Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսաստանցիներին, որոնք առանց Թբիլիսիին տեղյակ պահելու եղել են Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում, խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց՝ խուսափելու համար այդ երկրում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարից:
ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այդ մասին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ նկատի ունենալով օրերս Վրաստանի իշխանությունների տարածած համապատասխան հայտարարությունը: «Իսկապես, այն օտարերկրացիները, որոնք այցելել են Աբխազիա եւ Հարավային Օսեթիա, Վրաստանում հայտնվելու դեպքում կենթարկվեն քրեական հետապնդման՝ խոշոր դրամական տուգանքների եւ բանտարկության: Դա արվում է 2009թ.-ին ընդունված, այսպես կոչված՝ «օկուպացված» տարածքների մասին օրենքի համաձայն, որը, ի դեպ, ընդունման պահից արժանացել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ դիտողությունների: Նման քայլի նպատակը ակնհայտ է. վրացական իշխանությունները բոլոր հասանելի միջոցներով փորձում են դադարեցնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի շփումն արտաքին աշխարհի հետ»,- հայտարարել է Նեստերենկոն՝ հավելելով, թե «ռուսաստանցիները ներկայիս Վրաստանում պարբերաբար դառնում են կամայականությունների զոհ՝ անկախ այն բանից, թե երբեւէ եղե՞լ են Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ Վրաստանը խզել է իր դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ՝ այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել