Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՆԱԿ՝ ՀՈԳԵՎՈՐՈՎ ԵՎ ՄՏՔԻ ՈՒԺՈՎ

Սեպտեմբեր 02,2010 00:00

«Շանհայ Էքսպո- 2010» միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի տնօրենի դիտարկումները

\"\"

Այս տարվա ապրիլի 30-ին կայացավ հայկական տաղավարի պաշտոնական բացումը «Շանհայ Էքսպո- 2010» միջազգային ցուցահանդեսում: Հայկական տաղավարն իր արտաքին շքեղությամբ ու բովանդակային հարստությամբ տպավորիչ էր: Հենց տաղավարի մուտքի մոտ դրված էին 40 նկարակալներ՝ «Աշխարհի քաղաք» պրոյեկտի թաղամասերի պատկերներով, որոնք նախագծել են հայ ճարտարապետները: «Աշխարհի քաղաք» եզակի նախագիծը ներկայացված էր սպիտակ մակետների տեսքով, որոնք տեղադրված էին հսկայական սեւ, կլոր, ապակե հենահարթակի վրա, որի հիմքում, վերջին LED տեխնոլոգիաների օգնությամբ, աշխատում էին վազող տողերը: Դրանք հաղորդում էին աշխարհի տարբեր կետերում ապրող մարդկանց կարծիքներ եւ առաջարկներ, որոնք կուտակվում են նախագծի քննարկման սոցիալական ցանցերում եւ տարբեր ֆորումային հարթություններում: Հզոր էկրանին Հայաստանի տեսարժան վայրերն էին՝ գեղեցիկ մեղեդիների ներքո: Բայց սա ամբողջը չէ:
«Առավոտը» զրուցեց «Շանհայ Էքպո-2010»-ի հայկական տաղավարի տնօրեն Արտաշես Հարությունյանի հետ, ով Չինաստանում բնակվում է արդեն 15 տարի: Զուգահեռներ անցկացնելով այդ երկրի ու Հայաստանի կրթահամակարգերի միջեւ, մեր զրուցակիցն ասաց, որ դրանք քիչ ընդհանրություններ ունեն: Չինաստանում կրթության վրա հսկայական միջոցներ են ծախսվում, ինչը տալիս է պտուղներ: Ավելին, այնտեղ կան կայանալու բոլոր հնարավորությունները՝ բարձրագույն կրթություն ստացած անձանց համար: Ա. Հարությունյանի խոսքով, չինական բուհեր ընդունվելու համար մեծ է մրցույթը, օրինակ՝ իր սովորած Շանհայի Ֆուդան համալսարանում 1 տեղի համար 3600 հոգի է դիմում: Ընդունվում են միայն լավագույնները, սովորելու տարիներին նրանցից էլ «զտում» են շնորհալիներին: Խոսելով Չինաստանի առանձնահատկությունների մասին, մեր զրուցակիցն ասում է, որ հնարավոր բոլոր միջոցներով այս երկիրը քարոզում է սեփական մշակույթն ու արժեքները. «Այստեղ սովորելով, դու ավելի շատ Չինաստանն ես սովորում: Սկսած մուլտերից ու ֆիլմերից, վերջացրած ամեն ինչով, մարդիկ իրենց երկիրն են քարոզում: Պետք է մեր հայ երիտասարդներին էլ անընդհատ հիշեցնել սեփական արմատների ու մշակույթի, հայկական ամեն ինչը արժեւորելու մասին»: Ա. Հարությունյանը փաստում է, որ Չինաստանում պետությունն ամեն ինչ անում է, որ անհատը, կազմակերպությունը, կառույցը հզորանա, շատ փող աշխատի ու շատ հարկեր վճարի պետությանը. «Այնտեղ հարկերով չեն խեղդում: Պետական ատյանները, սկսած հարկային մարմիններից, ոչ թե վախենալու ինստանցիաներ են, այլ օգնող կառույցներ: Կա նաեւ առողջ մրցակցություն, որը ստիպում է մարդկանց արագ հաղթահարել բոլոր խոչընդոտները»:
Ա. Հարությունյանը փաստում է, որ Չինաստանում Հայաստանի մասին առանձնապես տեղեկացված չեն եղել: 1990-ականներից հետո, այնուամենայնիվ, սկսել են խոսել մեր երկրի մասին: Նրա փոխանցմամբ. «Հիմա Հայաստանը ճանաչում են օլիմպիական խաղերին հայերի ցուցաբերած փայլուն արդյունքներից ու Շանհայի էքսպոյից հետո»: Իսկ ընդհանրապես, հայկական ներկայությունը զգալի է դարձել Չինաստանում 1920-ականներից: Շանհայում ճանաչված է Վիկտոր Սասուն անունով հայ հրեա քանդակագործ-ճարտարապետ, որի աշխատանքները հարգում են այդ քաղաքում:
Դառնալով հայկական տաղավարին, տնօրենն ասում է. «Ըստ մեր տաղավարի, Հայաստանը չինացիների համար հոգեւոր ու մշակութային գանձեր ունեցող երկիր է: Փառք ու պատիվ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են տաղավարի վրա»: Նրա պատմելով, տարածքով մեծ շատ երկրներ, ծախսելով հսկայական գումարներ, այնպիսի արդյունք չեն ունեցել, ինչպես հայերը. «Մեր տաղավարի մոտ հերթը 15 մետրից պակաս չի եղել, էքսպոյի մենեջմենտը մեր ձեռքը կրակն էր ընկել, հայկական տաղավարի հերթը մեկ-մեկ գնում-խառնվում էր, օրինակ, Լեհաստանի տաղավարի հերթին, որը մեզանից մի 100 մետր հեռու էր: Եղել է օր, որ 20000 այցելու ենք ունեցել: Մեր տաղավարը միշտ հետաքրքիր էր ու գրավիչ, դա նաեւ ՀՀ վարչապետի խորհրդական Ռուբեն Շատվորյանի բծախնդրության արդյունքն էր»:
Այսօրվա Հայաստանը ինչո՞վ կարող է հետաքրքրել Չինաստանին: Ա. Հարությունյանն ասում է՝ նախեւառաջ տուրիզմի հնարավորություններով, մանավանդ՝ Չինաստանում ընդունված է առողջ տուրիզմը, իսկ Հայաստանը էկոլոգիական առումով ավելի բարվոք վիճակում է, քան եվրոպական շատ երկրներ: «Չինաստանում գնահատում են նաեւ բարձրակարգ արվեստը, հին մշակույթ ունեցող երկրներին ու ժողովուրդներին հավասար աթոռի վրա են դնում»,- նշում է զրուցակիցս: Նա պատմեց նաեւ իրենց կազմակերպած ծիրանի երեկոյի մասին. ծիրանի «պրիզմայով» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ծիրանի ծառը, ծիրանափողը, ծիրանագույնի խորհուրդը եւ այլն: «Մեր տաղավար անվանի մարդիկ են այցելել ու շշմած հեռացել: Զարմացած էին, ասում էին՝ այս ինչ ժողովուրդ եք, ինչ ստեղծել եք՝ միայն ձերը չէ, այլ ողջ մարդկությանը: Օրինակ, Էքսպոյի փոխնախագահը 2 կմ ոտքով քայլել է, որ հատուկ մեր տաղավարը գա: Մարդիկ գիտակցում են, որ աշխարհը փոխվել է, եւ ամեն ինչ չէ, որ ֆինանսներն են որոշում, հիմա հոգեւոր հարստությամբ ու այլ արժեքներով պիտի մրցունակ լինել»: Ա. Հարությունյանը նաեւ առանձնացրեց Չինաստանում սովորող հայ ուսանողներին, որոնք ամեն օր մինչեւ գիշերվա 2-ը աշխատել են, թարգմանել հյուրերի համար: Նրա ասելով, ընդհանրապես հայկական փոքրիկ համայնքն այնտեղ շաղկապված է, ունի իր յուրօրինակ ցանցը, որը օգտակար է լինում նաեւ Չինաստանում բիզնեսում ձախողած հայաստանցիներին: Սեպտեմբերի 21-ին էլ հայկական տաղավարում կտոնվի ՀՀ անկախության: «Մենք շատ ենք սպասում այդ օրվան, մեր Եռագույնն է բարձրացվելու, չեք պատկերացնի՝ նման պահերին որքան հպարտ ենք լինում»,- նշում է Ա. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել