Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՓՈՐՁԵՆ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԳԱԼ ԳՅՈՒՂ»

Սեպտեմբեր 03,2010 00:00

Կառավարության անդամներին հորդորում է Արեւիկ գյուղի բնակիչը

\"\"
Արեւիկ հասնելու համար այսպիսի ճանապարհներ պետք է հաղթահարի «Արմավիր-Արեւիկ» ավտոբուսը:

\"\"
Արեւիկում կային մարդիկ, որ դոմիկներում էին բնակվում:

\"\"
Արեւիկցի Վահան Մինասյանը մեզ հանդիպած միակ մարդն էր, որ դժգոհ չէր ո՛չ խաղողի բերքից, ո՛չ էլ գյուղի կյանքից: Վստահ է՝ աշխատող մարդն ուր էլ գնա՝ լավ է: Նա իր ստացած բերքն իրացնելու խնդիր չունի, սեփական բեռնատար մեքենաներով ապրանքը տանում է Մոսկվա: Միակ խնդրի մասին, որ ցանկացավ բարձրաձայնել՝ թունաքիմիկատների անորակ լինելն էր:

\"\"
Մանկապարտեզի երբեմնի շենքը վերածվել է մարդկանց ժամանակավոր կացարանի:

Արեւիկ գյուղը Արմավիրի մարզկենտրոնի ավտոկայարանից 9 կմ հեռավորության վրա է գտնվում: Ճանապարհ չլինելու պատճառով միակ տրանսպորտային միջոցով՝ ավտոբուսով, արեւիկցիները այդ 9 կիլոմետրը հաղթահարում են 35-40 րոպեում: Մի կողմից խորդուբորդ ճանապարհը, մյուս կողմից՝ «իրար գլխի» լցված մարդիկ ու ավտոբուսում տիրող գաղջ օդը մի պահ ստիպեցին իջնել, ու ճանապարհը շարունակել տաքսիով: Հետո ինքս ինձ նախատեցի՝ ինչ լրագրող, եթե նյութ եմ պատրաստելու այդ գյուղի ու տեղի մարդկանց մասին ու գոնե մի օր չեմ ապրելու նրանց պես: «Ավտոբուսը ջարդվել է, մարդիկ էլ՝ հետը»,- իմանալով, որ լրագրող եմ, ասաց օրական 5 անգամ այդ ճանապարհն անցնող վարորդն ու առաջարկեց ավտոբուսը կանգնեցնել, որպեսզի նկարեմ երթեւեկը:

Արեւիկում 890 տնտեսություն, 2765 բնակիչ կա: Այստեղ էլ, ինչպես շատ համայնքներում, գյուղացիները դժգոհում էին բարձր տոկոսադրույքներով եւ կարճ ժամկետով տրվող վարկերից: Այս գյուղում մարդիկ հիմնականում խաղողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, ցանում են նաեւ հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ: Գյուղում խմելու ջրի խնդիր կա, խմելու արտեզյան ջուր գյուղացիներն ունենում են օրական 1-2 ժամ, բայց քանի որ ջրագծերը հին են, բնակիչների հավաստմամբ, հաճախ ծորակից, ջրից բացի, ժանգ ու որդեր են «համտեսում»:

«Պարտք, տոկոս, վարկ՝ դա է այսօրվա գյուղացու վիճակը, ուրիշ բան չկա, դրա համար ժողովուրդը փախչում, գնում է ուրիշ երկրներ»,- այսպես ներկայացրեց արեւիկցիների առօրյան գյուղամեջում հավաքվածներից՝ 40-ամյա Սամվելը: «Իրականում սա է վիճակը, բայց ուրիշ բան են ցույց տալիս, էս երկիրը, կառավարությունը ստի վրա է հիմնված: Թող ղեկավարները մի օր ոչ թե ախրաննիկներով, այլ անձամբ նստեն իրանց ջիպերը ու փորձեն այս ճանապարհներով գալ գյուղ, տեսնեն՝ իրենց մեքենայից ինչ կմնա»,- դժգոհում էր գյուղի ջրային տնտեսության նախկին նախագահ՝ 51-ամյա արեւիկցին, որ չցանկացավ իր անունը հրապարակել թերթում: Նա կարծում է, որ խաղող մշակելն այլեւս ձեռնտու չէ, որովհետեւ ծախսերը շատ են, եկամուտները՝ քիչ. «9 ամիս սպասում ես պարտքերի տակ ճռռալով, որ պիտի եկամուտ ստանաս, այն էլ անբարենպաստ եղանակի պատճառով մնում ես դատարկ տաշտակի առջեւ: Եղածն էլ չես կարողանում իրացնել, հիմա էլ վրացուն չեն թողնում, որ գա, խաղող տանի, գոնե ինքնարժեքը բարձր լինի»:

Չնայած գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հայտարարություններին, թե այս տարի խաղողի բերքն առատ է ու որակյալ, արեւիկցիները պնդում էին, որ իրենց այգիներն այս տարի տուժել են գարնանային ցրտահարությունից ու բերքը շատ չէ: «5000 քառակուսի մետր այգի ունեմ, պիտի քաղեի մոտ 10 տոննա խաղող, բայց էս տարի չկա, որ 3 տոննա լինի՝ լավ է»,- ասաց գյուղապետարանի աշխատակից Արգամ Շահնազարյանը:

Գյուղի կենտրոնում հավաքված երիտասարդներն իրենց գյուղում ապագա չէին տեսնում: Գյուղատնտեսական քոլեջ ավարտած 27-ամյա Կարենն ասաց. «Ամեն շաբաթ օր հավաքվում, մեր դարդերով կիսվում ենք: Մեր շուրջն ենք նայում, մի բան չկա, որ չհիասթափեցնի, մարդու սիրտ ա լցվում: Մի մանկապարտեզ էլ չկա, որ ամուսնանանք, մեր երեխաները, բացի դաշտ գնալուց ու փողոցում խաղալուց, ինչ-որ բան տեսնեն»: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Առաքելյանը տեղեկացրեց, որ գյուղում 130-ից ավելի նախադպրոցական տարիքի երեխա կա, բայց մանկապարտեզը չի գործում. «Դիմել ենք տարբեր տեղեր, խոստացան, որ մանկապարտեզի շենքը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե 2 սենյակը կգործի, էդպես էլ խոստումները մնացին օդի մեջ»: Ս. Առաքելյանին մտահոգում էր ոռոգման ջրի թանկացման փաստը, ասում է՝ կառավարությունը պետք է օգնի, որ գյուղացին գոնե բուժանյութը, պարարտանյութը ձեռք բերի ձեռնտու գներով. «Անցյալ տարի 1 հա ոռոգելը 50-55 հազար էր, այս տարի դարձել է 100-110 հազար, բայց նույն ջուրն է՝ Արազից եկող»: Նրա խոսքով՝ Արեւիկում գյուղացիները հասել են այնպիսի վիճակի, որ շատերը մի վարկը մարելու համար մեկ այլ բանկից են վարկ վերցնում, որ չզրկվեն իրենց տնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել