Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԵՐԿՍԱՅՐԻ Է

Սեպտեմբեր 03,2010 00:00

\"\"

Այսպես կարելի է ամփոփել ԼՂՀ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչել- չճանաչելու նպատակահարմարության շուրջ ընդդիմադիր գործիչների մոտեցումները:

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 19-ամյակը: Ի տարբերություն հարավկովկասյան տարածաշրջանում ի հայտ եկած այլ կազմավորումների՝ Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, Արցախի անկախությունն առայժմ որեւէ երկիր, այդ թվում՝ մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն ու, հեռու չգնանք՝ նաեւ Հայաստանը չեն ճանաչել: Ու եթե Ռուսաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու խնդիր ո՛չ այսօր, ո՛չ էլ, թերեւս, մոտ հեռանկարում չկա, ապա Հայաստանում այդ հարցը ժամանակ առ ժամանակ՝ դեռ 1992թ.-ից ի վեր, քննարկվում է:

Վերջին երկու տարիներին ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին խոսակցությունները ՀՀ խորհրդարանում շրջանառության մեջ մտան երկու անգամ. դեռ 2009-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն առաջարկում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց իշխանություններն այդ պահանջը ժամանակավրեպ եւ աննպատակահարմար համարեցին: Արցախը՝ որպես անկախ պետություն ճանաչելու հարցը նորից ասպարեզ բերվեց աշխարհում տեղի ունեցած արդեն նոր իրողությունների ֆոնին. աշխարհի մի քանի տասնյակ երկրների կողմից Սերբիայից անջատված Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո այդ երկրի՝ անկախ լինելու իրավունքը ճանաչեց նաեւ Հաագայի արդարադատության միջազգային դատարանը: Նախաձեռնության հեղինակն էլի «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն է, որը ԼՂՀ ճանաչման խնդիրը առաջնային համարելով՝ իր հեղինակած օրինագիծը կրկին շրջանառության մեջ է դրել: Այն, ինչպես «Առավոտն» արդեն տեղեկացրել է, ՀՀ ԱԺ-ում պետք է որ քննարկվի հոկտեմբերի 5-ին: Իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի պատգամավորներն արդեն բաց տեքստով են ասել, թե դեմ են լինելու այդ նախաձեռնությանը: Թե ի՞նչ է անելու ընդդիմադիր ուժ լինելու հայտ ներկայացրած ՀՅԴ-ն՝ դեռ պարզ չէ: Երեկ այս կուսակցությունը իշխանությունների խորհրդով փակ տարածքում՝ «Դինամո» մարզահամալիրում, անցկացրած իր հանրահավաքում խոսել է ԼՂ միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, բայց, ա՛յ, Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուն չի անդրադարձել եւ դիրքորոշում չի հայտնել:

Երեկ «Առավոտը» փորձեց ճշտել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնության՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու նպատակահարմարության վերաբերյալ:

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե տեղյակ չէ, որ Կոնգրեսը ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ ձեւավորված հավաքական դիրքորոշում ունի: Փոխարենը նա իր կարծիքը ներկայացրեց խնդրո առարկայի վերաբերյալ՝ ասելով. «Այս պահին ես չեմ տիրապետում միջազգային ատյաններում ուժերի հարաբերակցության մասին ողջ տեղեկատվությանը եւ չեմ կարող համապարփակ տեղեկություն տալ դրա մասին ու չեմ կարծում, թե ճիշտ կլինի դիրքորոշում հայտնել՝ առանց ուսումնասիրելու մեր գործընկերների մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ»: Վ. Կարապետյանը մեր ճշտող հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, որ «գործընկեր» ասելով նկատի ունի միջազգային հանրությանը ու նրա կողմից այս պահին ԼՂ անկախությունը ճանաչելու հարցում Հայաստանի քայլին հնարավոր աջակցությունը: Ինչ վերաբերում է Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպի ու այդ մասով նաեւ Հաագայի դատարանի կայացրած հայտնի որոշման՝ ԼՂՀ ճանաչմանը նպաստող հանգամանքներին, ապա Կոնգրեսի ներկայացուցիչն ասաց, թե՝ անշուշտ, դա նպաստող հանգամանք է, բայցեւ պնդեց, որ պակաս կարեւոր չէ նաեւ միջազգային հանրության դիրքորոշումն ու մոտեցումն այդ հարցում: Նրա կարծիքով, մինչեւ ԼՂՀ ճանաչման խնդիրը Հայաստանում քննարկելը՝ անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել միջազգային ասպարեզում. «Դա շատ լուրջ հարց է, եւ որեւէ դեպքում՝ ճանաչելու եւ չճանաչելու, հավասարապես Հայաստանի անվտանգությունն ու միջազգային ասպարեզում մեր երկրի վարկը եւս չպետք է հավելյալ վտանգի տակ դրվի»:

ՀՀ նախկին արտգործնախարար, այսօր ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ էլ՝ «ցանկացած հարցի քննարկման ընթացքում մենք պետք է հաշվի առնենք Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը: Իսկ այս պահին դա նշանակում է, որ «Ժառանգության» նախաձեռնությունը քաղաքական մեծամասնությունն արդեն կուլ տվեց, կերավ, խեղդեց, սպանեց՝ ինչպես կկամենաք դա անվանեք: Բայց նախաձեռնություն է, թող լինի, թեեւ այսօր առկա իրողության տեսանկյունից դա դատապարտված է կործանման»: Ալ. Արզումանյանի համոզմամբ, իհարկե, Հայաստանում պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք պետք է պահանջեն Ղարաբաղի ճանաչումը: Բայց այդ ուժերը չպետք է, երբ ընդդիմության մեջ են՝ պահանջեն ճանաչել, երբ իշխանության ներսում՝ դրան հակափաստարկներ բերեն: Նա որպես դրա վառ օրինակ բերեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին. «Չպետք է այնպես լինի, որ Շ. Քոչարյանի նման՝ ամբողջ օրը բոլորին քննադատեն, գոռան, կրծքին խփեն ու ասեն, թե անհրաժեշտ է ԼՂ-ն ճանաչել, իսկ հիմա, երբ փոխարտգործնախարարի փայն իրեն տվեցին, գալ ու տեսակետ ներկայացնել, թե ինչու չի կարելի այս պահին ԼՂ-ն ճանաչել: Ամենապարադոքսն այս հարցում հենց այն է, որ վերջին տասնամյակում ԼՂ ճանաչման ջատագով Շ. Քոչարյանին նվաստացնում են, ուղարկում եւ ստիպում, որ նա ԱԺ-ում բացատրի, թե ինչու պետք չէ ԼՂՀ-ն այս պահին ճանաչել: Ավելի ճիշտ կլիներ, կարծում եմ, հենց Շ. Քոչարյանին ուղղել այդ հարցն ու պարզել՝ բա ի՞նչ եղավ քո սկզբունքային դիրքորոշումը: Բա փոխնախարար ես, պահանջի՛ր թող քեզ հանձնարարեն ԼՂ-ի ճանաչման ուղղությամբ գործ անել, պահանջի՛ր, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ի՞նչ էր եղել»:

«Ժառանգությունը», ի դեմս կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի, երեկ «Ա1+»-ի ինտերնետային եթերում պնդում էր, թե «Ժառանգության» առաջնորդ, իսկ 1992-ին դեռ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարել, թե ճիշտ ժամանակն է ճանաչել ԼՂ անկախությունը, բայց այն ժամանակ էլ այդ օրվա իշխանություններն էին հարցը «կուլ տվել»: Ռ. Հակոբյանը հիշեցնում էր, որ ի պատասխան այն ժամանակվա ընդդիմության՝ ԼՂ-ն ճանաչելու պահանջներին, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, համաձայնելով հանդերձ դրա նպատակահարմարությանը, ժամանակ էր խնդրել, թե՝ ինքը շտապ Մոսկվա է գնում, եւ ճիշտ կլիներ, որ այդ հարցի շուրջ նաեւ Մոսկվայի գործընկերների դիրքորոշումը հայտնի լիներ: Ի վերջո, Ռ. Հակոբյանը եզրակացրեց, թե դա ընդամենը հարցը հետաձգելու, օրակարգից հանելու խնդիր էր հետապնդել:

Այսօրինակ հայտարարությանը Ալ. Արզումանյանն այսպես հակադարձեց. «Ես նման բան չեմ հիշում: Չեմ կարծում, թե փնտրեք եւ գտնեք Ր. Հովհաննիսյանի՝ որպես ԱԳ նախարարի կողմից արված գեթ մի հրապարակային հայտարարություն, որով նա պահանջել է ԼՂ-ի ճանաչում: Նման պահանջ նրա կողմից ես չեմ հիշում: Գուցե նկատի ունեն ԼՂ հարցով փակ լսումնե՞րը, եւ դեռ ճշտել է պետք՝ ո՞վ է այսօրվա «Ժառանգությունից» այդ լսումներին ներկա եղել: Թե չէ՝ շատ բան կարելի է ասել»:

Իսկ սկզբունքորեն հարցադրումը՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը, նպատակահարմար եւ ժամանակի տեսանկյունից ճի՞շտ է: Մեր այս հարցին Ալ. Արզումանյանը պատասխանեց. «Դա մոտեցում է: Նման մոտեցման բացակայությունը անոմալիա է: Լավ չէ, որ չկա մի ուժ, որն այդպիսի պահանջ չի դնում»: Իսկ, օրինակ, դուք կպահանջեի՞ք: Մեր այդ հարցադրմանը ԱԳ նախկին նախարարը դժվարացավ միանշանակ պատասխանել, որովհետեւ, նրա ասելով՝ մի բան է, երբ մարդը նախարար կամ դիվանագետ է, այլ բան՝ երբ շարքային քաղաքացի է կամ ընդդիմադիր գործիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել