Կրթական խճանկար
Սեպտեմբերի 1-ին Երեւանի գրեթե բոլոր հիմնական դպրոցներում (1-9-րդ դասարան) ընդամենը 2-ական առաջին դասարան է լինելու: Վերջին տարիներին յուրաքանչյուր դպրոցի առաջին դասարան հաճախողների թիվը 60-ից չի անցնում: Պատճառները պարզ են՝ Հայաստանի անկախացումից հետո ծնելիության մակարդակը հանրապետությունում կտրուկ իջավ: Միայն վերջին 3-4 տարիներին են հայկական ընտանիքներում 2-րդ, որոշ դեպքերում՝ անգամ 3-րդ երեխա ունենում, ուստի մի քանի տարի անց միայն դպրոցներում աշակերտների թիվը մի քիչ կավելանա:
Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 100 դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը այդ մասին միայն երազում է. «Պետք է երիտասարդ ընտանիքները լավ աշխատանք ունենան, որ գոնե 3 երեխա ունենան ու կարողանան նրանց պահել: Մեր երկրի զարգացման հիմքը երիտասարդ ընտանիքներին աջակցելն է: Ես որպես հայ կին երազում եմ, որ հայկական ընտանիքները բազմազավակ լինեն»:
Նրա ղեկավարած դպրոցում ներառական կրթություն էլ է իրականացվում:
Սարի թաղի Խ. Սամուելյանի անվան թիվ 47 դպրոցի տնօրեն Կարինե Խաչատրյանի խոսքերով, իրենց դպրոցում ընդամենը 2 առաջին դասարան է. «Մեր թաղամասում գործող բոլոր դպրոցների համեմատ, մեր դպրոց ավելի շատ երեխաներ են գալիս: Ճիշտն ասած, չգիտեմ ինչն է պատճառը: Իմ կոլեգաները շատ են դժգոհում, որ տարեցտարի իրենց դպրոցների աշակերտների թիվը պակասում է, բայց մեզ մոտ նման բան չկա: Անցյալ տարի ունեցել ենք 53 առաջին դասարանցի, այս տարի՝ 55»: Նշենք, որ Սարի թաղում ավագ դպրոց չի բացվել, ուստի այս թաղամասի 9-րդ դասարանն ավարտած աշակերտները ստիպված են օրական 400 դրամ ծախսել, որպեսզի կարողանան քաղաքի այլ թաղամասում ավագ դպրոց հաճախել: Ընդ որում, այս թաղամասի երթուղայինները բնակիչներին տեղափոխում են մինչեւ «Տաշիր» առեւտրի կենտրոն: Սա հաշվի առնելով, մենք թիվ 63 դպրոցի տնօրենից հետաքրքրվեցինք՝ իրենց առաջարկ չի՞ եղել՝ դառնալ ավագ դպրոց, որին տիկին Խաչատրյանը պատասխանեց. «Մեզ մոտ 4 դպրոց կա, սակայն դրանցից ոչ մեկը ավագ դպրոց չդարձավ: Մեզ կոնկրետ առաջարկ չի եղել: Շատ եմ ափսոսում այն 9-րդ դասարանցիների համար, որոնք մեր դպրոցից ավագ պետք է գնան: Օրերս նրանց ծնողները արցունքն աչքերին էին գալիս երեխաների գործերը վերցնելու, քանի որ շատերը հնարավորություն չունեն»:
Սարի թաղի 9-րդ դասարանն ավարտած աշակերտներից շատերը հաճախելու են Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոց: Այն գտնվում է Տիգրան Մեծի 64 հասցեում եւ ամենից մոտն է Սարի թաղին: Չնայած դրան, այստեղ հասնելու համար էլ աշակերտները պետք է 2 տրանսպորտ փոխեն: Թիվ 119 դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանի ներկայացմամբ, իրենց դպրոց հաճախելու են ոչ միայն մոտակա թաղամասերի, այլեւ քաղաքի տարբեր թաղամասերի 9-րդ դասարանցիները՝ Էրեբունիից, Կենտրոնից եւ այլ տեղերից: Այս ավագ դպրոցում արդեն հավաքվել է 360 աշակերտ: «Ես կարծում եմ, որ ավագ դպրոցների ստեղծման ծրագիրը շատ լուրջ եւ անհրաժեշտ է, քանի որ երեխային հնարավորություն է տալիս ընտրել իր հնարավորություններին համապատասխան առարկաներ եւ ուսումնասիրել դրանք: Այս դպրոցների ստեղծումը ժամանակի ընթացքում զերծ կպահի մեզ կրկնուսույցների ծառայություններից»,- համոզված է Հ. Կարապետյանը:
Քանաքեռ թաղամասում գտնվող Հ. Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 դպրոցն էլ է դարձել ավագ: Այստեղ նույնպես աշակերտները քչություն չեն անում: Ուսումնական տարին դեռ չսկսած, այս դպրոցում հավաքվել է 355 աշակերտ: Միայն մեկ օրում այստեղ ավագ դպրոց ընդունվելու համար 120 դիմում է եղել: