Թեհրանաբնակ մի խումբ հայ երեխաներ այս օրերին երեւանյան ցուցահանդես են կազմակերպել: Աշնանային գույներն ու մրգային բազմազանությունը պատկերող աշխատանքների հեղինակները Թեհրանի «Ակունք» կենտրոնի հատուկ կարիքներ ունեցող սաներն են: «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ցուցահանդեսում երեխաներից մի քանիսը, աշնանային պատկերներից բացի, աստվածաշնչյան թեմաներով աշխատանքներ էին ներկայացրել: «Երեխաների համար երազանք էր հայրենիք գալը, իրենց աշխատանքներն այստեղ ներկայացնելը, նրանք այս օրվան առանձնահատուկ են պատրաստվել: Մի մասն առաջին անգամ է Հայաստանում, շփոթված են ու հուզված»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր կենտրոնի տնօրեն Մարթա Հովսեփյանը: Նրա խոսքով, Հայաստան գալուց առաջ նախահայաստանյան լայնամասշտաբ ցուցադրություն էին կազմակերպել Թեհրանում, լավագույն աշխատանքներն էլ իրենց հետ հայրենիք են բերել ներկայացնելու: Տիկին Հովսեփյանն ասաց, որ դեռ չեն հասցրել շրջել Երեւանում, բայց առաջիկա օրերին երեխաները կայցելեն Հ. Թումանյանի տուն-թանգարան եւ Ծիծեռնակաբերդ:
Հաջորդ շաբաթ էլ կենտրոնի սաներն իրենց աշխատանքները կներկայացնեն Արցախում, կայցելեն նաեւ Ջերմուկ ու Նորավանք: Ցուցահանդեսը հուզիչ էր, որովհետեւ հեղինակները հաշմանդամ երեխաներ են, սակայն ամեն գնով հավաստում են, որ իրենք հասարակության լիարժեք անդամներ են: