Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ «ԳԱԼՈՉԿԱ», ԱՅԼ ԳՈՐԾ

Սեպտեմբեր 03,2010 00:00

Կրթական հաղորդումների պակասից դժգոհում են ծնողներն ու մանկավարժները

Կրթական թեմաներով պարբերաբար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդաշարեր գրեթե չկան: Մասնավոր հեռուստաընկերությունները, բիզնեսի կազմակերպման տեսանկյունից, գուցե կարող են իրենց թույլ տալ եթեր չհեռարձակել նման հաղորդումներ, սակայն Հանրային հեռուստաընկերությունը, որը «սնվում» է նաեւ հարկատուներիս վճարած հարկերից, պարտավոր է դա անել: Օրինակ՝ բնապահպանության նախարարությունը, քաղաքապետարանը, Ազգային ժողովը եթերում ունեն իրենց հաղորդաշարերը, իսկ ի՞նչն է խանգարում ԿԳՆ-ին եւս դա անել Հանրայինի եթերում:

«Առավոտի» հետ զրույցում ծնող Նարինե Հովսեփյանը, ում երեխան այժմ տեղափոխվել է թիվ 105 ավագ դպրոց, վրդովվեց. «Ավագ դպրոցների մասին այդպես էլ ամբողջական ինֆորմացիա չստացա: Հեռուստաընկերությունները միայն լուրերի ընթացքում են կցկտուր անդրադառնում թեմային, բայց հրապարակային քննարկում չծավալվեց, որ ծնողին կողմնորոշեր: Այնինչ՝ ժամանակին կային կրթական հաղորդումներ, ֆրանսերենի, այլ առարկաների դասաժամեր էին հեռարձակվում»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երբ նոր էր նշանակվել պաշտոնում, անընդհատ շեշտում էր, թե ԿԳՆ-ն պայմանավորվածություն է ձեռք բերելու հեռուստաընկերությունների հետ՝ համատեղ կրթական հաղորդումներ պատրաստելու համար: Ուստի ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ծրագիրն ինչո՞ւ չի իրականանում: Նա պատասխանեց. «Շուտով եթերում կրթական թեմաներով հոլովակներ եւ հաղորդումներ կհայտնվեն: Ժամկետներ չեմ կարող ասել, բայց նախարարությունն արդեն Հանրային ռադիոյի եւ հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն ունի»: Դժգոհությունը մեծ է նաեւ մանկավարժների շրջանում: Ս. Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը նկատեց. «Հասարակության տեղեկացվածության աստիճանը ցածր է, այդ պատճառով էլ նա չի կանգնում դպրոցի կողքին: Հեռուստաընկերություններով հաճախ պետք է կազմակերպվեն քննարկումներ, կատարվեն վերլուծություններ, որ հասարակությունը տեսնի, թե դպրոցում ինչ բարեփոխումներ են կատարվում: Գոնե շաբաթական երկու անգամ որեւէ ալիքով պետք է լինեն կրթական հաղորդումներ: Եթե առաջնորդվենք միայն բիզնեսով, ուրեմն պիտի դպրոցը կորչի»: Մ. Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցի տնօրեն Լեւոն Հարությունյանն էլ նկատեց. «Այդ հաղորդումները չպիտի լինեն զուտ «գալոչկայի» համար կամ մեկի պլանով, դրանք պիտի գործին օժանդակեն»: Զրուցեցինք նաեւ ժամանակին «Ար» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կրթություն ցպահանջ» ծրագրի հեղինակ-վարող, լրագրող Արմենուհի Հարությունյանի հետ: Նա կարեւորեց հասարակության իրազեկումը եւ նկատեց. «Ցավոք, լրատվամիջոցները կրթական խնդիրներին հիմնականում անդրադառնում են լրատվության մակարդակով. գրեթե չկա լուրջ վերլուծություն, մեկնաբանություն: Արդյունքում ռադիոն եւ հեռուստատեսությունը նպատակին չեն ծառայեցվում: Եթե երեւանցիներն ու երեւանամերձ տարածքներում ապրողները կարողանում են ինֆորմացիա ստանալ՝ օգտվելով նաեւ ինտերնետից, տպագիր մամուլից, ապա հեռավոր մարզերում ապրողների համար ինֆորմացիա ստանալու հիմնական ճանապարհը դեռ մնում են Հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը: Ուստի հենց դրանք պիտի ստանձնեն հասարակությանը կրթության ոլորտի իրադարձությունների կիզակետում պահելու, վերաբերմունք ձեւավորելու դերը: Ցավոք, այսօր այդ ծանրությունը հիմնականում ընկել է կրթական հաստատությունների վրա: Մանկավարժներն իրազեկում են իրենց սաներին, սաները՝ ծնողներին, ծնողները՝ հարազատներին եւ այսպես… ստացվում է չհամակարգված շղթա»: Հիշեցնելով, որ առաջիկայում հեռուստառադիոհաճախականությունների մրցույթ է սպասվում, Ա. Հարությունյանը հավելեց. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի, որ հեռուստաընկերություններն ապահովեն որոշակի քանակով կրթական հաղորդաշարեր: Հեռուստաալիքներին պիտի խրախուսել, ինչ-որ առումով նրանց վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք անդրադառնան կրթության խնդիրներին: Իսկ Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն կոնկրետ քաղաքականություն պիտի վարեն խնդրի լուծման ուղղությամբ: Մենք բոլորս ունենք մեկ նպատակ՝ ստեղծել մրցունակ եւ որակյալ կրթություն: Այս գործում չպետք է անտեսել ամենահզոր ու ամենակարեւոր գործիքներից մեկի՝ ԶԼՄ-ների ճիշտ եւ նպատակային օգտագործումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել