Նորակառույց ֆուտբոլային ակադեմիան այսօր ոչ միայն ընդունեց առաջին հյուրերին, այլեւ իր գեղեցիկ ու հարմարավետ սրահներից մեկում անցկացրեց ՈւԵՖԱ-ի ու ՀՖՖ-ի նախագահներ Միշել Պլատինիի ու Ռուբեն Հայրապետյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ոգեւորված համալիրով՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ ՈւԵՖԱ-ն նոր ներդրումներ կկատարի՞ Հայաստանում, թե՞ «Ակադեմիան» իր տեսակի մեջ միակը կլինի: Դրան ի պատասխան՝ Եվրոպական ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ սա անվերջ համագործակցություն է: «Այս պրակտիկան գոյություն է ունեցել մինչ իմ պաշտոնավարման սկիզբը, եւ հույս ունեմ, որ այն կշարունակվի դեռ տասնյակ տարիներ՝ ազգային ֆեդերացիաների հետ աշխատանքում»:
Պլատինին խոսեց նաեւ իր առաջիկա ծրագրերի մասին. «Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու իմ ցանկությանը, այսօր պարզ է միայն, որ ՈւԵՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններոմ իմ թեկնածությունը ներկայացնելու եմ»: ՈւԵՖԱ-ի նախագահը լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձ կատարեց նաեւ իր ղեկավարած գերատեսչության առաջնայնություններին ու հավանական փոփոխություններին: Ըստ այդմ, Չեմպիոնների լիգային մասնակցող փոքր երկրների թիմերի հետ կապված նորություններ չեն սպասվում, քանի որ առայժմ ակումբների կոմիտեն որոշել է պահպանել ներկայիս ձեւաչափը: Խոշոր ակումբների մասին եւս խոսվեց: Նախորդ տարի հրապարակվել էին եվրոպական ֆուտբոլի հիմնադրույթները, որի կետերից մեկը ֆինանսական «fair-play»-ին էր վերաբերում: Պլատինին ասաց, որ այս կետի հետեւանք՝ նոր G-14-ի ստեղծման հարցով չի անհանգստանում, քանի որ որոշումը կայացվել է մեծ ակումբների հետ համատեղ: «ISE կազմակերպությունը հավաքել է բոլոր ակումբների ձայները: Կասեմ նաեւ այն, որ շատ մեծ ակումբներ խնդրում են այդ կապակցությամբ օրենքներ հրապարակել: Ֆինանսական «fair-play»-ը կգործարկվի երեք տարվա ընթացքում»,- ընդգծեց ՈւԵՖԱ-ի նախագահը: Անդրադառնալով աշխարհի առաջնության ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած տեսակրկնությունների կիրառման հավանականությանը՝ Պլատինին ասաց, որ դեմ է կրկնապատկերների օգտագործմանը: «Ես կարծում եմ, որ ավելի լավ է մրցավարների թիվն ավելացնել, քան տեսախցիկներ տեղադրել: Ֆուտբոլը պետք է մնա մարդկային: Բացի այդ, կրկնապատկերները հարուստ երկրների համար են, ու ես չեմ պատկերացնում, թե ինչպես, օրինակ, Հայաստանում այդքան տեխնիկա կտեղադրվի: Դա գումարների հետ է կապված, իսկ ես նախընտրում եմ այդ գումարները տալ ազգային ասոցիացիաներին՝ խաղադաշտեր կառուցելու համար»,- հայտարարեց Պլատինին:
Անդրադառնալով հայկական ֆուտբոլին՝ ՈւԵՖԱ-ի նախագահը հերթական անգամ նշեց, որ իր դերը ազգային ասոցիացիաներին աջակցելն է: «Ես հայկական ֆուտբոլի մասնագետ չեմ: Իմ դերը, որպես ՈւԵՖԱ-ի նախագահ, ասոցիացիաներին աջակցելն է: Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա տեսել եմ ձեր հավաքականների մասնակցությամբ երկու խաղ: Բուրսայում կայացած Թուրքիայի դեմ խաղում, իմ կարծիքով, Հայաստանի հավաքականը լավ խաղաց, բայց Ռուբեն Հայրապետյանը չի կիսում կարծիքս: Տեսել եմ նաեւ Սլովենիայում Մ-19 հավաքականի խաղը ու տպավորված եմ: Ուղղակի Եվրոպայում հայկական ֆուտբոլը հեռուստատեսությամբ չի ցուցադրվում, ու ես կարծիք կազմել չեմ կարող»,- կեսկատակ շեշտեց Պլատինին:
Ի դեպ, նա խոսեց նաեւ Հենրիխ Մխիթարյանի՝ վերջին օրերին մեծ աղմուկ հանած տրանսֆերի մասին՝ նշելով, մասնավորապես, որ ՈւԵՖԱ-ն որոշում է ընդունել, ըստ որի՝ այն ակումբը, որը մարզել է խաղացողին, եւս պետք է գումար ստանա տրանսֆերից: Այնպես որ, «Փյունիկը» որոշ գումար կստանա Մխիթարյանի այս տեղափոխությունից: Հենրիխի տրանսֆերից խոսեց նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ շեշտելով, որ այս տեղափոխությունը հայ ֆուտբոլիստների համար նոր պատուհան կբացի դեպի Եվրոպա։
Ինչ վերաբերում է առաջիկա՝ Հայաստան-Իռլանդիա հանդիպման կանխատեսումներին, Ռուբեն Հայրապետյանը ասաց հետեւյալը. «Սեպտեմբերի 3-ին, ժամը 20:00-ին, սկսվում է խաղը, ու 90 րոպե հետո կիմանաք, թե ինչ է լինելու: Ազնվորեն եմ ասում՝ գուշակելու ունակություն չունեմ…»: