Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 6 շենքի բնակիչներն այնքան են զայրացած շենքի աղբահանությունից, որ շատերն ուզում են իրենց բնակարանը վաճառել ու հեռանալ այդ շենքից: Մոտ 10 օր է Օհանովի 6 շենքում, ամռան այս շոգ օրերին աղբահանություն չի իրականացվում: Բնակիչների պատմելով՝ այնքան ուշ-ուշ են տանում աղբը, որ գարշահոտությունը տարածվում է բակով մեկ. «Չենք կարողանում պատուհան բացել, սենյակներն օդափոխել: Մի քանի անգամ զանգել ենք աղբահանող ընկերության գրասենյակ, բայց՝ ապարդյուն: Ամեն անգամ խոստանում են, որ կգան կտանեն ու չեն գալիս»: Այս խնդրին «Առավոտն» անդրադարձել էր այս տարվա հուլիսի 10-ին: «Կռունկ» ընկերության տնօրեն Հրաչ Պետրոսյանն այն ժամանակ պատասխանել էր, որ շոգից մեքենաները շարքից դուրս են եկել, եւ նորոգելուց անմիջապես հետո կսկսեն Օհանով 6-ի աղբահանությունը: «Առավոտը» փորձեց պարզել, թե այս անգամ ի՞նչն է պատճառը, որ 10 օր աղբը չեն տանում: «Կռունկ» ՓԲԸ-ի տնօրենը վստահեցրեց, որ իրենք բոլոր ահազանգերին օպերատիվ արձագանքում են. «Ամենաշատը 4 օր կարող է տեւել, որ աղբը չտանեն, այն էլ գուցե ինչ-որ վրիպում լինի: Թե չէ, 2-3 օրը մեկ տանում ենք: Ի՞նչ անենք, որ շոգ սեզոն է, ձմերուկի ու փակելու սեզոն է: Ինչո՞ւ ամիսուկես առաջ չէին ասում, որովհետեւ ձմերուկ չկար, բադրիջանի ու բիբարի կլեպներ չկային, գարշահոտություն էլ չկար»: Մեր այն հիշեցմանը, որ մեկ ամիս առաջ էլ նույն վիճակն էր, եւ իրենք պատճառաբանել էին, որ մեքենաներն անսարք են, պարոն Պետրոսյանը զայրացած հերքեց, որ այսօր էլ նույն իրավիճակն է. «Չի կարող պատահել: Հենց հիմա բրիգադիրի ու սպասարկման բաժնի հետ կիջնեմ այնտեղ ու ձեզ կզանգեմ- կասեմ՝ ինչ է եղել»:
Երեկ ժամը 18.00-ի դրությամբ պարոն Պետրոսյանն այդպես էլ չզանգեց մեր խմբագրություն, իսկ Օհանովի 6 շենքի աղբը նույն ժամի դրությամբ դեռեւս կուտակված էր աղբատարում: