«Պապիռուս գլոբալ» ՍՊ ընկերությունը հայտնվել է ՊԵԿ-ի «սեւ ցուցակում»
Երեքուկես տարի առաջ սկսեցի զբաղվել գործարարությամբ: Ճիշտ է՝ գործարարություն ասածս ընդամենը արտերկրներից ապրանքների ներմուծումն է ու դրանք այստեղ վաճառելը, բայց, ինչպես ասում են՝ չեղածից լավ է:
Երբ 2009 թվականի սեպտեմբերին Պետեկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային ծառայության տեսուչները եկան մեր ընկերություն ստուգում անցկացնելու, ինձ համար շատ վաղ թվաց այդ այցելությունը, քանզի ընկերության հիմնումից անցել էր ընդամենը 1,5 տարի, սակայն նրանք բացատրեցին, որ անցել է բավական ժամանակ, եւ ստուգելու պահը ոչ միայն հասունացել է, այլեւ իրենց զբաղվածության պատճառով մի քիչ էլ դեռ ուշացել է: Համակերպվեցի:
Բավականին երկարատեւ ստուգումից հետո ես հասկացա, որ դա կարող էր տեւել շատ ավելի կարճ: Խնդիրն այն էր, որ ինձ ի վերջո հասկացրին, որ առանց տուգանվելու ես չեմ պրծնի: Որքան ես բացատրում ու ապացուցում էի, որ աշխատում եմ օրենքի սահմաններում, չեմ խուսափում հասանելիք հարկերից եւ տուրքերից, կվերացնեմ մանր-մունր թերությունները, միեւնույն է, նրանք անողոք էին: Միայն հասկացա, որ տուգանքը անխուսափելի է, բայց սակարկելի: Եթե ես համաձայնեի տուգանվել, մանավանդ որ խախտում չկար, ապա տուգանքի չափը քիչ կգրվեր, իսկ եթե՝ ոչ, ապա տուգանքը մեծ պետք է լիներ: Ի վերջո, գրվեց խոշոր տուգանք: Այստեղ էր, որ, ֆուտբոլային լեզվով ասած՝ ես ստացա իմ առաջին դեղին քարտը:
Շուրջ մեկ տարի պահանջվեց, որպեսզի ամեն ինչ ընկնի իր տեղը:
Էլ դատարան, էլ հետաքննություն, էլ քրեական գործ, որի ընթացքը մինչեւ հիմա էլ ինձ պարզ չէ, էլ հաշիվների արգելափակում, էլ խիստ ու սահմռկեցուցիչ նամակներ տարբեր պետական ատյաններից՝ ԴԱՀԿ, Հարկային տեսչություն, դատարան, ֆինանսների նախարարություն: Ասեմ, որ հաղթանակեցի, բայց ուժասպառ եղա: Այս հոդվածը թերեւս չէի գրի, եթե այս պահին չփորձեին ինձ ցույց տալ երկրորդ դեղին քարտը եւ դուրս բերել խաղադաշտից: Երբ 2010 թվականի օգոստոսին դիմեցի ՊԵԿ՝ խնդրելով ընկերության անունով ներմուծած բեռը մաքսազերծել, դիմումս բավարարեցին, բայց դեռ դիմումներիս բավարարման էյֆորիայից դուրս չեկած՝ պարզեցի, որ այդ ամենը հենց այնպես չի լինում: Մարդիկ հոգնել են իմ ներկայացրած դիմումները բավարարելուց: Եվ այս վերջին դիմումս, որը բավարարվել էր ՊԵԿ-ի կողմից, բայց Արարատյան տարածքային մաքսային ծառայությունից (ՏՄ) ինչ-որ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ետ է ուղարկվում նորից ՊԵԿ, որտեղից էլ իմ փաստաթղթերը հայտնվում են ՊԵԿ-ի հետաքննչական բաժնում: Կարելի է ասել, որ մերժվեց նաեւ հաջորդ դիմումս, քանի որ դիմումի հետագա ընթացքն ապահովելու էր Արարատյան ՏՄ պետը. այս ձեւը գործարարները անվանում են «սիրալիր մերժում»: Իմ բանավոր հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ չի բավարարվել դիմումս, հետեւեց շատ հստակ բանավոր պատասխանը, որ մեր ընկերությունը հայտնվել է «սեւ ցուցակում»: Նշեմ, որ մինչեւ այդ ես բազմիցս եմ դիմել նույն խնդրանքով եւ չեմ մերժվել, որովհետեւ ներկայացրել եմ պահանջվող առավելագույն փաստաթղթերը:
Արդեն 22-րդ օրն է լրանում: Իմ բեռնարկղը կանգնած է պահեստում ու գումարներ է կուլ տալիս պահեստավորման ու այլնի համար: Փորձեցի ճշտել հետաքննության ժամկետները: Պարզվեց՝ մինչեւ երկու ամիս է: Թե երկու ամսում քանի կողմնորոշիչ գին կավելանա ապրանքի վրա, չեմ հաշվարկել:
Իմ բիզնեսում ինձ մտահոգում է ոչ թե մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս վաստակած գումարները, այլ որ այս ամենը կարծեք թե դառնում է օրինաչափություն:
Անցել է ուղիղ մեկ տարի՝ պատմածս հարկային տեսուչների ստուգումից, ու թերեւս կարելի էր մտածել աշխատելու մասին, բայց արի ու տես, որ բացված է նոր ստուգում, իսկ ես փորձում եմ խաղալ իմ իմացած ճիշտ ֆուտբոլը: Եթե գործարար-պետություն հարաբերությունները արդարացի չկանոնակարգվեն, ու այդ դաշտը չկանաչապատվի, երեւի թե այլ երկիր գնամ ֆուտբոլ խաղալու. ափսոս, որ այնտեղ ամեն ինչ սկսելու եմ երկրորդ-երրորդ ենթախմբերից ու բարձրագույն լիգա դուրս պրծնելու դեպքում չեմ կարողանալու հնչեցնել իմ երկրի օրհներգը: Հիմա սպասում եմ գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչին, որը կազդարարի իմ համառ պայքարի եւ անիմաստ տառապանքների ավարտը:
Պատրաստակամ ենք տպագրել նաեւ ՊԵԿ-ի պարզաբանումները: