Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՓՉՅԱՆՆ ՈՒ ՌՈՅԱԼԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"«Արամ Խաչատրյան» համերգասրահն արդեն նոր «Ստենվեյ» ունի

Բարձրակարգ երաժշտության երաշխիքը բարձրակարգ երաժշտական գործիքներն են: Հատկապես ռոյալը, ինչի դեֆիցիտ ունեցել ենք, ինչպես արվեստագետներն են պնդում՝ միշտ: Սակայն Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ «Երեւանի պետկոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին» ծրագրի շրջանակներում այս տարի Ճապոնիայի կառավարությունը նվիրեց 18 ռոյալ: Ընդ որում, 1989թ. ի վեր, կոնսերվատորիան ոչ մի երաժշտական գործիք ձեռք չէր բերել: Ամերիկացի բարերար Ջերալդ Միգըլն էլ «Ստենվեյ» ռոյալ նվիրեց «Ալան Հովհաննես»  միջազգային հետազոտական կենտրոնին: Շուրջ 3 տարի առաջ, վաղամեռիկ վարչապետ Ա. Մարգարյանի նախաձեռնությամբ, ռոյալ ունեցավ նաեւ Ազգային օպերային թատրոնը:
Վերջին տարիներին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկած արտերկրացի այնպիսի հանրահայտ դաշնակահարներ, ինչպիսիք են Ա. Լյուբիմովը, Վ. Կրայները, Վ. Օվչիննիկովը, Ֆ. Կասարը, Մ. Բերկովսկին, Պ. Մարձոկին, ինչպես նաեւ հայաստանցի ճանաչված արվեստագետներ Ս. Նավասարդյանը, Ա. Ներսիսյանը եւ այլք, «Առավոտի» հետ զրույցներում նշելով, որ հեղինակավոր համերգասրահների ռոյալները, այդ թվում՝ «Ստենվեյը», ծառայում են 3-5 տարի, իրենց մտահոգությունն են հայտնել «Արամ Խաչատրյան» համերգասրահի ռոյալի առիթով, ասելով, որ այն բարոյապես մաշված է ու հնարավորություն չի տալիս արվեստագետին լիարժեք հանդես գալու:  Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ստենվեյ»  ռոյալն էլ դեռեւս 1990-ականների սկզբներին, ըստ մեր տեղեկությունների, Լորիս Ճգնավորյանը ձեռք էր բերել Քանաքեռում գտնվող  ձայնագրման ստուդիայից: Կառավարության որոշմամբ, այս գարնանը վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ մշակույթի նախարարությանը հատկացվել է 62897.4 հազար դրամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար «Ստենվեյ»  ձեռք բերելու նպատակով:
Օրերս վերը նշված գումարով Համբուրգից «Ստենվեյ» ռոյալով վերադարձավ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Դիրիժորը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ռոյալը ձեռք է բերվել Համբուրգի «Ստենվեյ եւ որդիներ» գործարանից: Այս հարցում իրեն օգնել է աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերը, որը չնայած իր խիտ համերգային գրաֆիկին, իր ուսանողի հետ  կտրելով 500 կմ ճանապարհ՝ ժամանել էր Համբուրգ: «25 ռոյալից ընտրվեց մեկը, որի շնորհանդեսը փաստորեն կկատարի ֆրանսիացի ճանաչված արվեստագետ, երաժիշտ Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին՝ սեպտեմբերի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք դասական երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի բացման օրը: Ռոյալը սեպտեմբերի 22-ին «կփորձարկի» նաեւ «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկող անվանի դաշնակահար Բորիս Բերեզովսկին:
Երաժիշտներիս ու դասական երաժշտության երկրպագուների համար այս թանկարժեք նվերը իրականություն դարձավ մշակույթի նախարարի շնորհիվ, որի խնդրանքը վարչապետը չմերժեց: Ասեմ նաեւ, որ տասը տարի առաջ, Ֆիլհարմոնիկ նվագախումբ ոտք դնելու առաջին օրանից, նախկին բոլոր նախարարներին դիմել էի ռոյալ ձեռք բերելու խնդրանքով: Ընդ որում, մեր նվագախումբը նաեւ փայտյա, պղնձյա փողային գործիքների, կոնտրաբասների կարիք ունի»,- հայտնեց Է. Թոփչյանը: Հարցին, թե դրանք ձեռք բերելու համար ի՞նչ գումար է հարկավոր, պատասխանեց՝ «5-6 հարյուր հազար եվրո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել