Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆ ԱՆՎՏԱ՞ՆԳ ՎԱՅՐՈՒՄ Է

Սեպտեմբեր 03,2010 00:00

Մինչ մասնագետները դա կպարզեն, բնակիչներն ամեն վայրկյան պայթյունի են սպասում

\"\"
Արշակունյաց փողոցում վրա գտնվող «Maxoil» բենզալցակայանն է, որը բնակելի շենքին շատ մոտ է:

\"\"
Կիլիկիայի 1-ին փողոցի «Maxoil» բենզալցակայանն է:

Կիլիկիա թաղամասում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարեւանությամբ արդեն մի քանի ամիս է՝ գործում է «Max oil» բենզալցակայանը: Այն բնակելի տներին այնքան մոտ է տեղակայված, որ նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ անվտանգության նորմերին չի համապատասխանում:

Այդ տարածքի բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ խիստ անհանգստացած են եւ զարմացած, թե ինչպես են համապատասխան մարմինները թույլ տվել բնակելի տներին եւ դպրոցին այդքան մոտ բենզալցակայան կառուցել: Տարածքի բնակիչներից մեկի խոսքերով՝ «Չգիտենք, թե ում բողոքենք: Անկեղծ ասած, մի քիչ վախենում ենք: Գիտենք, որ սովորական մարդ չէ այդ օբյեկտի տերը: Բայց մեզ ավելի շատ անհանգստացնում է, որ մեր երեխաներն են այստեղով անցնում, դպրոց գնում: Ախր մի քանի մետր հեռավորության վրա տներ կան: Բացի այդ, հաճախ լսում ենք, որ մեքենաներն են պայթում գազի արտահոսքից, մի օր էլ հնարավոր է մեկը ծխախոտի մնացորդ գցի այդտեղ, ու մենք կորած ենք: Ամեն օր նման մի բանի ենք սպասում»:

Ի տարբերություն սովորական խանութի, լահմաջոյանոցի կամ այլ սպասարկման օբյեկտի, բենզալցակայան կառուցելու շինթույլտվություն ստանալն այնքան էլ դյուրին չէ: Համենայնդեպս, դա վստահեցնում են քաղաքապետարանի պաշտոնյաները: Մինչ թույլտվություն ստանալը, կառուցապատողը նախ պետք է հատակագիծ, պետավտոտեսչությունից եւ այլ տեղերից փաստաթղթեր ներկայացնի Երեւանի քաղաքապետարան, եւ եթե դրանք համապատասխանում են քաղաքաշինական նորմերին, ապա քաղաքապետի թույլտվությամբ կարող են կառուցել բենզալցակայան:

Մեզ հետ զրույցում քաղաքապետարանից վստահեցրին, որ այսօր կպատասխանեն՝ արդյոք այդ բենզալցակայանի սեփականատերն ունի՞ շինթույլտվություն, թե՞ ոչ. «Հնարավոր է անզեն աչքով նայեք, եւ թվա, թե վտանգավոր գոտում է կառուցված: Բայց նման դեպքերում կարեւորվում է, թե բենզահորերը որտեղ են տեղակայված: Գուցե այնպիսի վայրում են, որ մարդկանց կյանքին ոչ մի սպառնալիք չկա»:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից էլ փորձեցինք ճշտել, թե բենզալցակայան կառուցելու համար ինչպիսի նորմատիվներ են գործում, սակայն պարզվեց, որ մինչ օրս նման նորմ չկա, ինչի պատճառով կենտրոնը չի կարող ստուգայցեր կազմակերպել եւ որոշել՝ խախտում կա՞, թե՞ ոչ: Կենտրոնի տեխնիկական անվտանգության փորձագիտական խմբի ղեկավար Ռուբիկ Բաղեյանի խոսքերով. «Անվտանգության նորմատիվներն առայժմ կառավարության կողմից չեն հաստատվել: Կա նախագիծ, որը վերցված է միջազգային եւ ռուսական նորմատիվներից: Մի քանի անգամ ներկայացվել է կառավարության քննարկմանը, հետո ետ է ուղարկվել՝ լրացումներ եւ փոփոխություններ անելու համար: 2 տարի ընթացքի մեջ է»:

Եթե մինչ օրս տեխնիկական անվտանգության նորմատիվներ չկան, ապա գոնե քաղաքաշինության նորմերով սահմանված է, որ փոքր բենզալցակայանները, որոնք օրական սպասարկում են մինչեւ 500 մարդատար մեքենա, պետք է 25 մետր հեռու լինեն հասարակական, արտադրական եւ բնակելի շենքերից: Իսկ ավելի հզորները՝ 50 մետր: «Առավոտի» հետ զրույցում քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի պետ Նորիկ Մնոյանն ասաց, որ իրենք ստուգումներ են իրականացնում այն օբյեկտներում, որոնց տվել են շինթույլտվություն. «Հենց այսօր նշված տարածք կգնանք եւ կստուգենք, իսկ վաղն առավոտյան կպատասխանենք, քաղաքաշինական նորմերի խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել