Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը կանխատեսել էին Հռոմի պապի վերընտրությունը

Սեպտեմբեր 02,2010 00:00

Հորոսկոպը կախվածություն չի առաջացնի, ոչ էլ կծրագրավորի

«AstroCentrum»-ը՝ որպես կենտրոն, ստեղծվել է 2005 թվականին՝ Միացյալ Նահանգներում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց կենտրոնի հիմնադիր Էրիկ Աթայանն ու հավելեց, որ կենտրոնի կողմից տարբեր հետազոտություններ են արվել: Է. Աթայանի խոսքերով, հետազոտությունները տարբեր ոլորտներում են եղել՝ սկսած սոցիալականից, վերջացրած քաղաքակականով, ինչպես նաեւ հետազոտվել են անհատ մարդիկ: Թերեւս ամենահետաքրքիրը եղել է ազարտային խաղերի հետազոտումը: Արդյունքում «AstroCentrum»-ը ձեռք է բերել հնարավորություն՝ աստղերի միջոցով որոշել յուրաքանչյուր խաղամոլի հաջողակ եւ անհաջող օրերը: 
Մեր զրուցակիցը ասում է, որ կենտրոնը հետազոտել է նաեւ բժշկական ոլորտը: Վերջինիս արդյունքում էլ պարզել են, թե տվյալ անհատի վիրահատության համար որ օրը կլինի ավելի բարենպաստ:
«Այս պարագայում ցանկալի է կազմել անհատական հորոսկոպ եւ հիվանդի, եւ բժշկի համար: Այդ ժամանակ գործը ավելի է հեշտանում»,- նշում է Էրիկն ու հավելում, որ ոչ պակաս հետաքրքիր են եղել կենտրոնի կողմից կատարված հետազոտությունները՝ քաղաքական ոլորտում: Հետազոտվել է Հռոմի պապի ընտրությունը, քայլերը, ծրագիրը՝ նախքան հրապարակվելը:
Է. Աթայանն ասաց նաեւ, որ «AstroCentrum»-ը այս տարվա հուլիսից գործում է նաեւ Երեւանում: Ի դեպ, կենտրոնն առայժմ հստակ հասցե չունի: Հիմնադիրը ասում է, որ կենտրոնը կգործի ակումբային տարբերակով: «Պարբերաբար ինչ-որ մի տեղ կհավաքվենք, կհանդիպենք, կշփվենք, քննարկումներ, սեմինարներ կկազմակերպենք աստղագիտության շուրջ: Սեփական տարածք էլ շուտով կունենանք»,- հայտնում է Է. Աթայանը: Կենտրոնի գործունեությանը առայժմ կարելի է ծանոթանալ «Facebook»-ի միջոցով:
Ըստ մեր զրուցակցի, կարեւորը՝ ակումբի անդամները ակտիվ լինեն, որովհետեւ դրանից է կախված ակումբի երկարակեցությունը: Ի դեպ, նշվեց, որ ակումբը արդեն ունի անդամներ:
Հարցրինք, բացի ակումբային շփումներից, ի՞նչ ծառայություններ կմատուցի այսուհետեւ «AstroCentrum»-ը: Զրուցակիցս տվեց հետեւյալ պատասխանը. «Ծառայությունները շատ են. առօրյա եւ ամսական, հաջող եւ անհաջող օրերի կանխատեսում, զույգերի համատեղելիության, բիզնեսի պլանավորում եւ այլն»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ անհրաժեշտ ինֆորմացիա է հարկավոր անձնական հորոսկոպ պատրաստելու համար եւ որքան կարժենա այդ շռայլությունից օգտվելը:
«Անհատական հորոսկոպ կազմելիս կարեւոր է իմանալ ընդամենը անհատի ծննդյան թիվը, ժամը, րոպեն: Հետազոտման արդյունքում հաճախորդին կներկայացվի իր կյանքի միտումները, բնավորությունը, հոգեբանությունը, ուժեղ եւ թույլ կողմերը, անգամ՝ ֆոբիաները»,- բացատրում է Աթայանը: Ըստ նրա, անհատական հորոսկոպը ներկայացվում է հաճախորդին բանավոր խոսքի միջոցով: Կենտրոնի մատուցած ծառայությունների արժեքը սկսվում է 30 000 դրամից:
Մեր հարցին, ովքե՞ր են անհատական հորոսկոպի պատվիրատուները, Է. Աթայանը պատասխանեց. «Մենք իրավունք չունենք բացահայտելու հաճախորդի անուն-ազգանունը: Ինֆորմացիան, որ հաճախորդը եղել է մեր կենտրոնում՝ կարող է դուրս գալ միայն հաճախորդի կողմից: Մեր հաճախորդները տարբեր մասնագիտության տեր մարդիկ են եղել, տարբեր սեռի եւ տարիքի»:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք մատուցած ծառայությունը հաճախորդին չի ծրագրավորի կամ պարզապես վատ սովորության առիթ չի ստեղծի հորոսկոպից կախվածությունը. «Ոչ, ծրագրավորել հասկացություն աստղագիտության մեջ գոյություն չունի: Դա պետք չէ շփոթել մագիայի հետ: Դա նույն բանն է, թե ասեք, որ եղանակի տեսությանը հետեւելը ծրագրավորում է մարդուն: Եթե եղանակի տեսությունը հայտնում է, որ անձրեւ է սպասվում, մենք, բնականաբար, անձրեւանոց ենք մեզ հետ վերցնում: Կամ եթե հայտնեն՝ վաղը շոգ է լինելու, տաք շորեր չենք հագնի: Մենք ոչ մեկին չենք ծրագրավորում, ծրագրավորելու համար ի վերջո հիպնոսի կարողություններով օժտված պետք է լինել: Դա մեր ոլորտը չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել