Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սղաճը կանխատեսողը նման է զգեստ ընտրող օրիորդի՞

Սեպտեմբեր 03,2010 00:00

Սակայն այս առումով վատ կանխատեսումներ,  այնուամենայնիվ, արդեն կան

«Կենսապահովման նվազագույն զամբյուղը չպետք է 65 հազար դրամից պակաս լինի, իսկ պարենային զամբյուղը՝ 42-45 հազար դրամից, մինչդեռ այն, պաշտոնական տվյալներով, 41 հազար 52 դրամ է կազմում: Համաշխարհային բանկը, պարզվում է՝ մեզնից դաժան է, ասում է՝ Հայաստանում սպառողական զամբյուղը 33 հազար 60 դրամ է, իսկ պարենային զամբյուղը, պաշտոնական տվյալներով, 26 հազար 485 դրամ է, իսկ բանկն ասում է, որ 21 հազար 330 դրամ է»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

Ասուլիսին ներկա ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ սրան ավելացրեց, որ նման հաշվարկներ անելն ուղղակի սխալ մոտեցում է. «Այսօրվա թիվը հստակ չեմ կարող ասել, որովհետեւ այդ թվերը կանխատեսելը հիմարություն է, դուք կարո՞ղ եք կանխատեսել նորածին երեխայի հասակը 18 տարեկանում»: Իսկ Հ. Մեսրոպյանին սա շատ էր մտահոգում: Նա հետաքրքրված էր տարեսկզբից սղաճի կանխատեսումների փոփոխությունով: «Վարչապետի խոսքերով, այն 7% էր լինելու, ըստ Արժույթի միջազգային հանձնաժողովի ներկայացուցչի՝ 6%, մինչդեռ օգոստոսին այն հասել է 1,3%-ի, երբ մայիսին 1% էր ու վստահեցնում էին, որ իջնելու է: Փաստորեն, նախորդ տարվա 7 ամիսների համեմատությամբ սղաճն աճել է 7,3%-ով: Եթե մեր պլանավորածը մի քանի անգամ փոխվում է, մենք սոցիալական լրացուցիչ բեռ ենք դնում անապահով խավի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքներն էլի են թանկանալու, շատ պարզ պատճառով՝ ճգնաժամը Հայաստանում մուտացիա է եղել, չի վերացել»,- ասաց նա: Հ. Հակոբյանն էլ վստահություն հայտնեց, որ ոչ մի պետություն սղաճը չափելու իրական գործիքներ չունի. «Այ հիմա ես հայտարարում եմ՝ բացառված չէ, որ 1,5%-ով պահենք, բայց բացառված չէ, որ տարին փակենք 8%-ով, նայած ինչ գործիքներ կկիրառեն, սա այն պատմությունն է, որ օրիորդը տնից դուրս գալիս պետք է ընտրի՝ 100 կախված հագուստներից ինչ հագուստ հագնի, սղաճի չափման համար չկա որեւէ հաստատուն գործիք»:

Խոսելով գյուղատնտեսության մասին, պարոն Հակոբյանն ասաց. «Հայաստանը վաղուց հրաժարվել է պլանային տնտեսությունից: Միգուցե սա թերություն է, միգուցե սխալներ ունենք, ո՞վ գիտե, բայց գյուղացուն իրավունք է վերապահված մշակել հողը իր նախընտրած մշակաբույսով»: Ըստ Հ. Մեսրոպյանի, գյուղմթերքի բարձր գներին նաեւ չպլանավորված գյուղատնտեսությունն է նպաստում. «Գները անկանոն թռիչք են անում, գյուղացին էլ իր պարզ տրամաբանությամբ հաջորդ տարի ցանում է այն, ինչը տվյալ տարում բարձր գին ունի եւ սկսում է չմշակել տվյալ տարում ցածր գին ունեցող բերքը, բայց ամեն տարի բույսի տեսակը փոխելը հո միայն բույսի հանելը ու հաջորդը տնկե՞լը չէ, լուրջ խնդիրներ ենք ունենալու ամենամյա այսպիսի փոփոխությունների արդյունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել