Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել է ադրբեջանական բանտում գտնվող լրագրող Էյնուլա Ֆատուլաեւի բողոքի վերանայումը:
Ըստ «Թուրան» գործակալության, լրագրողը պահանջում է քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 6-ի դատավճիռը չեղյալ համարել եւ իրեն ազատ արձակել: Նշենք, որ նա դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման՝ «թմրամիջոցներ պահելու համար»:
Նիստի սկզբում փաստաբան Իսախան Աշուրովը դատարանից խնդրել է Ֆատուլաեւին թույլ տալ նստել իր փաստաբանի կողքին: Դատախազը չի մերժել եւ դատավոր Միրփաշա Հուսեյնովը բավարարել է նրա խնդրանքը:
Լրագրողի փաստաբանները խնդրել են, որպեսզի իրենց հնարավորություն տան ծանոթանալու քաղաքային դատարանի դատական նիստերի արձանագրություններին, հաջորդ դատական նիստը նշանակելով մի քանի օրից:
Ֆատուլաեւը դատարանում բողոքել է Ադրբեջանի պաշտոնական մամուլում իր դեմ զրպարտչական բնույթի հրապարակումների դեմ: Նա պնդել է, որ այս ամենի ետեւում կանգնած է հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը: Սակայն դատավորը ընդհատել է նրան եւ ասել, որ այդ հարցը այժմ չի քննվում:
Հիշեցնենք, որ «Գյունդելիք Ադրբեջան» եւ «Իրական Ադրբեջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆատուլաեւը ձերբակալվել էր 2007թ. ապրիլի 20-ին: Նա իր «Ղարաբաղյան օրագիր» հոդվածաշարում նշել էր, որ հայերը չեն սպանել Խոջալուի բնակիչներին: Ֆատուլաեւին դատապարտել էին 2,5 տարվա ազատազրկման՝ «զրպարտության» համար: Ձերբակալելուց հետո նրան մեղադրել էին նաեւ ահաբեկչության մեջ, որից հետո՝ 2007թ. հոկտեմբերի 30-ին նրան դատապարտել էին եւս 8,5 տարվա ազատազրկման: 2009 թվականի դեկտեմբերի 31-ին նրան նոր մեղադրանք էր առաջադրվել՝ թմրամիջոցներ պահելու համար:
Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է, որ Ադրբեջանի կառավարությունը անհապաղ ազատ արձակի լրագրողին եւ վճարի նրան 25. 000 եվրո փոխհատուցում: Ադրբեջանը դիմել է ԵԴ Մեծ պալատին: