Հայ ազգային կոնգրեսը երեկ ներկայացրեց նաեւ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին առնչվող մի ծրագիր, որի նպատակը քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է եւ օրենսդրությամբ դրա երաշխավորումը։
ՀԱԿ-ի դիտարկմամբ, «1998-2008թթ., չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), եւ 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը կենսաթոշակառուներին թույլ կտա հոգալ իրենց նվազագույն կարիքները»:
Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետեւյալ սկզբունքների զուգակցման վրա.
– քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի եւ քաղաքացու վրա,
– կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձեւավորվում է պետական պարտադիր վճարումներից,
– լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումներն են,
– «այսօրվա աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաեւ «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։