Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

…ԵՎ ԱՇԽԱՐՀՆ ԱՆՓՈՓՈԽ

Սեպտեմբեր 03,2010 00:00

\"\"Լավ է ուշ, քան ավելի ուշ, կրկնում էի մտքումս, քանի որ երբեքը արդեն մահն է: Եվ որպես շարունակություն՝ մտածում էի նաեւ, թե ավելի լավ է տեսնել, քան հորինել: Ու բոլորովին էլ կարիք չկա վարագուրել բաց պատուհանները՝ փորձելով երեւակայել, թե ի՞նչ կա վարագույրից այն կողմ՝ հուսալով, որ կգտնես մի չճանաչված գաղտնիք, որը քեզ համար կբացի աշխարհը փոխելու քո ճանապարհը, ինչին ողբերգականորեն հավատացել ես քո մանկությունից, երբ առաջին անգամ տեսար եւ չճանաչեցիր լույսն ու ջուրը…

Ե՛վ երեկ, ե՛ւ այսօր, ինչպես նաեւ մեզանից շա՜տ առաջ, ամեն օր աշխարհ են գալիս աշխարհ փոխողները. ինչպիսի՜ չձեւակերպված եւ անհաստատ հանդգնություն, ինչպիսի՜ երազանք՝ ի սկզբանե պարտված: Երբ շարունակ մի բան փոխելու ներսից հորդացող ալիքը քանդում է հինը՝ հաստատելով իրենը, եւ չի էլ նկատում, թե ինչպես իր կարճ կյանքի ընթացքում իր դեռ չհիմնավորած նորն արդեն վաղո՜ւց հին է: Քանի որ աշխարհը փոխելու մեր բնազդային ցանկությամբ բռնկված՝ չենք էլ նկատում, թե ինչպես է այդ նույն աշխարհը փոխում մեզ… Եվ մենք՝ ուշ, երբեմն՝ շատ ավելի ուշ, իսկ հիմնականում՝ ուշացած, հասկանում ենք, որ իր հավերժական շրջապտույտն անող այս նավ-աշխարհում մենք ընդամենը պարզ ուղեւոր ենք, եւ եթե նույնիսկ մենք ընթացքին հակառակ ենք քայլում, մեր դիմադրության սահմանը մինչեւ աշխարհ-նավի բազրիքն է, քանի որ, միեւնույն է, նա մեզ տանում է իր հետ՝ իր անխորտակ ճանապարհով: Եվ մի օր այդ պարզ հայտնագործությունից խուճապահար՝ մենք կառչում ենք՝ մեզ որպես բախտ մեկնված, սիրո ձեռքերից, որ հեռացնենք մեզանից վերահաս վախճանը, որը մահն է: Եվ դարձյալ չենք էլ գիտակցում, որ նույնիսկ սերը չի փրկում մեզ՝ այն գալիս, ընդամենը ավերում է մինչ այդ ունեցած մեր ներաշխարհը, փոխում, տեղահանում է եղածը եւ մեզ խոստանում մի այլ եզերք, որտեղ աշխարհը փոխելու մեր հին երազանքն արդեն թվում է հասանելի: Եվ որովհետեւ սերը ընդամենը աշխարհը փոխելու խոստում է միայն եւ վարագույր մեր պատուհաններին, մի պահ՝ տանջալիորեն քաղցր մի պահ մեզ դարձնում է միամիտ, թե իբր վարագույր չկա եւ չի էլ եղել, եւ ինչ որ տեսնում ենք վարագույրի միջով, դա է աշխարհը, քանզի վախենում ենք ետ քաշել վարագույրը, որովհետեւ այնտեղ մեր՝ բոլոր աշխարհ փոխողներիս մահն է եւ աշխարհը՝ անփոփոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել