Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով՝ Լոռու մարզի բնապահպանական տեսչության բաժնի տեսուչները մեկնել են մամուլում հրապարակված ահազանգի հետքերով: Այս մասին երեկ հաղորդագրություն է տարածել բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ այդ տեղեկատվության, Լոռու տարածքային տեսուչները՝ համագործակցելով տարածքային ոստիկանության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, հայտնաբերել են հատված ծառերը եւ հաշվարկել բնությանը հասցված վնասը, որը կազմել է 442.500 դրամ: Այս ծառերը, ըստ նրանց, հատվել են Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանի կողմից: Նա հատել է վեց ծառ, 4-ը՝ բոխի, 2-ը՝ հաճարենի: Ստուգող խումբը շրջայցեր է նաեւ իրականացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել է հատված եւս 5 ծառ, 3-ը՝ հաճարենի, 2-ը՝ բոխի: Այդ դեպքում բնությանը պատճառված վնասը կազմել է 222.000 դրամ: Գործերը գտնվում են Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում:
Նշենք, որ մի քանի օր առաջ «ԷկոԼուր» լրատվական գործակալության մոնիտորինգային խումբը մեկնել էր այս մարզ՝ բնապահպանական առումով ուսումնասիրելու եւ հայտնաբերել էր, որ այստեղի անտառային տարածքներում ծառեր են հատված: Նրանք մտահոգություն էին հայտնել, որ չեն կարողանում այս խնդիրներով զբաղվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին տեղյակ պահել ծառահատումների մասին, քանի որ վերջինս չունի «թեժ գծի» հեռախոսահամար: