Իսկ Հայաստանը պետք է բացի միջազգային հանրության աչքերը, կարծում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
– Չե՞ք կարծում, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգում ներառված՝ Ադրբեջանի ներկայացրած՝ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը լուրջ սպառնալիք կարող է դառնալ Հայաստանի համար, մանավանդ, որ Թուրքիան նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ու թուրք պաշտոնյաներն այդ առիթով էլ հայտարարում են, թե ամեն կերպ աջակցելու են Ադրբեջանի նախաձեռնությունները կյանքի կոչելուն:
– Որպեսզի ամբողջական լինենք, պետք է կարողանանք իրերն իրենց անուններով կոչել: Պարզ է, որ Թուրքիան երբեք չի եղել եւ չի կարող լինել անաչառ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում: Թուրքիան կոնֆլիկտի հենց սկզբից եւ ռազմական, եւ ֆինանսական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, թուրքական սպայակազմը ռազմախորհրդատվական օգնություն է ցուցաբերել: Այն, որ Թուրքիան եւ թուրք զինվորները մասնակից են եղել ԼՂՀ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կիրառած ագրեսիային՝ ապացուցեց նաեւ թուրք պաշտոնյաներից մեկը, ով օրերս Բաքվում, Շահիդների գերեզմանատանը ծաղկեպսակ դրեց ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում զոհված թուրք զինվորների գերեզմանին: Սա ավելորդ ապացույցն է նրա, որ Թուրքիան չի կարող անաչառ լինել: Միջազգային հանրությունը սա շատ լավ պետք է հասկանա, եւ թե Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե Հայաստանն այստեղ պետք է իրենց խոսքը հստակ ասեն:
Ինչ մնում է Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի հնարավոր ընդունմանը, ապա այն Գլխավոր ասամբլեայի քննարկման նյութ է, իսկ այդ կառույցի որոշումները պարտադիր ուժ չունեն: Հետեւաբար, անգամ ընդունվելու դեպքում, բանաձեւը Հայաստանի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Նույն Իսրայելի նկատմամբ տվյալ կառույցում բազմաթիվ որոշումներ են ընդունվել, եւ ինչպես ասել է Իսրայելի հայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ եթե ՄԱԿ-ի բոլոր բանաձեւերը կատարվեին, Իսրայել պետություն չէր լինի:
Բայց մյուս կողմից՝ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խոսքը պետք է ասեն, որովհետեւ, ի տարբերություն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կոնֆլիկտների, ինչպես նաեւ Կոսովոյի հարցի, որտեղ Արեւմուտքը եւ Ռուսաստանն ունեին տարբեր դիրքորոշումներ, ԼՂՀ խնդրի կարգավորման երեք հիմնական սկզբունքների վերաբերյալ համանախագահներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դիրքորոշումները համընկնում են եւ հստակ են: Նրանք բազմաթիվ անգամ հնչեցրել են, իսկ վերջին անգամ դա արեց նախագահ Մեդվեդեւը Երեւանում՝ ասելով, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում կարեւորը արդյունավետությունն է, իսկ արդյունավետ աշխատում է Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը: Ավելին, սա շատ բարդ գործընթաց է, հարցը շատ նուրբ է, եւ չի կարելի զուտ սիրողական մակարդակով, ընդամենը գլուխ շոյելու համար դրան անդրադառնալ:
– Բայց ադրբեջանական նախաձեռնություններին՝ անկախ դրանց մակարդակից, սատարում են նաեւ Իսլամական կոնֆերանսի անդամ երկրները:
– Տվյալ պարագայում, հույս դնելով այդ կազմակերպության անդամ երկրների աջակցության վրա, Ադրբեջանը խնդրին տալիս է կրոնական բնույթ: Դա կոպիտ սխալ է եւ կարող է բավականին վտանգավոր դառնալ քաղաքակրթությունների պայքարում: Այսինքն՝ խնդրի էությունը շեղվում է ռասիստական-կրոնականի: Այս պարագայում միջազգային հանրությունն առավել եւս պետք է Ադրբեջանին լուրջ ապտակ հասցնի: Եթե հիշում եք, Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո բոլոր գերտերությունները թիվ մեկ գերխնդիր հռչակեցին այն, որ խնդիրները չպետք է դառնան նոր զոհերի, նոր պատերազմների կամ կրոնական բախումների առիթ: Իսկ այսօր Ադրբեջանը գիտակցված ղարաբաղյան խնդրին ցանկանում է կրոնական ընթացք տալ:
Ի դեպ, պատերազմական տարիներին ՄԱԿ-ի կողմից ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ ընդունված բանաձեւերը, որոնք հատկապես վերջերս թմբկահարվում են ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, չեն կատարվել հենց Ադրբեջանի մեղքով: Ադրբեջանը տեսնում է, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացում իր քայլերն ու դիրքերը փակուղի են գնում: Ավելին, դա իրենք նույնիսկ ընդունել են. Նովրուզ Մամեդովն իր հայտարարության մեջ ասաց, որ Արեւմուտքը, ՌԴ-ն պաշտպանում են Հայաստանին: Նույնիսկ հարցականի տակ է դրել Ռուսաստանի առաջնային դերը եւ բողոքել է Արեւմուտքից: Փաստորեն, իրենք՝ տեսնելով, որ բանակցային գործընթացում այդ երեք իրավահավասար սկզբունքների հիման վրա անընդունակ են դրական պատասխան տալու, ուզում են շոու սարքել եւ մեղքն ուրիշի վրա գցել: ՄԱԿ-ի ԳԱ որոշումները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ ոչ բանակցային գործընթացի, ոչ այդ երեք հիմնարար սկզբունքների, ոչ էլ Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա: ԼՂՀ-ն անկախ երկիր է, եւ մենք այդ առիթով հստակ դիրքորոշում արտահայտել ենք: Ավելին, համոզված եմ, որ համանախագահ երկրները դեմ են քվեարկելու այդ որոշմանը: Նաեւ ցանկանում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ամիսներ առաջ խոսելով ղարաբաղյան կոնֆլիկտի մասին՝ հայտարարեց, որ այդ հարցի լուծման մանդատը Մինսկի խմբի համանախագահ երկրների ձեռքում է:
– Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի:
– Հայաստանը պետք է բացի միջազգային հանրության աչքերը եւ ցույց տա, որ Ադրբեջանը հարցի լուծումը տանում է փակուղի, կրոնական հակամարտության շատ վտանգավոր սկիզբ է դնում: Մեր նպատակն է խաղաղ բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը, որը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, բայց եթե Ադրբեջանը գնում է նման քայլերի՝ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կարող են միջազգային կազմակերպություններում սկսել քայլեր ձեռնարկել՝ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Ադրբեջանը վերջապես պետք է գիտակցի, որ խնդիրն ունի սկզբունքներ, որոնց շրջանակներում էլ պետք է լուծում ստանա: Եթե իրենք ցանկանում են խախտել խաղի կանոնները, անտեսել ՀՀ-ին, ԼՂՀ-ին եւ Մինսկի խմբին ու նոր խաղ սկսել իրենց հովանավորյալ Թուրքիայի հետ՝ հակահարված պետք է ստանան:
– Դա՞ էր պատճառը, որ ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում արտահերթ քննարկման ընդգրկվեց ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգության» առաջարկած օրինագիծը:
– Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ մեզ համար ԼՂՀ-ի ճանաչումը ՀՀ-ի կողմից չի կարող ինքնանպատակ լինել, այժմ դա նաեւ ժամանակավրեպ է: Այդ մասին ասել է նաեւ ԼՂՀ նախագահը: Մեր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: ՀՀ իշխանություններն՝ ի դեմս ՀՀԿ-ի, ամեն ինչ արել են, եւ կանենք դրա համար: Իսկ «Ժառանգության» նախագիծն իրենց նախագիծն է, եւ այդ մասին չեմ ցանկանում խոսել: