ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի մտահոգությունները
Գիտելիքի օրվա կապակցությամբ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ հանրակրթության ոլորտում գոյություն ունեցող որոշ խնդիրների: Նրա համոզմամբ, իշխանությունը պարտավոր է ապահովել ուսուցչի բեղուն աշխատանքը, այլ ոչ թե այնպիսի վիճակների մեջ դնի նրան, որ նրանք ամեն քայլափոխի երդմնազանց լինեն եւ զզվեն իրենցից: Այս ամենը ԱԺ պատգամավորը գործնականում իրականանալի է համարում, սակայն նաեւ ընդունում, որ իրականությունը դեռ հեռու է այդպիսին լինելուց: Ա. Բախշյանը նկատեց. «Այնքան ենք ուշացնում օրենքից բխող կարգերը, որ օրենքի քննարկման եւ ընդունման ժամանակ հասունացած բարենպաստ մթնոլորտը սառչում է: Ընդունված կարգերն էլ երբեմն օրենքից չեն բխում: Օրինակ՝ հուլիսի 15-ին կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունը, որի 46-րդ հոդվածի 2-րդ կետը հակասում է «Հանրակրթության մասին» օրենքին: Դրա 10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ դպրոցի կառավարման խորհուրդն է ընտրում տնօրեն եւ հիմնադրի անունից նրա հետ 5 տարի ժամկետով կնքում աշխատանքային պայմանագիր: Այնինչ, կանոնադրության համաձայն՝ խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու լիազորությունը տրվել է մարզպետին: Փաստորեն, օրենքում ամրագրում ենք նորմ, որը բխում է ՀՀ կրթության բնագավառի բարեփոխումների ծրագրից: Բայց այնքան ուժեղ է կառավարման իներցիոն համակարգը, որ ոչ մի կերպ չենք կարողանում առաջ գնալ: Խանգարում է այն, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիր մարզպետն է կնքում, չնայած այնտեղ երկու տեսակետն էլ կա: Ինձ պատասխանում են, որ եթե նույն իրավական մարմնի կողմից հաստատված երկու օրենք կա, որոնց մեջ կա հակասություն, գործում է հինը:
Բոլոր օրենքներում մարզպետին տրված է դպրոցահասակ երեխաների հաշվառման իրավասություն, որը պարզապես չեն կատարում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կրթությունից դուրս մնացող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Այս տարվա վիճակագրությամբ՝ 5500 երեխա կրթությունից դուրս է մնացել: Իսկ մարզպետն այսօր ուզում է դպրոցի ամեն ինչին խառնվել՝ չկատարելով սակայն իր պարտականությունները: Ուզում են նույնիսկ դպրոցի հավաքարարին իրենց հանձնարարությամբ ընդունել: Այսինքն՝ դպրոցները մարզպետների համար դարձել են աշխատանքի բորսաներ, որ մարդկանց լավություն անեն, աշխատանքի ընդունեն, դրանով տնօրեններին պարտավորեցնեն, կառավարելի դարձնեն, իրենց բուռը հավաքեն եւ ընտրությունների ժամանակ այդ ռեսուրսն օգտագործեն վերարտադրելու համար իրենց իշխանությունը»:
Տիկին Բախշյանն անդրադարձավ նաեւ ավագ դպրոցների ուսումնական պլաններին. «Ավագ դպրոցում ուսումնական պլանի 30 տոկոսը պետք է ապահովի պետական բաղադրիչը: Դրանք պետական պարտադիր առարկաներն են: 70 տոկոսը հոսքին համապատասխան պիտի ընտրի դպրոցը: Սակայն ուսումնական պլանները չեն համապատասխանում այս պահանջներին ոչ ավագ, ոչ հիմնական դպրոցներում: Օրինակ՝ հումանիտար հոսքում բնագիտական ընդհանուր առարկաներին՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ըստ ուսումնական պլանի հատկացված է 5 ժամ եւ մրցույթով այս ուստարվա համար ոչ մի դասագիրք չանցավ: Այսինքն՝ ավագ դպրոցի հումանիտար հոսքի բնագիտական 4 առարկաներին տրված 5 ժամը հաստատ արդյունավետ չի ծախսվելու: Ինչո՞ւ է պետք հումանիտար հոսքում 5 ժամ հատկացնել բնագիտական առարկաներին, երբ կարելի է 4 առարկաներից մեկ ինտեգրված չափորոշիչ, ծրագիր եւ դասագիրք գրել, որին շաբաթական երկու ժամ տրվի: Դրա համար պարզապես պետք է համապատասխան մասնագետներն առաջնորդվեն կրթությունը պետական քաղաքականության տառին ու ոգուն համապատասխան կազմակերպելու ձգտումով, այլ ոչ անձնական շահերով: Մասնավորապես, հիշեն, որ ավագ դպրոցի հիմնական խնդիրը աշակերտին նախամասնագիտական կրթություն տալն է, որն իրականացվելու է ուսպլանում ընտրովի առարկաների առկայությամբ, ինչն այսօրվա ուսումնական պլանով չի ապահովվում: Այս առիթով ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահին նամակ եմ գրել, որ օրենսդիրի մակարդակով քննարկենք եւ հասկանանք խնդիրը»: Տիկին Բախշյանը խոսեց նաեւ կրթական լրացուցիչ ծառայությունների մատուցման մասին. «Գիտենք, որ երեխաներն ունեն տարբեր հնարավորություններ ու կարողություններ: Եվ եթե նրանց կրթական կարիքը դասերի ժամանակ չի բավարարվում, ու ծնողը պատրաստ է դրա համար վճարել, ապա դպրոցը պարտավոր է այդ ծառայությունը մատուցել: Այնինչ, վերադասի կողմից, ովքեր իրենց դպրոցի տերն ու տիրականն են համարում, դպրոցներին զգուշացվում է՝ չփորձեք փող հավաքել լրացուցիչ կրթություն իրականացնելու համար, այն դեպքում, երբ լրացուցիչ կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է որպես հանրակրթական ծրագրերի անբաժանելի մաս եւ վճարովի է, բայց քանի որ դեռեւս չկա համապատասխան կարգը, որոշ դպրոցի տնօրեններ խուսափում են իրականացնել լրացուցիչ կրթություն՝ գլխացավանքից խուսափելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ ԿԳՆ-ն որքան հնարավոր է արագ հաստատի լրացուցիչ կրթությունը դպրոցներում կազմակերպելու կարգը»: