Երեկ, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծ թիվ 32 չորսհարկանի շենքի տանիք էր բարձրացել մի երիտասարդ եւ գոռում էր, որ իրեն ցած է նետելու։ Շենքի մոտ հավաքվեցին մեծ թվով անցորդներ, ժամանեցին ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակային, փրկարար, 1-03 ծառայությունների աշխատակիցները։ ՊՊԾ-ի կարմիր բերետավորները իրենց հետ էին բերել «կավրոլիտ» եւ այն բացել ու սպասում էին, որ եթե հանկարծ երիտասարդը իրեն ցած նետի տանիքից, ապա գոնե «կավրոլիտի» միջոցով հնարավոր լինի խուսափել վատթարագույնից։ Զարմանալին այն էր, որ ներկա գտնվող բազմաթիվ քաղաքացիներից գրեթե ոչ ոք օգնության ձեռք չէր մեկնում ՊՊԾ-ի աշխատակիցներին, իսկ ավելի երիտասարդները ծիծաղելով գոռում էին. «Արա՛, ախպե՛ր, դե թռնում ես, թռի՝ ի՞նչ ես ձեւ տալի»։ Իսկ տանիքին հայտնված երիտասարդը երբեմն նայում էր ներքեւ՝ ծիծաղում եւ խաչակնքում։ Ի վերջո, իրավապահները կարողացան պարզել եւ դեպքի վայր հրավիրեցին «հերոսի» հորը, որն էլ մի քանի ոստիկանների եւ փրկարարների ուղեկցությամբ բարձրացավ տանիք, եւ կարողացան համոզել, որպեսզի երիտասարդը հանձնվի իրավապահներին։ Նրան անմիջապես տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ «Առավոտի» տեղեկություններով, «թռիչք չիրականացրած» երիտասարդը Խորենացի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 25 տան բնակիչ 22-ամյա Գրիգոր Գեղամի Տոնոյանն է, որը հաշվառված է նաեւ Ավանի նարկոլոգիական դիսպանսերում։