Բաքու կատարելիք այցից առաջ
Ռուսաստանի ղեկավարության այցերը հարեւան Ադրբեջան Երեւանում եւ Ստեփանակերտում միշտ ընդունվում են նախանձախնդրորեն, եւ այդ այցերի ընթացքում արված հայտարարությունները դառնում են ներքին քաղաքական շահարկումների առարկա: Հայաստան կատարած պետական այցից քիչ անց երեկ սկսվեց Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւի պաշտոնական այցը Բաքու: Ուշագրավ է, որ այցի նախօրեին եղան 3 հիշարժան իրադարձություններ, որոնք կարելի է հստակ ձեւակերպել որպես Մոսկվայի մեսիջներ՝ ուղղված Հայաստանին, այն է՝ բացառել անհանգստության որեւէ նշույլ:
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի առաջին տիկին Ս. Մեդվեդեւան այցելեց մայրաքաղաքի թիվ 481 միջնակարգ դպրոց, որը անվանակոչվել է ԽՍՀՄ հերոս, ղարաբաղյան ծագում ունեցող մարշալ Հ. Բաղրամյանի անունով: Հենց հայազգի գեներալի անվան դպրոց այցելությունը ռուսական մամուլում ստացավ լայն արձագանք:
Նույն օրը, Բաքու կատարելիք այցի նախօրյակին, ԱԳ փոխնախարար Գ. Կարասինը հանդիպում ունեցավ Ռուսաստանում ՀՀ դեսպան Օ. Եսայանի հետ: Ինչպես հաղորդեցին պաշտոնական աղբյուրները, հանդիպման ընթացքում քննարկվել է Դ. Մեդվեդեւի՝ Երեւան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ, ըստ իրազեկ աղբյուրների, Հայաստանի դեսպանին են ներկայացվել Բաքու կատարվելիք այցի մանրամասները: Նման հանդիպումը, եթե նույնիսկ հանդիսանում է դիվանագիտական պրակտիկա, առաջին անգամ է գաղտնազերծվում: Ակնհայտ է, որ սա արվել է Հայաստանի քաղաքական շրջանակներում ավելորդ շահարկումները բացառելու նպատակով:
Եվ վերջին, երրորդ եւ ամենակարեւոր նորությունը Հայաստանի քաղաքական շրջանակների համար՝ սեպտեմբերի 2–ին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական եւ Կրեմլում լուրջ ազդեցություն ունեցող գործիչ Ալեքսանդր Վոլոշինի այցն էր Երեւան: Առողջ տրամաբանությունը կրկին կապում է այս այցը զուգահեռաբար Բաքվում ընթացող հանդիպումների հետ: