Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԲԱՑՎԱԾ Է

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"2007 թվականի աշնանը ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպպ Բլատերն ու Միշել Պլատինին երկօրյա համատեղ այցով Հայաստանում էին: Այն ժամանակ բազմաթիվ օրակարգային հանդիպումների շրջանակներում համաշխարհային ու եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարները հոկտեմբերի 16-ին մասնակցեցին Երեւանի Ավան թաղամասում ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի եւ մանկապատանեկան սպորտային գիշերօթիկ դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դրանից երեք տարի էլ դեռ չանցած՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Պլատինին կրկին Երեւանում է, ու կրկին այցի հիմնասյունը հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնն է:
Երեկ, սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, երբ բոլոր դպրոցները դռները բացեցին երեխաների ու պատանիների առջեւ, պաշտոնապես բացվեց երեք տարի առաջ հիմնադրված ֆուտբոլի ակադեմիան: «3 տարի առաջ ՖԻՖԱ-ի նախագահի հետ հայաստանյան այցի ընթացքում մենք միասին կատարել էինք գոլային փոխանցումը, որին անպայման պիտի գոլը հաջորդեր: Եվ այսօր մենք տեսնում ենք այդ գոլը: Ճիշտ է, սա Իռլանդիայի հավաքականի դարպասին խփված գնդակ չէ, սակայն այս գոլը հնարավորություն կտա բազմաթիվ երեխաների իրականացնել իրենց երազանքը՝ խաղալ ֆուտբոլ: Իմ դերը՝ որպես ՈւԵՖԱ-ի նախագահի, Եվրոպայում ազգային ասոցիացիաներին աջակցելն է, ՀՖՖ նախագահի դերը՝ բոլոր երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալը»,- այսպես ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ողջունեց Հայաստանի հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցող հյուրերին: Իսկ արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քաղաքական ու ֆուտբոլային էլիտան: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքին ի պատասխան՝ «Պատվո շքանշանով» պարգեւատրեց Պլատինիին. «Մենք ձեզ պարգեւատրում ենք այն բանի համար, որ մեզ շատ լավ փոխանցումներ եք կատարում եւ, վստահ եմ, շարունակելու եք կատարել»,- նշեց ՀՀ նախագահը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ իր ողջույնի ու շնորհավորական խոսքում ասաց, որ վերջապես կատարվել է մեր բոլորի երազանքը: Այժմ Անդրկովկասում խոշորագույն նմանօրինակ կենտրոնը կարող է իր 13 հազար քառակուսի մետր տարածքում գտնվող 5 խաղադաշտերում, լողավազաններում եւ մարզասրահներում 1000-ից ավելի երեխաների ընդունել, ընդ որում՝ անվճար: Ըստ ՀՖՖ նախագահի, միաժամանակ այս կենտրոնում կարող են մարզվել միանգամից 5-6 թիմ՝ եւ ոչ միայն ֆուտբոլային: Ռուբեն Հայրապետյանը նաեւ ներկայացրեց Ակադեմիայի կառուցման վրա ծախսված գումարի չափաբաժինները՝ տրամադրված ՖԻՖԱ-ից, ՈւԵՖԱ-ից ու ՀՖՖ-ից: Ընդհանուր առմամբ՝ $12 միլիոն, որի 63%-ը տրամադրել է ՈւԵՖԱ-ն, 3.3%-ը՝ ՖԻՖԱ-ն, 34.4%-ը՝ ՀՖՖ-ն:
Ողջույնից եւ շնորհավորանքներից հետո պարոնայք Սերժ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը եւ Միշել Պլատինին անձամբ ծանոթացան հսկայական մարզահամալիրի ենթակառուցվածքին, շրջեցին խաղադաշտերի տարածքում, որտեղ արդեն մարզվում էին «Փյունիկ» եւ «Բանանց» ակումբների պատանի սաները: Հարկ է նշել նաեւ, որ թեեւ տեխնիկական կենտրոնի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին, սակայն դեռ օգոստոսի 30-ից Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականները հենց այնտեղ էին անցկացնում իրենց հերթական ուսումնամարզական նախապատրաստական հավաքները՝ Իռլանդիայի ու Մակեդոնիայի, ինչպես նաեւ Վրաստանի թիմերի հետ խաղերին ընդառաջ, հուսանք՝ հաղթական ելքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել