Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Սեպտեմբեր 03,2010 00:00

ԵՄ-ին անդամակցությանն օգուտներն անհատ գործարարների համար՝ մաքսային քաշքշուկից ձերբազատում, պահանջվող փաստաթղթերի նվազում:

Էստոնական Պյառնու ծովափնյա առողջարանում երեկ հնարավորություն ունեցանք մի քանի օրինակներով տեսնել, թե Եվրոպական միությանն անդամակցությունը ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ բիզնես գործունեության վրա:

Առաջին օրինակը վերականգնողական բուժման «ՍՊԱ Էստոնիա» կենտրոնն էր, որն Էստոնիայում ամենահներից է նման առողջարարական բազմաթիվ հաստատությունների մեջ: «ՍՊԱ Էստոնիան» այժմ Եվրամիության մասնակի ֆինանսավորմամբ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր: Դրանց թվարկումը կարող է գովազդի պես հնչել: «ՍՊԱ հանգիստ ընկերների հետ» ծրագիրը հնարավորություն է ոչ միայն օգտվել այս հաստատության հանքային ջրերով լողավազաններից, սաունաներից, այլ նաեւ մերսում ընդունել, վաննաներ՝ խոտաբույսերով, ասեղնաբուժություն եւ այլն: Նաեւ սառնաբուժություն, որն արդյունավետ միջոց է մկանների բորբոքային եւ ռեւմատիկ հիվանդությունների դեմ: Եվ այս ամենն այնքան էլ թանկ չէ՝ 6 օրվա համար 260-280-ից եվրո, որի մեջ ներառված է եւ համարի արժեքը, եւ օրական 2 կամ 3 անգամվա սնունդը: Իհարկե՝ կան նաեւ թանկ փաթեթներ. ասենք, «Բալթիկ ծովի դիետա» 6-օրյա փաթեթը, որից հետո տուն կվերադառնաս եւ պակասած քաշով, եւ 630 եվրոյով թեթեւացած դրամապանակով:

Պյառնուի մարզպետարանի տվյալներով՝ զբոսաշրջիկների քանակը վերջին 5 տարում նվազել է, քանի որ էստոնացիները նախընտրում են գնալ արտերկիր հանգստանալու: Ու ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ՝ Հայաստանում են ասում, այստեղ էլ ասացին, թե Էստոնիայում հանգստանալը թանկ է, ավելի էժան է գնալ Թուրքիա: «ՍՊԱ Էստոնիայի» ղեկավարության պատճառաբանությունն էլ նույնն էր, ինչ մեր հյուրանոցատերերն են ասում՝ սեզոնը փոքր է, հազիվ 1-2 ամիս, աշխատանքի ինքնարժեքը թանկ է: Իսկ ՍՊԱ կենտրոնները շատ են՝ նրանց միջեւ դաժան մրցակցություն է ծավալված:

Այսուհանդերձ, էստոնական ՍՊԱ կենտրոններում հանգստանալու հաճույքը դժվարամատչելի է Շենգենյան գոտում չներառված երկրներիս համար՝ վիզային խնդիրների պատճառով: «ՍՊԱ Էստոնիայի» տնօրեն Քարդո Ռեմմելն ասաց, որ իրենց հաճախորդների 70 տոկոսը Ֆինլանդիայից է, շատ են հյուրերը նաեւ Շվեդիայից, Լատվիայից, Լիտվայից, ավելի քիչ՝ Ռուսաստանից: Ահա եւ Եվրամիությունը գումար է տրամադրել, որ մարքեթինգի հարցեր լուծեն արտերկրում՝ հաճախորդներ ներգրավելու համար

Մեկ այլ օրինակը 1945-ից Պյառնուում գոյություն ունեցող արտադրական կոմբինատն է, որը հիմա «Վիիսնուրկ» է կոչվում. այն ԵՄ կահույք է արտահանում: 307 աշխատակիցներով միջին մեծության այս ձեռնարկությունն առաջ արտադրում էր դահուկներ, հիմա՝ հոկեյի մականներ, կահույք եւ շինարարական փայտյա նյութեր: Վաճառքի եւ մարքեթինգի հարցերով տնօրեն Թանել Փրեսն (նկարում) ասաց, որ արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է: Սա փայտամշակման միակ ընկերությունն է, որ գրանցված է Տալլինի բորսայում: Ծավալվելով՝ 2005-ից դուստր ձեռնարկություն է բացել Լատվիայում, 2007-ից՝ Լիտվայում եւ Ուկրաինայում: Հիմնական շուկաներն են Ֆինլանդիան, Ռուսաստանը, Գերմանիան, Շվեդիան, Ուկրաինան: «Մեր կահույքը ներկայացված է ԵՄ անդամ բոլոր պետություններում, մի տեղ՝ շատ, մի տեղ՝ քիչ»,- ասում է ընկերության Վաճառքի եւ մարքեթինգի հարցերով տնօրենը: Ընդ որում, մինչեւ անդամակցելը՝ Էստոնիայի անկախությունից հետո էին սկսել արտահանել ԵՄ. «Արդեն 92-ից Արեւմտյան շուկայում ենք, ուղղակի հիմա խոչընդոտներն ավելի քիչ են դարձել»: Ըստ Թանել Փրեսի՝ Եվրամիություն արտահանելու համար շատ քիչ փաստաթղթեր են պետք, եւ անհամեմատ հեշտ է այս բիզնեսը ԵՄ-ում ծավալելը. «Սա նույնն է, ինչ քո երկրում աշխատելը»: Քիչ են մաքսային խնդիրները: Ըստ նրա՝ արտադրանքը վաճառում են նաեւ Ուկրաինայում եւ Ղազախստանում եւ տեսնում են տարբերությունները: Հարցին, որ եթե ԵՄ անդամ չլինեին՝ հնարավոր կլինե՞ր արտադրանքը վաճառել՝ պատասխանում է. «Այո, կարող էինք, ուղղակի երեւի ավելի շատ ջանքեր կպահանջվեին»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել