Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգվեց Լոռու միակ օտարալեզու դպրոցը

Սեպտեմբեր 03,2010 00:00

Իսկ Տավուշի օտարալեզու դպրոցների աշակերտների ծնողները բողոքում են

\"\"Լոռու մարզի միակ ռուսական՝ Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցը 109 տարվա պատմություն ունի: 197 աշակերտները սովորում են ռուսական դեսպանատան կողմից տրամադրվող ռուսական գրքերով ու ծրագրերով: Ֆիոլետովոյում հիմնական դպրոցի շենք կառուցվել է 2 անգամ, երկրաշարժից հետո ռուսական Վոլգոգրադ քաղաքի շինարարների կառուցած դպրոցը երբեւէ չէր հիմնանորոգվել, եւ խարխլված տանիքի պատճառով կրթօջախն այլեւս չէր կարող նպատակին ծառայել: Սակայն 2 ամիս առաջ հնչած անսպասելի հեռախոսազանգը հիմնովին փոխեց դպրոցի ճակատագիրը: Դպրոց այցելեցին Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրինությունը, որոշեցին համատեղ ջանքերով հիմնանորոգել կրթօջախը: Հետագայում այս նախաձեռնությանը միացան «Բիլայն» ընկերությունը, Էներգետիկայի միջազգային կորպորացիան, ՎՏԲ եւ «Անելիք» բանկերը: Համատեղ ներդրումը՝ 250 հազար դոլար: «Դպրոցը միակ տեղն է, որտեղ համայնքի բնակիչները պահպանում են իրենց լեզուն ու մշակույթը, որտեղ չեն մոռանում իրենց արմատները»,- երեկ դպրոցի բացման առթիվ իր խոսքում նշեց ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Դպրոցում դեռ անելիքներ կան, հիմնանորոգվելու եւ պատշաճ տեսքի են բերվելու 2 դահլիճները, փոխվելու են պատուհանները, որոնք թեեւ բարվոք վիճակում են, բայց կլիմայական պայմաններից ելնելով՝ հաջորդ տարի այլեւս անպիտան կլինեն: Կրթօջախում նաեւ առարկայական լաբորատորիաների պակաս կա: «Իհարկե, մեզ էլ են ինչ-որ բան թողել, մենք անպայման հետեւողական կլինենք, որ հաջորդ տարի շենքը հարյուր տոկոսով համապատասխանի դպրոցի պայմաններին»,- նշեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

Դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանը շենքի հիմնանորոգումը հրաշք է համարում եւ նշում, որ այս տարի բուհ ընդունված 17 շրջանավարտներից 10-ը ուսումը շարունակելու է ՌԴ-ի բուհերում: Սրանից բացի, տնօրենը հաջողությունների շարքում ավելացնում է Մոսկվայում կայանալիք Պուշկինի անվան միջազգային օլիմպիադային իրենց ուսուցչուհու մասնակցությունը: «Ուսուցիչներն ու աշակերտները վախով էին սպասում նոր ուսումնական տարվան, այժմ պարտավորվում ենք ավելի շատ աշխատել եւ աչքի լույսի պես պահել կրթօջախը հաջորդ սերունդների համար»,- բոլորի անունից խոստացավ դպրոցի տնօրենը:

Ու մինչ ֆիոլետովցիները նշում էին նոր դպրոցի բացումն ու Գիտելիքի օրը, Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 նախկին ռուսական, այժմ հիմնական դպրոցի (դպրոցում ռուսական դասարաններ կան) աշակերտների ծնողները շրջափակել էին ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին եւ պահանջում էին իրենց երեխաների կրթության իրավունքը չխախտել: Պարզվում է, ավագ դպրոց համակարգի ներմուծումը կարող է ազդել 17 երեխայի ճակատագրի վրա, քանի որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո, ըստ օրենքի, նրանք պետք է տեղափոխվեն Դիլիջանի թիվ 1 դպրոց, որը հայալեզու է, եւ դժվարամատչելի կամ ամբողջովին անհասկանալի՝ 8 տարի շարունակ բոլոր առարկաները ռուսերեն սովորած աշակերտների համար: «Դժվար տարիներին ընտանիքներով գնացել էինք, այնտեղ երեխաները դպրոց են գնացել, այստեղ շարունակելու խնդիր չի եղել, հիմա ինչ անենք, չգիտենք,»,- ասում է Գոհար Մարտիրոսյանը: Մարզի ռուսական համայնքի ներկայացուցիչները փորձել են Իջեւանում հանդիպել Մանկավարժական կոնֆերանսի մասնակից ՀՀ ԳԿՆ պաշտոնյաներին. «Մեզ սխալ ժամ են ասել, գնացել ենք, տեսել՝ վերջացել է, խուսափո՞ւմ են հանդիպումից, բայց մենք պայքարելու ենք»,- նշում են ռուսական համայնքի ներկայացուցիչները:

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը խորհուրդ տվեց նախ գրավոր դիմում գրել, որպեսզի հարցը ավելի բարձր ատյաններում ներկայացվի:

Ֆիոլետովոյի դպրոցի աշակերտների ծնողներն էլ անհանգստացան, սակայն տնօրենը պարզաբանեց, որ եթե տարածաշրջանում օտարալեզու դպրոցը միակն է, ապա երեխաները 12-ամյա կրթություն կստանան հենց նույն դպրոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել