Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այցելեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց
Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այցելեց ԵՊՀ-ին կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոց: Քաղաքապետը Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է, եւ այստեղ նրա ներկայությունը, ինչպես հայտարարեցին դպրոցում, տանտիրոջ իրավունքով է: Շնորհավորելով Գիտելիքի եւ դպրության օրը, քաղաքապետը նշեց. «Սեպտեմբերի 1-ը իսկապես ամենակարեւոր տոներից է, քանի որ մեր երեխաների ապագան կապում ենք դպրոցի հետ, որի գլխավոր խորհրդանիշը բոլոր ժամանակներում յուրաքանչյուրիս համար եղել է սեպտեմբերի 1-ը: Ամեն անգամ Երեւանի քաղաքապետարանում ես մեծ հպարտությամբ եմ ընդունում եւ պատվոգրեր հանձնում օլիմպիադաներում հաղթած երեխաներին: Շնորհավորում եմ նաեւ ուսուցիչներին եւ մաղթում, որ նրանք ձեւավորեն պետության եւ պետականության արժեքը գնահատող քաղաքացիներ»:
Սահմանված նոր կարգի համաձայն, դպրոցի մանկավարժները երդվեցին, որից հետո սկվեց առաջին դասը, որին մասնակցեց նաեւ Գագիկ Բեգլարյանը: Քանի որ այս դպրոցի սաներին հատուկ է տրամաբանական մտածողությունը, քաղաքապետի առաջարկությամբ տեղում տրամաբանական խնդիրների վիկտորինա կազմակերպվեց՝ խնդիրներն առաջադրեցին աշակերտները, լուծումներին ակտիվ մասնակցեց քաղաքապետը: Ա. Շահինյանի անվան դպրոցն այս տարի տոնում է հիմնադրման 45-ամյակը: Այստեղ սովորում են 7-12-րդ դասարանների աշակերտներ: Անկախ կրթական բարեփոխումներից, դպրոցում տարիներ շարունակ կիրառվել է ավագ դպրոցի մոդելը: Անցյալ տարի ֆիզմաթցիները հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ են ցուցաբերել: Քաղաքապետը հարազատ դպրոց դատարկաձեռն չէր եկել, նա դպրոցին մագնիսական շախմատ-գրատախտակներ նվիրեց: Իր դպրոցական տարիների սեպտեմբերի 1-ի մասին լրագրողների հարցերին Գագիկ Բեգլարյանը պատասխանեց հաճույքով. «Մենք դպրոց էինք գալիս ոչ միայն ծնողների, այլեւ տատիկ-պապիկների հետ, դպրոցում մեծ տոնախմբություն էր լինում, այժմյան շքեղությունները, իհարկե, չկային… Իմ առաջին սեպտեմբերի 1-ը ինձ համար հեքիաթային օր էր: Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ բոլորս դպրոց ենք մտել առանց հասկանալու, թե ինչո՞ւ ենք ուրախ եւ ո՞ւր ենք եկել: Հետո արդեն տարիներ անց հասկանում ենք, որ առաջին դասարանից է սկսվում կյանքի դպրոցը, դա առաջին կարեւոր քայլն է դեպի մեծ կյանք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ աշակերտ է եղել Գագիկ Բեգլարյանը: «Վատ աշակերտ չեմ եղել»,- ասաց քաղաքապետը: Լրացնելով նրան, Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը շարունակեց. «Քաղաքապետն ուղղակի համեստություն է անում, դպրոցում սովորելու տարիներին նա կազմակերպիչ էր, լիդեր, ղեկավարելու կարողությունը նրա մեջ այն ժամանակ էլ հստակ զգացվում էր: Որպես աշակերտ, ինչու չէ, դասերից էլ է փախել, մասնակցել է նաեւ օլիմպիադաների, շատ լավ սովորող էր, նաեւ աշխույժ»: