Բանավեճ «Հայելի» ակումբում
Երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական միջազգային ուսումնական ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը «Հայելի» ակումբում քննարկեցին ՀՀ գիտության զարգացման ռազմավարությունն ու ապագան:
Ըստ Ա. Դավթյանի, գիտության ոլորտում թերություններ շատ կան, բայց ամեն ինչ չէ, որ վատ է: Ս. Հայրապետյանը, սակայն, այլ կարծիք ունի՝ Հայաստանը լուրջ վարկանիշային սանդղակում չի կարողանում նորմալ տեղ զբաղեցնել. «Օրինակ, աշխարհի 10 հազար համալսարանների շարքում Երեւանի պետական համալսարանը գրավում է 4826-րդ տեղը՝ ըստ վարկանիշային ցուցիչների: Սա նշանակում է՝ մեր մայր բուհը, որ այդքան մեծարում ենք, ի տարբերություն տարածաշրջանների երկրների համալսարանների, գրավում է բավականին հետին տեղ: Մեր երկրում չկա համապատասխան օրենսդրական դաշտ: Անկախության առաջին 10 տարում ավերվում էր գիտությունը՝ առանց օրենքների, իսկ 2000-ական թվականներին ընդունված կրթության ոլորտի օրենքները հետամնաց են»:
Ա. Դավթյանը գտնում է, որ գիտության ոլորտի զարգացման համար ստեղծված պայմանները բարվոք են. «Դրսում գիտության հարցը այլ մակարդակի վրա է դրված. համալսարանի կառուցվածքն է տարբեր, ընդհուպ՝ համալսարանի նախագահը բնակվում է համալսարանում: Նրանց ֆինանսներն ավելի մեծ են մերի համեմատությամբ: Այս պարագայում ինչ-ինչ եզրակացությունների հանգել, ցուցանիշներ որոշել ու համեմատել՝ սխալ է: Մյուս կողմից էլ, դա չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք եւ չեմ կարծում, որ օրենսդրական բազա չկա: Կան բոլոր այն հիմնական օրենքները, որոնք պետք է կարգավորեն ոչ միայն կրթական, այլեւ գիտության համակարգը»:
Ա. Դավթյանը ավելացրեց, որ այժմ ԱԺ համապատասխան հանձնաժողովում է գտնվում ԳԱԱ-ի մասին օրենքը: Պատգամավորը խորհուրդ տվեց Սիներիկ Հայրապետյանին՝ օրենքի քննարկման ժամանակ առաջարկներով եւ կարծիքներով հանդես գալ: Ինքն էլ որպես հանձնաժողովի նախագահ՝ լրջությամբ կհետեւի տեսակետներին:
Ս. Հայրապետյանը Ա. Դավթյանին դիտողություն արեց, որ նա լավ չի պատկերացնում ոլորտի իրավիճակը. «Օրինակ՝ ասացեք, ի՞նչ նպատակ ունի այս րոպեին ակադեմիկոսների հսկա ինստիտուտը, որը գիտության հետ ոչ մի առնչություն չունի: Փորձե՞լ եք ուսումնասիրել, թե վերջին 5 տարում Հայաստանը միջազգային ասպարեզում ո՞ւմ կողմից է ներկայացվում՝ ակադեմիկոսների՞, թե՞ ոչ ակադեմիկոսների, որոնք 57-60000 դրամ են ստանում: Ունենք շատ գիտնականներ, որոնք թողել ու գնացել են այս երկրից: Նախ պետք է պետականորեն որոշվի՝ գիտության, աշխատողի եւ գիտական հիմնարկի ակտիվությունն ի՞նչ սանդղակի վրա է: Ներկայիս գիտությունների ակադեմիան պետք է լուծարել եւ նրա տեղը նորը ստեղծել՝ նոր մոտեցումներով: ԳԱԱ-ն դարձել է չինովնիկների հավաքատեղի՝ ամեն չինովնիկ մտածում է՝ ախ, ինչ լավ կլինի, եթե դառնամ ակադեմիկոս ու ձրի փողեր ստանամ մինչեւ կյանքիս վերջը»: