Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՔԵԶ ԾՆԵԼ ԵՄ, ԵՍ ԷԼ ՔԵԶ ԽԵԼՔԻ ԿԲԵՐԵՄ»

Սեպտեմբեր 02,2010 00:00

Մոսկվայում եւ Պետերբուրգում ընդդիմության ավանդական բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Սահմանադրության՝ ժողովների ազատությունը երաշխավորող 31-րդ հոդվածի, օգոստոսի 31-ին եւս ավարտվել են ավելի քան հարյուր ակտիվիստների ձերբակալությամբ: Բայց, ինչպես հաղորդում է Reuters-ը, ոստիկանությունը նման դեպքերի համար սովորականից ավելի կոռեկտ է գործել եւ վարչապետ Պուտինի հավանությանն արժանացած «մահակով գլխին» մեթոդն այս անգամ չի կիրառել:
Օգոստոսի 31-ի երեկոյան, նախատեսված ակցիայի մեկնարկից դեռ շատ առաջ, ոստիկաններով եւ զինվորներով լցված ավտոբուսներն արդեն գրավել էին ե՛ւ Մոսկվայի Տրիումֆալնի հրապարակի կենտրոնը, ե՛ւ Պետերբուրգի Նեւսկի պողոտայի մի հատվածը: Ուժայիններն իրենց թվաքանակով եռակի գերազանցում էին ցուցարարներին: Ամեն ամսի 31-ին ավանդական բողոքի ակցիայի մասնակիցների թիվը Պետերբուրգում այս անգամ 200-ից ավելի չի եղել: Նրանք վանկարկել են «Ռուսաստանն առանց Պուտինի» եւ «Ռուսաստանն ազատ կլինի» կարգախոսները: Մոսկվայում ցուցարարների թիվն անցել է 300-ը: Ոստիկանությունը, սակայն, անմիջապես կասեցրել է բողոքի ցույցն ու մի քանի հարյուր մարդու, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ Բորիս Նեմցովին ու Էդուարդ Լիմոնովին, ձերբակալել է: Ձերբակալություններ են եղել նաեւ Պետերբուրգում հավաքված «Պուտինի հետ չհամաձայնողների» շրջանում: Հիշեցնենք, որ ազատ հավաքների պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիայի նախօրեին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Կոմերսանտին» տված հարցազրույցում հավանություն էր տվել «չհամաձայնողների» նկատմամբ ոստիկանության կոշտ գործողություններին՝ ընդդիմությանը խոստանալով «գանգին մահակով տալով զոդազերծել»:
Մոսկվայում տեղի ունեցած ակցիային այս անգամ մասնակցել են նաեւ Եվրախորհրդարանի չորս պատգամավորներ, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավարը: Նրանք արդեն քննադատել են ՌԴ իշխանությունների պահվածքը:
Օգոստոսի 31-ին առաջին անգամ այս ակցիաներին են միացել նաեւ արտերկրում ապաստանած ռուսաստանցիները: Լոնդոնում ՌԴ դեսպանատան առաջ «31-րդ հոդվածի» պաշտպանությանը մասնակցել են ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին, «Եվրացանց» ընկերության նախկին համասեփականատեր Եվգենի Չիչվարկինն ու խորհրդային ժամանակների հայտնի դիսիդենտ Վլադիմիր Բուկովսկին: Ակցիայի ընթացքում Բերեզովսկին պարզած է եղել Պուտինին ուղղված՝ «Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ խելքի կբերեմ» բովանդակությամբ պաստառը: Նմանատիպ ակցիա է անցկացվելու  նաեւ Նյու Յորքում՝ ՌԴ դեսպանատան եւ ՄԱԿ-ում՝ ՌԴ ներկայացուցչության առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել