Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂՀ անկախության մասին՝ Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր, ԳԽ արտաքին գործերի մշտական հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանն ասել է, թե ԼՂՀ հռչակումը համապատասխանում էր ոչ միայն ԽՍՀՄ օրենքներին, այլ նաեւ բոլոր միջազգային ստանդարտներին, եւ հիմք էր տալիս ճանաչելու ԼՂՀ անկախությունը։ «Սա ճանաչման համար հիանալի հիմք էր, ցավոք, պետք է նշեմ, որ մենք չօգտագործեցինք պահը։ Այն ժամանակ Հայաստանում քննարկումներ եղել են, եւ դրվել է ԼՂՀ ճանաչման հարցը։ Ես՝ որպես համապատասխան հանձնաժողովի պատասխանատու, ասեմ, որ առաջարկվել էր քվեարկությամբ միաժամանակ ճանաչել թե՛ Ադրբեջանի, թե՛ ԼՂՀ անկախությունը, այսինքն՝ միասնական երկուսին, այդ թվում ճանաչել Ադրբեջանի այն սահմանադրական օրենքը, որով նա հրաժարվում է ԽՄ իրավական ակտերից։ Դա լինելու էր քվեարկությամբ եւ, բնականաբար, անցնելու էր, բայց վերջին պահին խոսք խնդրեց այն ժամանակ ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ խնդրեց հետաձգել քվեարկությունը՝ պատճառաբանությամբ, թե ինքը շտապ պետք է մեկնի Մոսկվա, եւ ճիշտ կլիներ, որ բոլոր հարցերը քննարկվեին նաեւ Ռուսաստանի ղեկավարության հետ, որը նաեւ Հայաստանի դաշնակիցն էր։ Առաջարկեց մեկ շաբաթ հետո վերադառնալ այդ հարցին, բայց, ցավոք սրտի, մինչեւ հիմա մենք անդրադառնում ենք դրան»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Հարցին՝ այս պահին ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը որքանո՞վ է ճիշտ՝ Սուրեն Զոլյանն ասել է, թե մենք բազմաթիվ հնարավորություններ ենք կորցրել ԼՂՀ-ն ճանաչելու. «Այս պահին եթե մենք ընդունենք նման դիրքորոշում, եւ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կարող է շահարկման առիթ դառնալ տարբեր միջազգային ատյանների կողմից։ Ճիշտ կլինի ոչ թե ընդունել այդ դեկլարատիվ հռչակագիրը, այլ վերջիվերջո կազմել ԼՂՀ-ՀՀ ռազմաքաղաքական դաշինք, ձեւակերպել մի փաստաթուղթ, որը կվավերացնի այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի»։