաստնությունը՝ խաղաղ ճանապարհով գնալու համար. հենց այդ հարցն է, որ իրենց տալիս են բանակցությունների մասնակիցները»,- հայտարարել է Օբաման:

Եգիպտոսի, Հորդանանի, Իսրայելի ե ւ Պաղեստինի առաջնորդները խոսել են Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման անհրաժեշտության եւ օգուտների մասին: Այդուհանդերձ, չորս ղեկավարներից յուրաքանչյուրն էլ իր ելույթում նախընտրել է վիճահարույց հարցերին չանդրադառնալ:

Նեթանյահուն իր ելույթում հայտարարել է, թե «հոռետեսները շատ են, եւ ես հավատում եմ, որ հոռետեսության պատճառներ կան, բայցեւ հավատում եմ, որ խաղաղություն հաստատել հնարավոր է»:

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Աբբասը հպանցիկ, բայց անդրադարձել է հրեական բնակավայրերի կառուցման խնդրին: Նա հայտարարել է, թե պաղեստինցիները խոստանում են կատարել իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները, եւ Իսրայելին եւս կոչ է արել կատարել միջազգային օրենսդրության համաձայն ստանձնած իր պարտավորությունները: «Սա նախապայման առաջադրելու փորձ չէ, այլ արդեն համաձայնեցված պարտավորությունները կատարելու կոչ»,- ասել է Աբբասը:

Հիշեցնենք, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները համաձայնել են ուղիղ բանակցություններ սկսել ավելի քան 20 ամիս տեւած դադարից հետո: Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդները Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ուղիղ բանակցությունները սկսելուց առաջ միմյանց ձեռք են սեղմել: Նեթանյահուն Աբբասին անվանել է խաղաղություն հաստատելու գործում իր գործընկերը՝ հավելելով, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի Իսրայելի անվտանգությունը: Աբբասն իր հերթին կարծիք է հայտնել, թե համաձայնության հասնել հնարավոր է մեկ տարվա ընթացքում, բայց Իսրայելը պետք է սառեցնի Գազայի հատվածում հրեական բնակավայրերի կառուցումը:

Կողմերի միջեւ բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն արդեն ուրբաթ օրը:

Ընդսմին, պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական խմբավորումը երեկ սպառնացել է շարունակել հարձակումներն իսրայելցիների դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել