Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ ՎԱՍԻԼԻ ՍՏՈՒՍԸ

Սեպտեմբեր 03,2010 00:00

Մենք մի հայ բանաստեղծ ունենք, որը Հայաստանի ճակատագրով մտահոգ, Հայաստանի համար կյանքը զոհելու պատրաստ, մշտարթուն անհատների մասին ասում է՝ Հայաստանի՝ «վերարկուով քնած զավակները»։ Այդպիսին էր Վասիլի Ստուսն իր Ուկրաինայի համար։

\"\"
Ստուսը առաքյալ է Ուկրաինայի համար:

\"\"
Քաղբանտարկյալ Վասիլի Օվսիենկոյի հետ Ռազմիկ Մարկոսյանը խնկարկում է Ստուսի շիրիմը:

Ստուսի հետ իմ մտերմությունը 35 տարվա պատմություն ունի։

Ես ունեցել եմ ընկերներ, որոնք մարտի դաշտում իրենց կյանքը զոհել են հանուն իրենց երկրի անմահության։ Ես այսօր էլ շարունակում եմ սիրել նրանց ու գնահատել նրանց գործը։ Բայց Ստուսի արածն իր երկրի համար ավելին էր, քան կյանքը զոհաբերելը։ Ստուսը պարզապես մարտիկ չէր։ Նա գաղափարախոսություն էր՝ տեսակի նախատիպ։ Ես ունեցել եմ նաեւ ընկերներ, որոնք իմ գաղափարական զինակիցն են եղել, խոհեմ, անձնուրաց։ Բայց Ստուսն ինձ համար մի ուրիշ աշխարհ է։ Նա համեմատությունից դուրս է, չափանիշներից՝ վեր։ Իմ հարազատ, անզուգական Վասիլի Ստուսը։

Քաղաքականությունն այն ասպարեզն է, որտեղ, եթե բարոյական արժեքների կրողն ես, դժվար է ձեռքբերումներ ունենալը՝ հավատարիմ մնալով տեսակիդ։ Գուցե ուրիշ ասպարեզներում էլ է դա դժվար, բայց քաղաքականության մեջ, հաստատ՝ շատ ավելի։

 

Մտքով եմ ցրում վիշտ ու տառապանք,

Որ ինչպես որ կամ, այնպես էլ մնամ։

Վ. Ստուս (թարգմ.՝ Ռ. Պապայանի)

 

Ստուսն այն եզակի քաղաքական գործիչներից էր, որի ցանկացած քայլի հիմքում բարոյականությունն էր՝ քրիստոնեական բարոյականությունը։ Իսկ դա մշտապես վեհացնում է մարդուն։ Դա մի վիճակ է, երբ առաքինությունդ սնվում է ինքն իրենով։ Նման մարդիկ սովորաբար շատ համեստ են լինում։ Նրանց համար խորթ ու անհասկանալի է մեջտեղում ցցվողի ապրելակերպն ու վարքագիծը։ Նրանց ինքնադրսեւորումը կայանում է ինքնաբերաբար, բնականորեն եւ չի պահանջում զոհեր կամ զոհողություն։ Բարոյականությունը Ստուսի հավատամքն էր, նրա ուժի աղբյուրը։ Ես Ստուսի հետ ծանոթացել եմ մի վայրում, որտեղ մարդիկ ցայտուն կերպով են դրսեւորվում։ Այդ պայմաններում անհնար էր տեւականորեն կեցվածք ընդունելը, կեղծելը։ Դա մի վայր էր, որտեղ մարդը բացահայտվում էր ամբողջությամբ։ Իսկ Ստուսն ինձ համար բանտային ու կալանքի այդ պայմաններում իսկապես բացահայտում էր՝ բառիս լավագույն իմաստով։ Նա երբեք չէր վրիպում, հոգու ու մտքի մարտադաշտում երբեք տանուլ չէր տալիս։ Ստուսը երբեք չէր առաջնորդվում «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով։ Նա վեր էր դրանից։ Ստուսն իրեն բաժին ընկած վիճակը կրում էր ասպետորեն, առնաբար, եւ ինչպես ինքն էր ասում մի բանաստեղծության մեջ՝ «Խաչս ծանր է, թե թեթեւ՝ չեմ հարցնում»։

ԳՈՒԼԱԳ-ի գայլային օրենքների կատարյալ գերակայության այդ պայմաններում Ստուսը մինչեւ վերջ մնաց մարդ։

Մարդկանց՝

Մահվան դատապարտված,

Հրացաններ տվեցին՝

Կատարելով նրանց վերջին կամքը։

Եվ նրանք սկսեցին գնդակահարել

Մյուս մահապարտներին,

Որ հաշտվեն

Իրենց իսկ կործանման մտքի հետ։

Վ. Ստուս (թարգմ.՝ Ռ. Պապայանի)

Ահա այսպես է բանաձեւում Ստուսն այն աշխարհը, որի ակամա բնակիչն էինք մենք։ Մի աշխարհ, որտեղ պիտի գերմարդ լինես, որպեսզի կրես անհամար պատիժներ, ստորացումներ, զրկանքներ ու միաժամանակ կարողանաս Ստուսի նկարագրած մահապարտների հոգեվիճակին հասնելու փոխարեն բանաստեղծություն կարդալ, էլ չեմ ասում՝ գրել։ Ու գրել՝ հանճարեղ։

Մորդովիայի 19-րդ ճամբարի պատժախցում Ստուսը մի անգամ ինձ համար կարդաց իր «Այստեղ ես, այստեղ» բանաստեղծությունը։ Կարդաց բնագրով՝ ուկրաիներեն։ Ես չհասկացա, բայց փշաքաղվեցի։ Նրա բանաստեղծությունը աղոթքի նման էր հնչում։ Ստուսն ինձ ներկայացրեց բանաստեղծության բովանդակությունը։ Ես հասկացա ու կրկին փշաքաղվեցի։ Ես ցնցված էի… Այս պահին աչքիս առաջ է այդ բանաստեղծության հայերեն թարգմանությունը (թարգմ.՝ Ռ. Պապայանի)։ Ես կարդում եմ, հուզվում, հիանում։ Բայց այնպես կուզեի լսել Ստուսի ուկրաիներեն աղոթքը՝ «Այստեղ ես, այստեղ»։ Կուզեի նրա համար փոխադարձաբար կարդալ իմ ուշացած աղոթքը՝ հայ բանաստեղծ Սեւակի խոսքերով.

Օգնիր ինձ, Մարիամ,

Անաղարտ մնամ

Այս ճահճանման աղտ-աղարտի մեջ,

Որ դժգոհություն բառով է կոչվում։

Պերմի 35-րդ ճամբարում Աստծո կամոք հանդիպեցի Ստուսի մերձավոր ընկերոջը՝ Էվգեն Սվերստյուկին։ Ստուսը, իհարկե, պատմել էր ինձ Սվերստյուկի մասին։ Հանդիպումից ես անմիջապես հասկացա, որ նա նույնպես քաղաքական գործիչների ստուսյան աննկուն տոհմից է։ Երբ հանդիպում են մարդիկ, ովքեր այդ արժեքների կրողն են, ապա նրանց շփումը դառնում է մի իսկական տոն։ Մենք երկուսս էլ այն ժամանակ պահանջ ունեինք Ստուսին հիշելու եւ դա անում էինք շատ հաճախ։ Մեր զրույցներում Ստուսը միշտ ներկա էր։ Հետագայում մենք այդ «տոնի» ուրախությունն ապրում էինք նամակների միջոցով։ «Հիշում եմ մեր հանդիպումը Պերմի մարզի 35-րդ ճամբարում,- գրում էր ինձ Սվերստյուկը։- Հիշում եմ, թե Դուք ինչպես ներկայացաք ինձ. «Ես Վասիլի Ստուսի հետ միասին եմ եղել»։ Ես զգացի, որ Ստուսը դեռեւս իմ ընկերն է, բայց նա արդեն առաքյալ է»։

Քաղաքակիրթ աշխարհն այսօր նախկին խորհրդային հանրապետությունների մասին դատում է նաեւ չարիքի կայսրության տարիներին այդ հանրապետություններում ծավալված քաղաքական պայքարով։ Ասենք, քաղաքակիրթ աշխարհը նախկինում էլ էր այդպես դատում։ Մնում է, որ գաղափարական շղթաները քանդողներին այսօր իրենց իսկ երկրներն ու ժողովուրդը գնահատեն։

Այս տարի լրանում է Վասիլի Ստուսի նկատմամբ կատարված ոճրագործության 25 տարին, ոճրագործություն, որով կասեցվեց ընթացքը մի մարդու, ով իր կյանքով վճարեց այն բանի համար, որ իր ժողովուրդն իմանա իսկական ազատության իրական արժեքը։

Ես լավատես եմ ու կարծում եմ, որ Ուկրաինան եւ ուկրաինացիները արժանին են մատուցում իմ սիրելի Ստուսին։

Չէ՞ որ նա մայր Ուկրաինայի «վերարկուով քնած զավակն» էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել